Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը՝ սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների նախագահներ

644

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են արտաքին գործերի, պաշտպանության, արդարադատության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարների տեղակալները, Կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալները, միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը, ԱԱԾ դեպարտամենտի տեղակալը, ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը, ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետը:

Նախագահ Իլհամ Ալիևը ևս հրամանագիր է ստորագրել սահմանազատման պետական հանձնաժողով ստեղծելու մասին, հաղորդում է Ազատությունը։ Հանձնաժողովի նախագահ է նշանակվել փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, նրա կազմում ընդգրկվել են 22 գերատեսչությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Նախիջևանի փոխվարչապետը, արտաքին գործերի փոխնախարարը, ներքին գործերի փոխնախարարը, բնապահպանության և բնական պաշարների փոխնախարարը, արդարադատության փոխնախարարը, գյուղատնտեսության փոխնախարարը, պաշտպանության փոխնախարարը, պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալը, պետական սահմանապահ ծառայության պետի տեղակալը, արտաքին հետախուզության պետի տեղակալը, ինչպես նաև Ղազախի, Աղստւի, Թովուզի, Գետաբեկի, Դաշքեսանի, Քելբաջարի, Լաչինի, Ղուբաթլուի ու Զանգելանի շրջանների ղեկավարները։

Ազատությունը հիշեցնում է, որ Բրյուսելում մայիսի 22-ին կայացել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը: Ավելի քան 5 ժամ շարունակված բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, թե Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են առաջիկա օրերին սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը անցկացնել, համաձայնել են բացել հաղորդակցության ուղիները, այդ թվում՝ պայմանավորվել, թե ինչ սկզբունքներով է իրականացվելու տարանցումը Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի, ինչպես նաև Հայաստանի տարբեր մասերի միջև՝ Ադրբեջանի տարածքով։

Լուսանկարում՝ Ոսկեպարի Աստվածածին եկեղեցին