«Շահած կլինեինք, եթե 1920թ.՝ Սևրի գնով, համաձայնության եկած լինեինք թուրքերի հետ». Հովհաննես Քաջազնունի

5065

Հատված Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու՝ 1923 թվականին ՀՅԴ  խորհրդաժողովին հղած զեկուցագրից:

1920 թ. աշնան սկզբին ծագեց հայ-թուրքական պատերազմը, որ վերջնականապես կոտրեց մեր մեջքը:

Կարո՞ղ էիք արդյոք խուսափել այդ պատերազմից: Հավանականորեն՝ ոչ:

1918 թվականին ջախջախված Թուրքիաներկու տարի ձգած էր հանգիստ, առանց պարտության հետևանքները ձևակերպելու ու նոր դրություն հաստատելու համար միջոցներ ձեռնարկելու: Այդ երկու տարվա ընթացքում թուրքերը շունչ քաշեցին, կազդուրվեցին: Հանդես եկան երիտասարդ, ձեռներեց ու հայրենասեր զինվորականներ, որոնք Անատոլիայի խորքերում սկսեցին արագորեն վերակազմել բանակը: Թուրքերի մեջ ուժգնորեն արթնացել էր ազգային գիտակցությունը և ինքնապաշտպանության բնազդը: Սևրի դաշնագրին պետք է հակադրեին ռազմական ուժ, որպեսզի ապահոված լինեին իրենց ապագան գոնե Փոքր Ասիայում: Պարզ է, որ այդ հակադրությունը հանդես պիտի բերվեր ոչ այնքան հյուսիս-արևելքում, որքան հարավ-արևմուտքում: Բայց այնտեղ կենտրոնանալու և Հունաստանի դեմ ճակատ պահելու համարպետք էր կանխապես ապահովեին իրենց թիկունքը հայկական սահմանների վրա: Գուցե կարիք ունեին զենքի ու զինամթերքի, որ մենք ամբարել էինք Կարսի ու Ալեքսանդրապոլի պահեստներում: Գուցե և այն, որ պահանջ էին զգում փորձելու իրենց ուժերը նախ թույլ հակառակորդի վրա, որպեսզի ինքնավարություն ձեռք բերեին՝ ավելի մեծ ու դժվար ձեռնարկի համար…

Ոչ ոք չի կարող հաստատել, թե այդ տրամադրություններն ու մտադրությունները թուրքերը իրոք ունեին, բայց հավանական է, որ ունենային , ուստի և հավանական է, որ պատերազմը անխուսափելի էր (քանի որ այն պետք էր թուրքերին):

Այս ենթադրություններով հանդերձ՝ մեկ փաստ մնում է անհերքելի, աղաղակող. մենք չենք արել այն ամենը, ինչ որ պետք է անեինք, պարտական էինք անելու՝ պատերազմից խույս տալու համար: Անկախ նրանից, թե որքան կհաջողեինք, մենք պետք է փորձեինք հաշտության լեզու գտնել թուրքերի հետ: Սա՛ է, որ չենք արել:

Ու չենք արել շատ պարզ, բայց նույնիսկ նույնչափ էլ աններելի պատճառով՝ մենք անտեղյակ ենք եղել թուրքերի իսկական ուժի մասին ու շատ վստահ ենք եղել մեր սեփական ուժերի վրա:  Այստեղ էր հիմնական սխալը: Չէինք վախենում պատերազմից, որովհետև վստահ էինք, թե կհաղթենք: Անփորձ ու տգետ մարդկանց հատուկ անփութությամբ՝ մենք տեղեկություն չունեինք, թե ինչ ուժեր են կազմակերպել թուրքերը մեր սահմանագլխին և չէինք զգուշանում և չէինք զգուշանում: Հակառակը, Օլթիի հապճեպ գրավումը ձեռնոց էր, որ կարծես դիտմամբ նետում էինք թուրքերի երեսին, կարծես ինքներս որոնում էինք ու ցանկանում պատերազմ:

Երբ սահմանի վրա զինական ընդհարումները սկսվել էին արդեն, թուրքերը առաջարկեցին մեզ տեսնել ու բանակցել: Մենք մի արհամարհական ժեստով մերժեցինք առաջարկը: Եվ դա մեծ հանցանք էր: Ոչ այն մտքով, որ վստահություն կար, թե բանակցությունները հաջողվելու են անպատճառ, այլ այն մտքով, որ մի խաղաղ ելք գտնելը անկարելի չէր (անհավանական, բայց ոչ անկարելի): Համենայն դեպս, մենք որոշ շանսեր ունեինք թուրքերին խոսք հասկացնելու:

Պետք է հիշել ու հաշվի առնել, որ 1920թ. աշնանը մենք բոլորովին quantité négligeable (արհամարհելի մեծություն) չէինք թուրքերի աչքում: Նախորդ երկու տարիների զուլումը անցել էր արդեն կամ անցնելու վրա էր. ժողովուրդը մի քիչ կշտացել էր արդեն, մի քիչ հանգստացել, կազդուրվել: Ունեինք բանակ, որ լավ զինված էր անգլիակն զնեքով ու մաքուր հագնված անգլիական հագուստներով: Ունեինք բավականաչափ ռազմապաշար, մեր ձեռքում էր Կարսի պես կարևոր բերդը: Վերջապես, և որ ամենից ցուցադրելին էր, հրապարակում կար Սևրի դաշնագիրը, որ այն ժամանակ վարկաբեկված մի թղթի կտոր չէր, այլ զորեղ զենք թուրքերի դեմ:

Մեր դրությունը այլևս այն չէր, ինչ էր Բաթումում 1918թ. մայիսին: Մենք կարող էինք հուսալ, թե մեր խոսքը հաշվի կառնվի, մանավանդ, որ իրենք՝ թուրքերը, դեռևս պարտված վիճակի մեջ էին:

Այդ փորձը չարինք:

Ի՞նչ պիտի առաջարկեին մեզ թուրքերը, եթե ընդունեինք բանակցելու հրավերը:

Հավանականորեն  պիտի սկսեցին Բաթումից ու Բրեստ-Լիտովսկից և ապա աստիճանաբար զիջելով՝ հասնեին մինչև 1914 թվականի սահմանները. Գուցե մի քայլ էլ ետ գնային , հրաժարվեին նաև Բայազետից ու Ալաշկերտից: Անհավանական է, որ սրանից ավելի զիջող լինեին նույնիսկ 1920թ. սեպտեմբերին: Փոխարենը, կպահանջեին, իհարկե, որ Հայաստանի կառավարությունը հրաժարվեր Սևրի դաշնագրով նախատեսված իրավունքներից:

Ի՞նչպես կընդուներ այդպիսի մի առաջարկ Հայաստանի կառավարությունը:

Կմերժեր, անկասկած: Չէր ընդունի, չէր հանդգնի ընդունելու և կգերադասեր պատերազմը: Եվ այդպես կաներ ոչ միայն դաշնակցական Բյուրո-կառավարությունը, այլև ամեն մի ուրիշ հայ կառավարություն: Ընդգծում եմ այս հանգամանքը, որովհետև սրանով զգալիորեն սահմանափակվում է մեր կուսակցության հանցանքի չափը:

Կառավարությունը չէր հանդգնի ընդունելու, որովհետև բոլոր քաղաքական կուսակցություններն ու խմբակցությունները, ազգային բոլոր դիվանագետները, կոչված և անկոչ հայրենիք փրկողները՝ թե երկրի ներսում, թե մանավանդ երկրից դուրս, բոլորը իբրև մի մարդ կընմբոստանային, կքարկոծեին, միաբերան դավաճան կհայտարարեին այնպիսի մի կառավարությանը: Սևրի դաշնագիրը շլացրել էր բոլորիս աչքերը, կաշկանդել միտքը, մթացրել իրականության գիտակցությունը:

Այսօր մենք հասկանում ենք, թե որքան շահած կլինեինք, եթե 1920թ. աշնանը՝ Սևրի դաշնագրի գնով, անմիջական համաձայնության եկած լինեինք թուրքերի հետ: Բայց այն ժամանակ չէինք հասկանում:

Սոսկ ենթադրություններն էին սրանք ու կարելիություններ, որ հիշատակում եմ միայն՝ այն ժամանակվա մտայնությունը բնորոշելու համար:

Իսկ փաստը՝ պատերազմն էր:

Փաստն այն էր, աններելի փաստ, ոչինչ չարեցինք պատերազմից խուսափելու համար, հակառակը՝ ինքներս պատերազմի անմիջական առիթ տվ[եց]ինք: Աններելին այն էր, որ տեղյակ չէինք թուրքերի ռազմական կարողության մասին և չէինք ճանաչում մեր սեփական բանակը: