Մհեր Գրիգորյան – Շահին Մուստաֆաև հանդիպում Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին

607

Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին մայիսի 24-ին տեղի է ունեցել երկու երկրների փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով, հաղորդում է ՀՀ արտգործնախարարությունը՝ չհստակեցնելով, թե սահմանի որ հատվածում է կայացել հանդիպումը:

Փոխվարչապետերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` հանձնաժողովների շրջանակներում աշխատանքներ տանելու սահմանազատման և այլ համապատասխան հարցերի, այդ թվում՝ սահմանային անվտանգության ապահովման հարցերի շուրջ։ Գրիգորյանն ու Մուստաֆաևը համաձայնության են եկել հանձնաժողովների հետագա հանդիպումների անցկացման համար տարբեր հարթակներ օգտագործելու նպատակահարմարության շուրջ։ Մասնավորապես՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։