1929թ սահմանազատումը բացառում է անկլավների գոյությունը և պաշտպանում Հայաստանի 29,800 քառ կմ տարածքը

2788

Պայմանավորվածություն կա մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր և դելիմիտացնել հայ-ադրբեջանական սահմանը, հայտնել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: ԱԽ քարտուղարի պարզաբանմամբ՝ այս երկու գործընթացները՝ դելիմիտացիան և խաղաղության պայմանագիրը, փոխկապակցվել են, որովհետև Հայաստանը մտահոգություն ունի, որ խաղաղության պայմանագրից հետո Ադրբեջանը կարող է, այսպես կոչված, չդելիմիտացված սահմանի պատրվակը օգտագործել և հարձակվել Հայաստանի վրա։ Այդ պատճառով էլ հստակեցվել է այդ հարցը:

Արմեն Գրիգորյանը նաև հայտնել էր, որ Հայաստանը սահմանազատման համար հիմք է ընդունում 1929 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած սահմանազատման գործընթացը՝ նշելով. «Ադրբեջանի հետ սահմանը դելիմիտացիայի է ենթարկվել 1929 թվականին, և, կարելի է ասել, գործընթացն ավարտվել է այդտեղ: Հիմա մնում է մենք փոխադարձ համաձայնության գանք այն որպես հիմք ընդունելու հարցում, այդպիսով ապահովագրենք Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքը և առաջ շարժվենք»:

ՀՀ ԳԱԱ ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Հայկական տարածքների բռնակցումը Թուրքիային և Խորհրդային Ադրբեջանին 1920-1930-ական թվականներին» գրքի համահեղինակ Համո Սուքիասյանը Civic.am-ի հետ զրույցում նշելել է, որ ԱԽ քարտուղարի ասածը վերաբերում է Անդրկովկասյան Դաշնության Կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահության 1929 թվականի փետրվարի 18-ի որոշման հիման վրա կատարված Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացին:

«Թեև այն այնքան էլ անաչառ սկզբունքների վրա հիմնված չի եղել (որոշ դեպքերում ի վնաս մեզ է եղել), սակայն ստորագրվել է երկու երկրների ղեկավարների կողմից, հավակնել է լինել վերջնական փաստաթուղթ։ Այն կարող է ինչ-ինչ պատճառներով (օրինակ՝ Ադրբեջանը հայտարարում է, որ անկախանալիս իրեն համարել է Ադրբեջանի Առաջին Հանրապետության իրավահաջորդ և ոչ թե Խորհրդային Ադրբեջանի) ընդունելի չլինել երկու երկրների համար, բայց դա այն փաստաթղթերից է, որն ունի իրավական ուժ և դրանից հեշտ չի լինի հրաժարվել։ Բացի դրանից՝տեսնում ենք, որ Ադրբեջանը Պրահայում վերահաստատել է իր հանձնառությունը՝ ընդունելու 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրում ամրագրված երկու երկրների տարածքային ամբողջականությունը՝ խորհրդային սահմաններով, ինչը նշանակում է՝ 1929-ի իրավական ակտերը կարող են աշխատել»,- ասել է նա։

Համո Սուքիասյանը ներկայացրել է, թե ինչ պայմաններում է տեղի ունեցել 1929 թվականի սահմանազատման գործընթացը։ Նրա պարզաբանմամբ՝ մինչև 1929 թվականի որոշումը՝ 1927 թվականի հունվարին, անդրկովկասյան հողային հանձնաժողովը սահմանային տարածքների վերաբերյալ անհիմն ու մեզ համար անբարենպաստ ակտ է մշակել, որին առարկություն է ներկայացրել, այսպես ասած՝ վետո է կիրառել Հայաստանի պատվիրակը՝ Արամայիս Երզնկյանը. «Ամբողջ խնդիրն այն է, որ դրանով ընդունվում էր Ադրբեջանի կողմից  Հայաստանի միանգամից մի քանի շրջանների տարածքներին տիրանալու պահանջները՝ ըստ էության դրանք դարձնելով սահմանային վեճի առարկա։ Մասնավորապես, Ադրբեջանը պահանջել էր հողակտորներ Վարդենիսի հարևանությամբ գտնվող Ալ լճերի արոտավայրերից՝ պատճառաբանելով, որ Աղդամում ապրող իր քոչվոր բնակիչները սովոր են այդ արոտավայրերից օգտվել։ Հաջորդը՝ Ադրբեջանը վեճի առարկա էր դարձրել Տավուշի հյուսիսարևելյան մասի որոշ անտառաշերտեր և հատկապես աղբյուրները՝ պատճառաբանելով, որ տեղի ադրբեջանական բնակչությունը ունի ջրի խիստ կարիք։ Երրորդ պահանջը ներկայիս Սյունիքի մարզի Կապանի օդանավակայանի և Մեղրիի շրջաններից ունեցած տարածքային պահանջներն էին»։

Սուքիասյանն  ասել է, որ Երզնկյանի վետոյից հետո 1927-ի որոշումը, որպես այդպիսին, իրավական ուժ չստացավ, բայց, ցավոք, այդ ժամանակ Ադրբեջանի անհիմն փաստարկները որոշ դեպքերում հաղթեցին: «Արդյունքում այդ ակտի գոյությունը հիմք դարձավ, որ Անդրկովկասի սահմանային հարցերով հանձնաժողովի հողաշինարարները հաջորդ տարի՝ 1928 թվականին, Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով սկսեն սահմանանշման աշխատանքներ կատարել, իսկ ավելի ուշ՝1929-ի փետրվարի 18-ին, Անդրդաշնության կենտգործկոմի նախագահությունը պարտադիր կատարման որոշում կայացրեց, որը երկու կողմերի համար էլ ենթակա էր կատարման: Սահմանազատման փաստաթղթերը հիմնված  էին տարածաշրջանային իրավական ուժ ունեցող քարտեզների վրա և մանրամասն ցույց են տալիս սահմանի գիծը»,- ասել է պատմաբանը: Նրա խոսքով՝այս ընթացակարգը արվեց այն բանի համար, որ երկու երկրները հնարավորություն չունենային հրաժարվելու այդ որոշումները կատարելուց։ Դրա մասին է վկայում այն, որ սահմանազատման աշխատանքները ակտիվորեն վերսկսվեցին 1929-ի ամռանը և տևեցին մինչև 1930 թվականը։

Անդրադառնալով 1980-ականների սահմանային հարցերով քննարկումներին և գործընթացի բնույթին՝ Սուքիասյանը նշել է, որ Ադրբեջանի զավթողական քայլերի պատճառով 1980-ական թվականների կեսերին վերստին առաջացել էին սահմանազատման խնդիրներ, ուստի նաև հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն ստեղծվեց: Խնդիրն այն է, որ ադրբեջանցիները 1940-ականներից մինչև 1980-ականների կեսերը մաս առ մաս զավթել էին հայկական սահմանային գյուղերի հողատարածքներ և հրաժարվում էին դուրս գալ այնպես, ինչպես հիմա են մտել մեր տարածքներ և հրաժարվում դուրս գալ. «Այն ժամանակվա Հայաստանի խորհրդային իշխանությունը ադրբեջանցիներին դուրս հանելու նպատակով առաջարկեց ստեղծել սահմանազատման հանձնաժողով, նույնիսկ 1988 թվականի հունվարին ստորագրվեց սահմանազատման ակտ, որով փոխվարչապետների մակարդակով երկկողմանի արձանագրվում էին մեր տարածքում ադրբեջանական առաջխաղացումները, բայց մեկ ամիս անց՝ 1988-ի փետրվարին, սկսվեց Արցախյան շարժումը, և այդպես էլ թղթի վրա մնացին այդ արձանագրությունները»,- եզրափակեց պատմաբանը։

Լուսանկարում՝ 1932թ Խորհրդային Հայաստանում տպագրված քարտեզ

Դիտել նաև՝