Հայաստան-Արցախ նոր երթուղին ակտիվ շահագործվում է։ «Ազատության» Սյունիքի թղթակիցը առավոտյան այդ նոր ճանապարհով հասել է Արցախ: Նրա հավաստմամբ՝ ճանապարհի անվտանգությունն ապահովում են թե՛ ռուս խաղաղապահները, թե՛ Արցախի ոստիկաններն ու փրկարարները:
«Այս պահին Արցախի Բերդաձորի ենթաշրջանի Մեծ Շեն գյուղում ենք, ճանապարհին արձանագրել եմ, որ Սյունիքի Տեղ գյուղի Կարմիր հող կոչվող տարածքում, ինչպես մինչև երթուղու փոփոխությունը, տեղակայված էին Արցախի սահմանապահ զորքերը, որոնք ստուգում էին անձնագրերը, այնուհետև մինչև Մեծ Շեն ընկած հատվածում տեղակայված է ռուս խաղաղապահների 4 անցակետ, որոնցից երեքում անձնագրերն ու մեքենաների բեռնախցիկներն էին ստուգում: Նաև ռուսական զորախմբից երկու խումբ տեղակայված է կամրջի վրա՝ սկզբում և վերջնամասում: Այստեղ ճանապարհը նորմալ երթևեկելի է, երթևեկությունը, կարելի է ասել, չի տուժել, ընդհանրապես ակտիվ է»,- ներկայացրել է Տիգրան Հովսեփյանը:












