1995-ի հուլիսի 5-ին կայացան Հայաստանի խորհրդարանական՝ Ազգային ժողովի առաջին ընտրությունները

4608

1995-ի հուլիսի 5-ին, կայացան անկախ Հայաստանի խորհրդարանական՝ Ազգային ժողովի առաջին ընտրությունները: Ձևավորվեց Հայաստանի առաջին գումարման Ազգային ժողովը (190 պատգամավոր` 150 մեծամասնական եւ 40 համամասնական ընտրակարգով):

Հայաստանի քաղաքական շրջանակներում ընդունված է ասել, որ այդ ընտրությունները կեղծվել են: ԵԱՀԿ դիտորդները այդ ընտրությունները որակեցին ազատ, բայց ոչ արդար: Այդ ընտրությունների հիմնական դերակատարներից էր ներքգործնախարար Վանո Սիրադողյանը, որի ստեղծած “Շամիրամ” կանանց միություն-կուսակցությունը համամասնական ընտրակարգով երկրորդ տեղը զբաղեցրեց իշխանական “Հանրապետություն” միավորումից հետո:

Ներքաղաքական կյանքում կարևոր դերակատարներից էր նաև պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը:

Համամասնական ընտրություններում 5 տոկոսի սահմանագիծը հաղթահարեց 5 կուսակցություն, որոնց միջեւ տեղերը բաշխվեցին հետեւյալ կերպ.

«Հանրապետություն» միավորում` 20 պատգմավոր,

«Շամիրամ»` 8,

ՀԿԿ` 6,

ԱԺՄ` 3,

ԱԻՄ` 3 պատգամավոր:

Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Բաբկեն Արարքցյանը: 1998թ. փետրվարի սկզբին Հայաստանում սկսվեց իշխանական ճգնաժամ: Նախագահը հրաժարական տվեց, որին հետեւեց Ազգային ժողովի ղեկավարության հրաժարականը: Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Խոսրով Հարությունյանը:

ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի աշխատանքներն սկսվել են 1995թ. հուլիսի 27-ին եւ ավարտվել 1999թ. հունիսի 9-ին: Գումարվել են 9 հերթական, 12 արտահերթ նստաշրջան, 64 հերթական, 14 արտահերթ եւ 2 հատուկ նիստ:

Առաջին գումարման Ազգային ժողովն ընդունել է 302 օրենք, որոնցից 144-ը` «մայր», իսկ 158-ը` փոփոխություններ ու լրացումներ գործող օրենքներում: Վավերացվել է 154 միջազգային պայմանագիր:  Ընդունվել է  658  որոշում, որոնցից 331-ը` նորմատիվային,  327-ը` արձանագրային: