Երբ Երեւանում կար ընդամենը 402 հեռախոսահամար. 1927 թվական

4597

Մոտակա անցյալում առցանց հանդիպեցի 1927-ի մի հրապարակման, որը Հայաստանի Ազգային Գրադարանի աշխատակիցները թվայնացրել էին: Փաստաթուղթը այս պահին առկա չէ գրադարանի շատ հարուստ առցանց նյութերի շարքում, սակայն առ ի հետաքրքրություն արժի այն ներկայացնել:

Կոչվում է «Ցուցակ Յերեվանի Հեռախոսային Բաժանորդների»: Ինքնին մի կողմից շատ պարզ՝ անգամ պարզունակ գրքույկ է: Մյուս կողմից արտացոլում է մոտավոր անցյալը՝ մի ժամանակ, երբ նոր երկիր, նոր կարգեր, անգամ նոր ինքնություն էր արմատավորվում, եւ նոր արհեստագիտական (տեխնոլոգիական) հնարավորություններ էին բացվում:

Մի քանի նկատառում դրանից, ուրեմն:

Նախ՝ ուղղագրությունը: Այն ինչ այսօր օգտագործվում է Հայաստանում որպես հայերենի ուղղագրական համակարգ իրականում Խորհրդային ժամանակաշրջանի երկրորդ փոփոխությունն է դասական ուղղագրությունից՝ 1940-ին: Ութսուներկուամյա այս ուղղագրաձեւից տասնութ տարի առաջ՝ 1922-ին, հայերենի Խորհրդային առաջին ուղղագրությունը ներածվեց: Ըստ դրան, հայերենից դուրս մղվեցին «է» եւ «օ» տառերը՝ փոխարենը միշտ օգտագործելով համապատասխանաբար «ե» եւ «ո»: Իսկ [ye] կամ [vo] ձայները գրելու համար անպայման պետք էին օգտագործել «յե» եւ «վո» ձեւերը: Ուստի Հայաստանի մայրաքաղաքը դարձավ «Յերեվան»:

Ցուցակը սկսվում է շատ օգտակար բաժնով՝ «Կանոններ կենտրոնական մարտկոցային ձեվի հեռախոսային ապարատներից ոգտվելու համար»: Հեռախոսը դեռ նոր երեւույթ էր: Ընթերցողը պետք է իմանար եւ հիշեր, որ կենտրոնական կայանից պատասխան պետք է գար մինչեւ՝ «խոսելով հստակ ձայնով, առանց բարձրացնելու ձայնը» մարդ կարող է պահանջել ո՛ր համարին միանալ: Այն ժամանակ հեռախոսահամարը անձը չէր հավաքում եւ միացնում. կենտրոնական կայանից մեկը՝ «հեռախոսչուհին» կամ «հերթապահուհին» պետք է կապեր:

Եւ անպայման «-ուհին»: Այս գործը՝ արդի լեզվով ասված, արդեն իսկ «գենդերացված» էր. աշխատանքը փոխկապակցված էր որոշակի սեռի ներկայացուցչությամբ: Ինչպես մինչեւ մեր օրերը, երբ «քարտուղար» բառը ավելի շատ մտածել է տալիս որեւէ աշխտասենյակում մի կնոջ, այսինքն՝ «քարտուղարուհի»: Թեեւ, կարելի է նշել, որ 1927-ին անպայման եւ այսօր էլ նույնպես, ինչո՞ւ չէ, «քարտուղար» անձը «կենտկոմ» կամ այլ «կոմ»-ի հետ կարելի է փոխկապել՝ անպայման արական սեռի ներկայացուցչությամբ:

«Կոմ»-երի պակաս չկա ցուցակում: «ԼՈՒՍԺՈՂԿՈՄ», «ՀՈՂԺՈՂԿՈՄ», «ԱՇԽՍՈՑԱՊԺՈՂԿՈՄ»… եւ մի շարք «-ԺՈՂԿՈՄԱՏ»-ներ: «ԿՈՈՊ»-ների եւ «ՏՐԵՍՏ»-երի սակավություն էլ չկա:

Համարների կողքին հասցեներ են նշված: Փողոցի անունները մեզ քիչ թե շատ ծանոթ են այսօր: Իհարկե Լենինն ու Մարքսը կան Աբովյանի եւ Նալբանդյանի կողքին: Ռաֆֆու, Շահումյանի, կամ Ռուբենի փողոցները, սակայն, կարծես հանրային հիշողության մեջ չկան այսօր. հավանաբար անվանափոխվել են կամ տեղափոխվել են քաղաքի այլ մաս: Ֆիրդուսին էլ՝ Ալլահվերդյանի պես, կմոռացվի շուտով, կարծես, թեեւ տարբեր պատճառով:

Ամերիկյան Կոնգրեսի Գրադարանի կողմից թվայնացված կարելի է գտնել Երեւանի՝ 1920 թվականի քարտեզը: Իհարկե դասական ուղղագրություն է օգտագործվում քարտեզում: (Իրականում՝ նկատի առնելով ռուսերեն եւ թուրքերեն բառերի տառադարձությունները, քարտեզագիրը հավանաբար ավելի շուտ արեւմտահայախոս է եղել:) Քաղաքը շատ տարբեր էր այն ժամանակ: Փողոցի անունները՝ այն փողոցները, որ մենք կարող ենք այսօրվա քաղաքի հատակագծին տեղավորել, մեզ համար շատ տարբեր են: Իսկ 1932-ի թվայնացված՝ Հայաստանի քարտեզը Խորհրդային առաջին ուղղագրությունն է օգտագործում: Այնտեղ մի փոքր հատված ցույց է տալիս մեզ ավելի ծանոթ Երեւանը՝ մի քանի փողոցի անուններով: Տասը-տասներկու տարվա մեջ փոփոխությունը շատ մեծ է, նույնիսկ եթե 1932-ի քարտեզը չէր ներկայացնում քաղաքը ամբողջովին ճշգրտությամբ: Եւս մեկ անգամ կարող ենք զգալ մի սերունդի եռանդը՝ նոր կյանք, նոր ինքնություն կերտելու՝ ահռելի պատերազմի, ջարդերի, աքսորի, եւ ցեղասպանությունից հետո՝ ներշնչված որոշակի գաղափարախոսությամբ եւ նյութական աջակցությամբ:

Իսկ կուզեի՞ք տեղափոխվել 1927 եւ «Թամանյան Ա.»-ին զանգահարել: Նա նշված է որպես «ակադեմիկ. ճարտ. արհեստանոցի վարիչ»: Ապրում էր Աբովյան 110-ում: Պետք է հավաքել… ավելի ճիշտ, «-ուհիներից» պետք է խնդրել թիվ 52 հեռախոսահամարին հետ կապ: «Սարյան Մ.»-ն էլ (պարզապես «նկարիչ») հասանելի էր 1-22 համարին: Նա ապրում էր Ռուբենի 55-ում:

Հետաքրքիր է, որ որեւէ եկեղեցի չէ նշված հեռախոսացանկում: Արդեն փակված էին, երեւի, կամ էլ հեռախոսի չէին արժանանում: Գուցե նաեւ հենց կղերականները հեռու էին մնում երկրային հաղորդակցության այս միջոցից:

Զարգացած էր համակարգը, նույնիսկ այս վաղ փուլին: Կար «ՄԻՋՔԱՂԱՔԱՅԻՆ» ծառայություն՝ «ՅԵՐԵՎԱՆ-ԹԻՖԼԻՍ», «ՅԵՐԵՎԱՆ-ԳԱՆՁԱԿ», եւ «ՅԵՐԵՎԱՆ-ԲԱԳՈՒ»: Կար նաեւ «ԱՐՏԱՔԱՂԱՔԱՅԻՆ» կապ՝ դեպի Քանաքեռ, Ս. Ֆոնտան, Ն. Ախտա, «ՅԵԼԵՆՈՎԿԱ», Նորագավիթ, Ղամարլու, Ղամարլու-Բ. Վեդի, «ԲԱՇԳԱՌՆԻ», եւ «ԵՋՄԻԱԾԻՆ»: Այս անունները եւ ուղղագրությունները հարյուր տարվան մեջ եւս փոխվել են: Հետաքրքիր է, որ Գանձակ էր կոչվում 1927-ին, ոչ արդեն Կիրովաբադ, եւ անշուշտ ոչ Էլիզավետպոլ:

Զանգերի համար տարբերակվող վճարներ էին գործում՝ 15-ից մինչեւ 45 կոպեկ առ երեք րոպե՝ նայած, թե ինչքան հեռու էր գնում կապը: Հատուկ պատվերների համար ավելի թանկ սակագներ կան նշված:

Ահա մի պատկեր 1927-ից: Երբ մարդ պատմության եւ պատմագրության մասին է մտածում, հաճախ այն պարունակում է պատերազմներ, արքունիքներ, հեղափոխական դեպքեր, մեծ անուններ, եւ նման թատերաբեմային խաղացողներ: Եթե ժամանակի մեքենա ունենար մարդ, հավանաբար կուզեր ականատես լինել ինչ-որ առանցքային պատմական պահի: Սակայն մարդկային պատմությունը իրականում ավելի շատ ընթացել է առօրյայով՝ սովորական մարդկանցով: Այս հեռախոսացուցակը իր ձեւի, ուրեմն, ժամանակի մեքենա է հանդիսանում՝ մեզ որոշ գաղափար հաղորդելով մեր պապերի-տատերի ապրած օրերից:

Նարեկ Սէֆէրեան

Դիտել նաև՝