Ալիևը Էրդողանի հետ խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, Երևանը հերքում է

273

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից հետո Բաքուն պնդում է՝ Հայաստանի տարածքով միջանցք բացելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: «Կողմերը պայմանավորվել են «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ՝ ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային ճանապարհների կառուցմամբ»,- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի ղեկավարի հետ հեռախոսազրույցում այսպես է մեկնաբանել Հայաստանի վարչապետի հետ բրյուսելյան պայմանավորվածություններից մեկը, հաղորդում է Ազատությունը։

Ալիևի մեկնաբանությանն արձագանքել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը՝ հայտարարելով՝ Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել։

«Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման համատեքստում պայմանավորվածությունները վերաբերվել են սահմանային, մաքսային հսկողության, ճանապարհային վճարների գանձման, միջազգային տարանցման կազմակերպման հարցերին: Սրանք կարևոր հարցեր են «Հայկական խաչմերուկ» նախագծի իրագործման համար, և Հայաստանի կառավարությունը հետևողականորեն շարժվելու է այս ուղղությամբ»,- «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է Արմեն Գրիգորյանը։

Լուսանկարում՝ Մեղրիի երկաթուղային կայարանը