«Երեքի» դեկլարացիան՝ Եղիշե Չարենց, Ազատ Վշտունի, Գեւորգ Աբով. 6 հուլիսի, 1922թ

3677

1920-ական թվականների սկզբի գրական նշանակալի պայքարի դրսեւորումներից էր «Երեքի» դեկլարացիան, որը 1922թ. հուլիսի 6-ին հռչակում են Եղիշե Չարենցը, Ազատ Վշտունին եւ Գեւորգ Աբովը։

Հռչակագրով գրողները ուրվագծում էին հայ գրականության զարգացման հիմնական ուղղությունները։ Ժամանակակից հայ գրականության նկարագիրը «Երեքի» կարծիքով մռայլ էր ու անհեռանկար, «մահվան դատապարտված մի թոքախտավոր էր»։

««Հայրենիք», «սեր անբիծ», «անապատ ու մենություն», «մթնշաղեր նրբակերտ», «մոռացում ու երազներ».- ահա մեր գրական թոքախտի մանրէները, որոնց առաջացրած պտուղներն են՝ նացիոնալիզմ, ռոմանտիզմ, պեսիմիզմ եւ սիմվոլիզմ»,- գրում էին հռչակագրի հեղինակները։

 

 

Քննադատելով հայ գրականությունը՝ Չարենցը, Վշտունին եւ Աբովն առաջարկում էին ստեղծել նորը, որը պետք է ավելի մոտ լիներ իրականությանը, աշխատավոր զանգվածներին եւ հեղափոխական շունչ տարածեր։

«Մենք պահանջում ենք.

1. Դուրս հանել բանաստեղծությունը սենյակներից դեպի փողոցներն ու մասսաները եւ գրքերից դեպի կենդանի խոսքը,

2. Արտահայտել այն, ինչ որ այժմեական է – շարժում, դասակարգային պայքար, երկաթ ու կարմիր։

Մեր օրվա լոզունգն է.

Կորչեն գրական արիստոկրատ շկոլաները, առանձնասենյակային գրողները, գրադարաններում ննջող գրքերը եւ սալոնային կանայք։

Կեցցե՜ գեղարվեստական կենդանի խոսքը, ստեղծագործող բազմությունները։

Կեցցե՜ ստեղծագործող բազմությունը իր հզոր ռիթմով։

Կեցցե՜ պրոլետարական հեղափոխությունը»։

Աղբյուրը՝ Հայկական Կարմիր, 1922. Մեդիամաքս

Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան

Դիտել նաև ԱՆԻ կենտրոնի երկու քննարկումները՝ 

«Խորհրդային Հայաստանը 1922 թվականին»

«1934-ը. Գրողների միության ստեղծումը խորհրդային հասարակարգի ամրապնդման համատեքստում»