Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը հեղինակից՝ իրանագետ և թարգմանիչ Տիգրան Դավթյանից, ստացել է հայերեն-պարսկերեն և պարսկերեն-հայերեն բառարանները:
Հայերեն-պարսկերեն բառարանը պարունակում է ժամանակակից հայերենի շուրջ 20 հազար բառ և արտահայտություն: Այն նվիրվել է հայ տպագրության 500-ամյակին և հրատարակվել 2011 թվականին:
Պարսկերեն-հայերեն բառարանը, որ հրատարակվել է 2021-ին, պարունակում է ժամանակակից պարսկերենի շուրջ 25 հազար բառ և արտահայտություն:
Պարսկերեն-հայերեն այս բառարանը, ինչպես նկատում է հեղինակը նախաբանում, հայ բառարանագրության պարսկերեն-հայերեն բաժնի վեցերորդ փորձն է:
Մինչ այդ՝ պարսկերեն-հայերեն բառարաններ են հրատարակել՝
Գևորգ դպիր Տեր-Հովհաննիսյան Պալատցին 1826 թվականին, Պոլսում,
Տեր Գարեգին քահանա Կիրակոսյանը 1933-ին, Իրանում՝ Նոր Ջուղա-Թեհրան,
Վարդան Հարությունյանը 1934-ին, Թավրիզում, Իրան,
Հայդուկ Մանսուրյանը 1979-ին Թեհրանում՝ Ա հատոր, 1985-ին՝ Բ հատոր և
Գեորգի Նալբանդյանը՝ 1987-ին, Երևանում:
Բացի այդ, ինչպես գրում է Տիգրան Դավթյանը բառարանի նախաբանում, 1965-ին Երևանում Ռուբեն Աբրահամյանը հրատարակել է պահլավերեն-պարսկերեն-հայերեն-ռուսերեն-անգլերեն հնգալեզու բառարան, իսկ Վրեժ Փարսադանյանը Երևանում 2002 թ հրատարակել է պարսկերեն-դարի-հայերեն և պարսկերեն-դարի-ռուսերեն եռալեզու, իսկ Թեհրանում, 2006-ին, պարսկերեն-դարի բառարաններ:
ԱՆԻ կենտրոնը շնորհակալություն է հայտնում հեղինակին՝ Տիգրան Դավթյանին, արժեքավոր այս երկու հատորներով մեր գրադարանը համալրելու համար:












