Ազգային միացյալ կուսակցության ծրագիրը (1966). Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում

2710

Ազգային միացյալ կուսակցությունը (ԱՄԿ) հիմնադրվել է 1966 թ ապրիլի 24-ին: ԱՄԿ-ի երեք հիմնադիրներն էին Հայկազ Խաչատրյանը, Ստեփան Զատիկյանը եւ Շահեն Հարությունյանը (քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի հայրը). 1968 թվին կուսակցության հիմնադիրների ձերբակալումից եւ բանտարկությունից հետո Պարույր Հայրիկյանը դառնում է ԱՄԿ-ի ղեկավարներից: ԱՄԿ-ի շարքերում ընդգրկվել են Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանը, այսօր Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցության առաջին նախագահ Աշոտ Նավասարդյանը, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

ԱՄԿ-ի հենքով Պարույր Հայրիկյանը 1987 թվականի սեպտեմբերին հիմնեց Ազգային ինքնորոշում միավորումը (ԱԻՄ): Այն Խորհրդային Միության տարածքում բացահայտ գործող առաջին ազգային-քաղաքական-ժողովրդավարական կազմակերպությունն էր: ԱԻՄ-ը 1987-ի հոկտեմբերից հրատարակում էր «Անկախություն» շաբաթաթերթը՝ ԽՍՀՄ տարածքում առաջին այլընտրանքային քաղաքական պարբերականը: 

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

—–

Ազգային միացյալ կուսակցության ծրագիրը (1966)

ԱՄԿ-ն քաղաքական, դեմոկրատական, հասարակական կազմակերպություն է, որի անդամը պետք է լինի ամբողջ հայության գիտակից տարրը: Հայ ժողովրդի միասնականությունը, ազգային հոգեբանության եւ բնորոշ կողմերի անխախտ պահպանումը, փոխադարձ սիրո առկայությունը ներկայումս հանդիսանում է ամբողջ աշխարհի հայ տարրի հիմնական բնույթը, որի շնորհիվ այդ տառապած, հայրենիքից քշված ժողովուրդը կկարողանա հասնել իր բարի նպատակների, իղձերի իրականացմանը՝ կկարողանա վերականգնել կորցրած պետականությունը, կվերադարձնի հափշտակված, սրբապղծված Հայրենի Հողը: Եւ ամենից կարեւորն է, Հայ ապրելու իր սեփական տան մեջ, իր սուրբ հողի վրա, նորից կստեղծի այն աշխարհահռչակ դրախտը, որ հիշատակվում է Սուրբ Գրքում, քանզի նա ունի այն բոլոր առավելությունները, որով օժտված է մարդը լայն իմաստով:

1) ԱՄԿ-ն իր հասարակական, քաղաքական, գաղափարական գործունեության ընթացքում զավթողական ոչ մի նպատակ չպետք է ունենա, կուսակցության ազգային-ազատագրական գաղափարներին խորթ են միլիտարիզմը, թթու ազգայնականությունը, գերիշխանության ձգտումը (դիկտատուրա), ռասայական խտրականությունը եւ միջազգային օրենքների կոպիտ խախտումը:

2) Դրացի բոլոր ազգերի հետ ԱՄԿ-ն պետք է ձգտի բարի եւ անկեղծ եղբայրական հարաբերությունների մեջ լինել: Վիճելի բոլոր հարցերը ԱՄԿ-ն պարտավոր է լուծել խաղաղ, փոխադարձ զիջումների եւ հարգանքի միջոցով, առանց թույլ տալու մեկ ուրիշի միջամտությունը, հարգելով դրացի ազգերի սուվերենությունը եւ արժանապատվությունը:

3) Բոլոր այն ազգերը, որոնք կցանկանան ազնիվ, եղբայրական փոխհարաբերությունների մեջ մտնել Հայ ժողովրդի հետ, օգնության ձեռք կմեկնեն կամ օգնության կարիք կզգան առանց շահամոլության, ԱՄԿ-ի սրբազան պարտքն է սրտաբաց դիմավորելու եւ ողջունելու նման մարդասիրական քայլը:

4) Այն ազգը, որ վստահ լինելով իր ազգային բազմաքանակության եւ զենքի հզորության վրա, կձգտի զարտուղի ստոր ճանապարհներով, թաքնված բարեկամի դիմակի տակ, իր գերիշխանությունը տարածել, երկիրը կողոպտել եւ ստրկացնել, ԱՄԿ-ն պարտավոր է նախ դիվանագիտական միջոցներով, իմաստուն, խոհեմ, օգտագործելով մտքի ուժը, հիմնվելով միջազգային օրենքների վրա, անվեհեր խիզախությամբ եւ հաստատակամությամբ հեռացնել վտանգն իր հայրենիքից, աշխատելով վերջ դնել օրհասական պատերազմի վտանգին:

Եթե դիվանագիտական միջոցները չօգնեն խաղաղության գործին, բարիդրացիական հարաբերությունների վերականգնմանը, եւ թշնամին ավազակային ոտնձգություն կանի, հաշվի չառնելով ուրիշ ազգերի արժանապատվությունը, ԱՄԿ-ն ոտքի պետք է հանի ամբողջ ժողովրդին թշնամու դեմ: Միասնական ուժի, խիզախորեն պայքարի նվիրվածության, Հարենիքի ջերմ սիրո, նրա ազատության եւ խաղաղության համար մարտնչող ուժի դեմ բոլոր իմպերիալիստներն ազնոր կլինեն:

5) Քանի դեռ  գոյություն չունի Ազատ եւ Անկախ Հայաստան, նշանակում է՝ բացակայում է ամենակարեւոր բանը լիարժեք ազգ կամ պետություն կոչվելու համար: Հայրենասեր մարտնչող ուժի վրա ծանրանում է այդ առաջնային ու դժվարին խնդիրը:

6) ԱՄԿ-ի ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆ Է ԱԶԱՏԱԳՐԵԼ ԱԶԳԸ ՕՏԱՐ ԼԾԻՑ, ԴՈՒՐՍ ԳԱԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՍՏՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁՆԵԼ ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ՉԵԶՈՔ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ:

7) Պայքարել Միացյալ Հայկական Պետություն ստեղծելու համար, իսկ հետագայում նաեւ Կիլիկիայի Հայկական հանրապետության ստեղծման համար:

8) Հայաստանում կլինի մեկ հասարակարգ՝ ծնունդ կյանքի օրենքների, ապրելակերպի, ազնիվ աշխատանքի եւ ջերմ հայրենասիրության: Այդ հասարակարգում չեն լինի հզորն ու տերը: Հայ ազգի մեջ եղած բոլոր հասարակական կողմերը, որոնք արգասիքն են ճնշման եւ բռնությունների, արագ կերպով արմատախիլ կլինեն, եթե ժողովուրդը տերն ու տնօրենը կլինի իր Հայրենիքի եւ ունեցվածքի:

9) ԱՄԿ-ն անողոք պայքար պետք է ծավալի հայ ժողովրդին կողոպտելու դեմ, նրա ողջ հարստությունը Ռուսաստան տեղափոխելու դեմ: Հայ ժողովրդի ստեղծած բարիքները, երկրի ընդերքում գտնվող հարստությունը, երկրի ամբողջ տնտեսությունը մեկ տնօրեն պետք է ունենա՝ Հայ ժողովուրդը:

10) Անողոք պայքար սկսել մոսկովյան գերիշխանության դեմ, կամայականությունների եւ բռնությունների դեմ, որից հեծում եւ տնքում է ամբողջ ազգը: Ազատագրել ազգը նման անմարդկային, միջազգային օրենքներով անթույլատրելի վիճակից:

11) Պահանջել Ռուսաստանից՝ խաղաղ ճանապարհով վերադարձնել Հայաստանին այն հողային տարածությունները, որ անօրինական կարգով տրվել են Ադրբեջանին եւ Վրաստանին: Միեւնույն ժամանակ ամեն կերպ պետք է խուսափել ռուսական ստոր քաղաքականությունից, որը նա գործադրում է իր ամբողջ գոյության ընթացքում, բոլոր ազգերի նկատմամբ՝ հեռու թե մոտիկ, այսինքն՝ չներգրավվել նրա հրահրած կեղտոտ ազգամիջյան խառնակչություններին եւ չվստահել ոչ մի բանում:

Եթե Ռուսաստանը կփորձի արդարացի պահանջների դեմ ուժ գործադրել, այն ժամանակ ԱՄԿ-ի պարտքն է գործադրել բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք հարկավոր կլինեն սանձելու բռնությունը, նման դեպքերում ԱՄԿ-ն կլինի անողոք:

12) ԱՄԿ-ն պետք է պահանջի ներկա կառավարությունից, որպեսզի վերականգնվի ազգային բանակը եւ սպառազինվի ժամանակակից առաջնակարգ զենքով, որի համար Հայաստանը մեծ հնարավորություններ ունի: Ամբողջ հայ զինվորականությունը, սկսած շարքային զինվորից մինչեւ մարշալն ու ծովակալը, պետք է վերադառնան իրենց հայրենիքը՝ Հայաստան: Պետք է վերադարձնել նաեւ բոլոր գիտնականներին, գյուտարարներին ու մասնագետներին, որոնք իրենց տաղանդով պարտական են միմիայն Հայ ժողովրդին, բայց իրենց գիտելիքները տալիս են Ռուսաստանին, իսկ հայրենիքի եւ ազգի համար ոչինչ  չեն ներկայացնում:

13) ԱՄԿ-ի նպատակն է ներկայիս Հայկական հանրապետությունը, որը կեղծ պետություն է իր խաբեբայական սիստեմով, դարձնել իսկական Արժեք պետություն, որը ոչ միայն չպետք է ենթարկվի օտարի հրամաններին եւ դուրս գա նրա ստրկատիրական գերիշխանությունից, այլեւ այդ Անկախ Հայաստանը պետք է ունենա զորք, զենք եւ դրամ (ոսկու պաշար):

14) Եթե Ռուսաստանը կցանկանա անշահախնդիր, բարեկամական հարաբերությունների մեջ մտնել Հայկական Հանրապետության հետ, Հայաստանը երբեք չի հրաժարվի անկեղծ բարեկամությունից:

15) ԱՄԿ-ի սրբազան պարտքն է իր բողոքի ձայնը բարձրացնել Հայկական դատին արդարացի լուծում տալու համար եւ եռանդուն պայքար ծավալել Արեւմտյան Հայաստանի ստեղծման համար, որպեսզի աշխարհի բոլոր կողմերից երեք միլիոնից ավելի թափառական հայեր վերադառնան իրենց հազարամյակների օրրանը, որը շատ կարեւոր դեր կխաղա խաղաղության համար Միջին Արեւելքում եւ ամբողջ աշխարհում:

ԱՄԿ-ի այս ազնիվ ձգտումներն իրականացնելու համար, կուսակցության յուրաքանչյուր անդամից պահանջվում է․

ա. ջերմ սեր դեպի հայրենիքն ու ազգը

բ. անձնազոհություն

գ. համառություն, տոկունություն, եւ խիզախություն

դ. վստահություն իր ճշմարտացիության, գիտելիքների եւ հաղթանակի վրա

ե. հավատ դեպի ընկերը եւ կուսակցությունը

Լինել խորաթափանց եւ աչալուրջ: Ինչպես Սուրբ Գրքում ամփոփված ասվում է՝ Հույս, Հավատ եւ Սեր:

ԱՄԿ-ի ծրագիրն ընդհանուր համաձայնությունից եւ հաստատումից հետո ենթակա չէ քննարկման եւ փոփոխությունների այնքան ժամանակ, մինչեւ իրադրությունների արմատական փոփոխություններ տեղի չունենան: Ծրագիրը միշտ էլ ենթակա է նույն գաղափարական նպատակներին ծառայող խնդիրների ավելացմանը:

Լուսանկարում՝ ԱՄԿ հիմնադիր Հայկազ Խաչատրյանը

Հրապարակվում է ըստ՝ Վարդան Հարությունյան, “Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում”, Երեւան, 2014