Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
Հայաստան-Թուրքիա կարգավորման համատեքստում երկուստեք կարևորվել են ուղիղ շփումներն ու բարձր մակարդակի հանդիպումները:
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը:
Շեշտվել է երկու երկրների հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը: Մասնավորապես, խոսքը վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացմանը, Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացմանը:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ:
Հենց Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի, հայ-թուրքական հարաբերությունների հարցը կլուծվի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Հայաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո։ Պատասխանելով «Ազատության» հայկական ծառայության հարցին, թե ի՞նչն է հիմա խանգարում սահմանների բացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, Ռեջեփ Էրդողանն արձագանքեց՝ սպասում են, մինչև հայ-ադրբեջանական հարաբերությունները կգան հասունության որոշակի աստիճանի։
«Մեր հատուկ ներկայացուցիչները աշխատում են, ներգրավված են նաև արտգործնախարարները։ Նրանց աշխատանքներն ամփոփելուն պես կտեսնենք՝ ինչ կարող ենք անել: Հույս ունենք, որ հարաբերությունները Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հնարավորինս շուտ բավականաչափ կջերմանան, ու խնդիրները կլուծվեն»,- ասել է նա:
«Մենք չունենք նախապայմաններ»,- պնդել է Էրդողանը, միաժամանակ մի քանի անգամ ընդգծելով՝ սպասում են, մինչև հայ-ադրբեջանական հարաբերությունները կկարգավորվեն. «Մենք միայն ակնկալում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կհասնեն: Հենց երկու երկրների միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի, նրանք հասնեն այդ մակարդակին, կարծում եմ՝ մեր կողմից որևէ խնդիր չի լինի, և մենք կբացենք սահմանները, կսկսենք բեռնափոխադրումները և օդային փոխադրումները»:
Պրահայում կայացած հանդիպումն առաջինն էր Հայաստանի ու Թուրքիայի առաջնորդների միջև անցած 13 տարում․ վերջին անգամ Աբդուլա Գյուլն ու Սերժ Սարգսյանն էին հանդիպել։












