Երևանի արյունոտ կիրակին․ 27 մայիս, 1990թ

3442

1990թ․ մայիսի 27-ին հայկական ջոկատների և խորհրդային զորքերի միջև Երևանի երկու տարբեր վայրերում տեղի ունեցած բախումների հետևանքով սպանվեց 24 մարդ, վիրավորվեց մի քանի տասնյակը։ Ժամանակային առումով մայիս 27-ը ընկնում է Խորհրդային Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների երկու փուլերի միջև՝ մայիս 20 և հունիս 15։

Ժամանակագրությունը և տարբեր պաշտոնյաների հայտարարությունները գուցե օգտակար լինեն՝ հասկանալու կատարված ողբերգության շարժառիթներն ու նպատակները։

Ապրիլի 6-ին Հայաստանի առաջնորդ՝ Կոմկուսի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանը, որը համարվում էր Միխայիլ Գորբաչովի հավատարիմ մարդը հանրապետությունում, հեռացավ պաշտոնից։ Նույն օրը նրան փոխարինեց Վլադիմիր Մովսիսյանը, որը Գորբաչովի հետ ուներ բարդ հարաբերություններ և համարվում էր Կարեն Դեմիրճյանի շրջապատի մարդ։ Գորբաչովը 1988-ի մայիսի 21-ին «վերակառուցման հակառակորդ» Դեմիրճյանին փոխարինել էր իր ընկեր Սուրեն Հարությունյանով։

Մովսիսյանը ապրիլի 8-ին Մոսկվայում հանդիպում է Գորբաչովի հետ։ Մովսիսյանը իր հուշերում գրում է, որ Մոսկվան փորձում էր 28 հազար զինվոր մտցնել Հայաստան, ինչին ինքը կտրականապես դեմ էր: Խորհրդային ուժային կառույցների ղեկավարները Մոսկվայում առանձնազրույցի ընթացքում շատ սուր դնում են Հայաստան զորք մտցնելու, Հայաստանում և Արցախում զենք կրողներին զինաթափելու հարցերը: Համաձայնություն է ձեռք բերվում միայն զորքեր տեղակայել Մեղրիի և Նախիջևանի տարածքում, երկաթուղու երկու կողմերում, 10 կմ խորությամբ, որպեսզի այն անխափան աշխատի:

Ապրիլի 9-ին մի խումբ հայ ցուցարարներ ներխուժում են Գերագույն խորհրդի շենք, ծեծում դրա նախագահ Հրանտ Ոսկանյանին:

Ապրիլի 13-ին հարձակում է կատարվում ՊԱԿ-ի շենքի վրա, մի քանի պատուհան կոտրելուց հետո ցուցարարները հեռանում են:

Մայիսի 20-ին տեղի են ունենում Գերագույն խորհրդի ընտրություններ, որոնցում փաստացի հաղթում են Կոմկուսին ընդդիմադիր և քննադատող ՀՀՇ-ի աջակցությունը վայելող թեկնածուները։ Ակնհայտ է դառնում, որ Խորհրդային Հայաստանում 70 տարի կառավարելուց հետո Հայկոմկուսը պարտվում է ընտրությունների ճանապարհով, և իշխանության է գալիս ընդդիմությունը։

Մայիսի 27-ի առավոտյան Երևանի երկաթուղային կայարանում զինված մի ջոկատի և երկաթուղու զինվորական պահակախմբի միջև ընդհարման ընթացքում սպանվում է 6 քաղաքացի, վիրավորվում 10 զինվոր: Ըստ պաշտոնական՝ Կոմկուսի տեսակետի` սպանվածները փորձել էին Կապան-Երևան գնացքն ուղեկցող զինվորական պահակախմբից խլել զենքը: Կայարանից հեռանալուց հետո զինվորականները շրջապատում են Էրեբունի հիվանդանոցը, որտեղ տեղափոխվել էին սպանվածների մարմինները: Նույն օրը զինված մի խումբ փորձում է փակել Նուբարաշենից Երևան տանող խճուղին: Զրահապատ մեքենաները գրոհում են դեպի Էրեբունի թաղամաս, անկանոն կրակ բացում. սպանվում է 17, վիրավորվում մի քանի տասնյակ քաղաքացի, զոհվում է նաև մեկ սպա: Մայիսի 28-ին գնդակոծվում է ՀՀՇ-ի շենքը, սպանվում է մի հայ երիտասարդ:

«Խորհրդային Հայաստան» օրաթերթը մայիսի 29-ի համարում գրել է․ «Մայիսի 27-ին Երևանում անպատասխանատու անձանց հրահրած ողբերգական իրադարձությունների հետևանքով, նախնական տվյալների համաձյան, զոհվել է 23 մարդ, այդ թվում՝ ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի մեկ սպա: Կան մեծ թվով վիրավորներ: Հայաստանի Կոմկուսի կենտկոմը Գերագույն խորհրդի նախագահությունը և Նախարարների խորհուրդը խորը ցավակցություն են հայտնում զոհվածների ընտանիքներին: Մայիսի 29-ին հանրապետությունում սուգ հայտարարել»:

«Արմենպրեսի» հետ հարցազրույցում Մովսիսյանը ասում է․ «Անպատասխանատու անձանց հրահրած զինված բախումը հանգեցրեց նոր զոհերի… Իրավիճակի վատթարացումը պայմանավորված է մի շարք գործոններով: Ժողովրդավարացման ծնած ժողովրդական շարժումը մասնատվեց՝ ծնունդ տալով տարանջատված ուժերի, որոնք այսօր միմյանց հանդեպ անհանդուրժողական դիրք են բռնել… Այժմ գոյացել է նաև իշխանության ճգնաժամ: Անգործության են մատնված գործադիր և իրավապահ շատ մարմիններ: Օգտվելով դրանից՝ որոշ ուժեր ժողովրդական հուզումների ալիքը փորձում են ուղղել հակապետական, հակաազգային սադրանքների հունը: Վերջին երկու ամսվա ընթացքում անօրինականությունները և մայիսի 27-ի ողբերգական իրադարձությունները դրա վկայությունն են»։

Շարժման և ՀՀՇ առաջնորդներից Աշոտ Մանուչարյանը համոզված է` մայիսի 27-ը Մոսկվայի սադրանքն էր. «Այդ դեպքերն սկսվեցին կայարանում և շարունակվեցին Նուբարաշենում: Հարյուրավոր անգամներ նման դեպքեր եղել էին. այսինքն` մեր ազատամարտիկները պայմանավորվում էին ռուս զինվորականների հետ, հարձակման իմիտացիա էին ստեղծում և զենքը վերցնում, ըստ էության` այդ զենքը գնվում էր: Բայց պետք էր հարձակում ներկայացնել, որպեսզի ռուս զինվորականությունը պատասխանատվության չենթարկվեր: Մեկ էլ հանկարծ 101-րդ անգամ կրակում են: Սա կարելի էր թյուրիմացություն համարել, եթե շարունակությունը չլիներ Նուբարաշենում: Շարժման գրասենյակում հավաքվեցին ջոկատների հրամանատարները, և բոլորին խնդրեցինք` ոչ մի դեպքում չգնալ սադրանքների»։

«Մոսկվայի ոճրագործ սադրանքը» վերնագրով հոդվածում Լևոն Տեր-Պետրոսյանը տեղի ունեցած ողբերգական դեպքերը կապում էր մայիսի 20-ի Հայաստանի Գերագույն խորհրդի ընտրությունների արդյունքների հետ: Մայիսի 22-23-ը Հայաստանի ղեկավարությունը` Մովսիսյան, Ոսկանյան, Մարգարյանց, կանչվում է Մոսկվա, իսկ մայիսի 26-ին Երևան են ժամանում ԽՍՀՄ ներքգործնախարարի տեղակալ Շիլովը, ներքին զորքերի հրամանատար Շատալինը, ՊԱԿ-ից` Լուկինը: Մի կողմից ՀՀՇ-ի, մյուս կողմից` Մոսկվայից ժամանած պաշտոնյաների ու Հայաստանի ղեկավարության միջև հանդիպումներից պարզվում է, թե իբր ահազանգ է ստացել, որ մայիսի 27-28-ին Երևանում տեղի են ունենալու զանգվածային անկարգություններ. փորձ է արվելու տապալել Լենինի արձանը, կազմակերպել անկախության օրվան նվիրված աշխարհազորային շքերթ, գրավել կառավարական շենքը:

«Կենտրոնը և տեղական մաֆիան արեցին ամեն ինչ` թույլ չտալու, որ իշխանության գան ժողովրդական ուժերը: Դիմեցին ահաբեկումների, վարկաբեկիչ հոդվածների, նույնիսկ` արյունահեղության, որի գագաթնակետը դարձավ մայիսի 27-ի արյունոտ սադրանքը, որին զոհ գնաց 24 հայ երիտասարդ: Ընտրությունների առաջին փուլը տեղի էր ունեցել, և իշխանությունները համոզվել էին, որ եթե չդիմեն վճռական քայլերի, նրանք անխուսափելիորեն պետք է պարտություն կրեն: Հայ ժողովուրդը կարողացավ խուսափել ավելի ծանր արյունահեղությունից և փաստորեն վիժեցնել Մոսկվայի և տեղական մաֆիայի վերջին սադրանքը` ուղղված ժողովրդական շարժման դեմ»,- ասել է Տեր-Պետրոսյանը։

Ողբերգական այս դեպքերի հետ, թվում է, առնչություն ունի նաև Հայ ազգային բանակ՝ ՀԱԲ ռազմականացված միավորումը։ Նրա ղեկավարներից Վարդան Վարդանյանը մայիսի 27-ի դեպքերի մասին ասել է. «Ապրիլին լուր ստացանք, որ ՊԱԿ-ը նախապատրաստում է ՀԱԲ-ի և ՀՀՇ-ի բախումը: Մի քանի անգամ Մոսկվայից եկան զանազան պաշտոնյաներ, եկավ գեներալ-մայոր Շատալինը: Նրանց նպատակը ՀԱԲ-ի  կամավոր զինաթափումն էր: Շատալինը համոզվեց, որ զինաթափվելու մտադրություն չունենք: Որոշեցին գործի դնել ՊԱԿ-ի զենքը` իրար դեմ հանել հռչակված ՀՀՇ-ն և նույնքան հռչակված ՀԱԲ-ը: ՀՀՇ-ն նպատակ էր դրել խայտառակել կոմկուսին, նաև ՀԱԲ-ին, որին համարում էր կոմկուսի դրածո: ՀՀՇ-ն մեղադրում էր ՀԱԲ-ին, թե իբր նրա ջոկատն է հարձակվել Կապանի գնացքն ուղեկցող ռուս զինվորների վրա»։

Ուշագրավ են ողբերգությանը հաջորդած մի քանի դեպքեր ու իրադարձություններ։ Գորբաչովը 1990թ. հուլիսի 25-ին ստորագրեց «ԽՍՀՄ օրենսդրությամբ չնախատեսված սպառազեն կազմավորումների ստեղծումն արգելելու և անօրինական զենք պահելու դեպքում այն առգրավելու» հրամանագիրը: ԽՍՀՄ տարածքում ստեղծված սպառազեն կազմավորումները, որոնք նախատեսված չէին օրենսդրությամբ, համարվում էին անօրինական և ենթակա ցրման 15-օրյա ժամկետում, իսկ նրանց զենքը պետք է հանձնվեին ներքգործնախարարություններին: Ակնհայտ է, որ Գորբաչովի այս հրամանագիրը առաջին հերթին վերաբերում էր Խորհրդային Հայաստանին և նրա տարածքում գործող զինված խմբավորումներին ու նախ և առաջ՝ ՀԱԲ-ին։

Հրամանագրի կատարման հետ կապված Գորբաչովը հուլիսի 30-ին հատուկ դիմում հղեց Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ին` խնդրելով օգտագործել իր ամբողջ «մեծ հեղինակությունը, հարուստ կենսափորձն ու մարդասիրության բարձրագույն զգացումը»` կանխելու արյունահեղությունն ու ազգամիջյան բախումներն Անդրկովկասում:

Տեր-Պետրոսյանի խոսքերով՝ Հայաստանի Գերագույն խորհրդի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները ցույց էին տվել, որ կոմունիզմի ուրվականը պետք է հրաժեշտ տա Հայաստանին:

ՀՀՇ-ն և Կրեմլը ակնհայտորեն ունեին հակասություններ, սակայն Գորբաչովի հուլիսի 25-ի հրամանագիրն անուղղակիորեն բխում էր ՀՀՇ-ի շահերից, քանի որ շարժումն ընտրություններում փաստացի հաղթել էր, նրա իշխանության գալը միայն ժամանակի խնդիր էր, և նրան միակ անհանգստացնող, խոչընդոտող ուժը հենց ՀԱԲ-ն էր:

«Եթե կոմունիստական իշխանությունը շարունակվեր ևս մեկ-երկու ամիս, մենք չէինք կարողանա խուսափել քաղաքացիական պատերազմից, որովհետև հին իշխանությունները չէին վայելում ժողովրդի վստահությունը: Ոստիկանությունը, ՊԱԿ-ը անգործության էին մատնված, կազմալուծված էին, կորցրել էին իրենց հեղինակությունը, և դրանցով հնարավոր չէր պայքարել ավազակախմբերի դեմ: Դրանց դեմ կարող էր պայքարել աշխարհազորի առողջ ուժը` երկրապահ ջոկատները, որոնք ընդունում էին ՀՀՇ կարգախոսը: 15 օրվա ընթացքում Խորհրդային Միությունում զինված բոլոր ջոկատները պետք է ցրվեին, և զենքը վերադարձվեր: Դա առաջին հերթին վերաբերում էր Հայաստանին: Մեզ հաջողվեց Մոսկվային համոզել և աշխարհին ապացուցել, որ ի վիճակի ենք այդ զինված ջոկատների հարցը լուծելու սեփական ուժերով` թույլ չտալով խորհրդային բանակի և նրա ներքին զորքերի միջամտությունը»,- ասել է Տեր-Պետրոսյանը Լոս Անջելեսում հայերի հետ հանդիպման ընթացքում՝ 1990-ի սեպտեմբերին, երբ արդեն ընտրվել էր խորհրդարանի նախագահ և դարձել Խորհրդային Հայաստանի առաջին ոչ կոմունիստ առաջնորդը 70 տարիների ընթացքում:

Ավելի քան 30 տարի է անցել այն օրից, երբ 1990-ի մայիսի 27-ին Երևանում խորհրդային զորքերի կրակից սպանվեցին 24 հայեր։ Ողբերգական այդ դեպքերի մասին, սակայն, մինչև այսօր չկա համապարփակ վերլուծություն, աշխատություն կամ վավերագրական ֆիլմ, որոնք կարող էին պատասխան տալ բազմաթիվ հարցերի և առաջին հերթին, թե ինչքանով են Խորհրդային Հայաստանի Կոմկուսն ու Երևանի քաղաքապետը պատասախանատու այդ ոճրագործության համար։

Թաթուլ Հակոբյան

ԱԼԻՔ ՄԵԴԻԱ

Լուսանկարում՝ Վազգեն Սարգսյանը և Աշոտ Նավասարդյանը փորձում են կանխել արյունահեղությունը, լուսանկարը՝ Զավեն Խաչիկյանի