Հայ-թուրքական պատվիրակությունները «ճաշել են Հայաստանի տարածքում»

2028

Հայ-թուրքական տեխնիկական պատվիրակությունները նոյեմբերի սկզբին «հանդիպել են սահմանի հայկական ու թուրքական կողմում, երկու պատվիրակություններն անգամ ճաշել են Հայաստանի տարածքում», թուրքական լրատվամիջոցներից մեկի եթերում նախօրեին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը՝ անդրադառնալով Երևանի ու Անկարայի միջև կարգավորման գործընթացին, տեղեկացնում է Ազատությունը։

«Քննարկվել են այն աշխատանքները, որոնք տարվելու են սահմանների բացման ժամանակ, կամրջի վերանորոգման, սահմանի վերահսկման, անցակետերի հետ կապված հարցեր: Այս առումով կարող ենք ասել, որ գործընթացում դրական տեղաշարժ կա»,- նշել է նա:

Որ սահմանին հանդիպել են երկու երկրների պատվիրակության ներկայացուցիչները, ո՛չ պաշտոնական Անկարան, ո՛չ էլ Երևանը առանձին հաղորդագրությամբ չէին տեղեկացրել։ Ավելի վաղ Երևանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանն էր «Ազատությանը» հայտնել, որ հանդիպումը կայացել է նոյեմբերի 1-ին: Իշխող ուժի ներկայացուցիչը հաստատել էր՝ գործնականում մեկնարկել է կոնկրետ աշխատանքը, Ռուբինյանը ևս այն դրական էր գնահատել։

«Հանդիպմանը քննարկվել է այս պայմանավորվածությունների իրագործումը և ոչ միայն, քննարկվել են ընդհանուր առմամբ Հայաստան-Թուրքիա սահմանի ապաշրջափակման հետ կապված հարցերը: Եվ այս հանդիպումները շարունակական են լինելու», – ասել էր ԱԺ փոխնախագահը։