«Կգա ռուս մուժիկը (գյուղացին) իր մահակով և ցույց կտա, թե ինչ է ուզում այստեղ ռուսական ուժը»

2599
Հատված Հայաստանի Հանրապետության երկրորդ վարչապետ և առաջին արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի “Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը” կոթողային աշխատությունից:

_______________________________

Տասներորդ գլուխ

«Դաշնակիցները» Կովկասում և Հայաստանում

Հայաստանի Հանրապետության գոյության առաջին ամիսներին՝ 1918-ի վերջերից մինչև 1920-ի վերջը, տրամադրությունները և հույսերը ծայրահեղ աստիճանի բարձր էին։ Այդ շրջանը կարելի է բնորոշել այսպես․ պատերազմը վերջացավ մի կողմից հայկական խնդրի հզոր բարեկամների՝ «Դաշնակիցների» հաղթանակով, իսկ մյուս կողմից՝ հայոց թշնամիների՝ թուրքական բռնապետությանև ռուսական ցարիզմի տապալմամբ։ Հրապարակի վրա էին խոստումներ, համակրություններ, բանաձևեր և մինչև անգամ՝ պաշտպանություններ։ Ի՞նչ էր մնում անել՝ վստահություն ցույց տալ Դաշնակիցներին, սպասել և որոշակի ձևակերպելով իրենց ցանկությունները, օգնել դրանց իրագործման, որքան իրենց ուժերը թույլ կտան։

Այսպես կարելի է բնորոշել բոլոր հայերի տրամադրությունը մեծ պատերազմի վերջին՝ զինադադարի միջոցին, այսինքն՝ 1918-ի նոյեմբերին։ Հայաստանում այդ տրամադրությունը բաժանում էին թե՛ կառավարությունը և թե՛ ժողովուրդը, իսկ Եվրոպայում՝ մեր պատվիրակությունները և գաղութները։

Ահա այդպիսի մթնոլորտում տեղի ունեցավ Կովկաս եկած Դաշնակիցների առաջին հանդիպումը հայ կառավարության և հայ ժողովրդի հետ։ Որպեսզի պատկերը ավելի պարզ լինի, պետք է հիշել, որ կովկասյան կյանքի գլխավոր գործոնը՝ Ռուսաստանը, կլանված էր քաղաքացիական կռվով և կարծես անհետացել էր այն ուժերի շարքից, որոնք ազդում էին Կովկասի վիճակի վրա։ Ռուսական բանակը տարերային կերպով լքել էր թուրքական ճակատը և վերադարձել «տուն»՝ հողերի բաժանման հույսերով։ Ռուսաստանի վիճակը թվում էր բոլորովին անորոշ։ Ռուսաստանում որևէ ուժեղ իշխանություն չկար։

Շատերին, չեմ ասում՝ բոլորին, թվում էր, թե կովկասյան և մասնավորապես Հայաստանի հարցը պետք է վերջնական կերպով լուծվի Փարիզում և ոչ Մոսկվայում, և, համենայն դեպս, առանց Մոսկվայի մասնակցության։ Եթե Հայաստանի խորհրդարանում կային անձինք, որոնք համաձայն չէին այդ կարծիքին, այդ մասին առաջին շրջանում բացարձակ չէին արտահայտվում խորհրդարանում։ Այդ մասին խոսվում էր մասնավոր զրույցների ժամանակ և խորհրդարանի խմբակցությունների ժողովներին։ Միայն սոցիալիստ-հեղափոխական (էսէռ) կուսակցության անդամներն էին, որ կարծում էին, թե առանց Ռուսաստանի անկարելի է մտածել կովկասյան և մասնավորապես ռուսահայկական հարցի հաստատուն լուծման մասին։ Խորհրդարանի անդամների՝ Լ․ Թումանյանի, Ա․ Խոնդկարյանի, Վ․ Մինախորյանի ճառերում շարունակ այդ միտքը արծարծվում էր։

Հստակ կերպով խորհրդարանում այդ միտքը արտահայտեց սոցիալիստ-հեղափոխական Սաքո Սահակյանը հետևյալ խոսքերով․ «Կգա ռուս մուժիկը (գյուղացին) իր մահակով և ցույց կտա, թե ինչ է ուզում այստեղ ռուսական ուժը»։

Հետագայում, այդ «մուժիկը իր մահակով» իսկապես եկավ։ Դա բոլորի համար պարզ դարձավ 1921-1924 թթ․ շրջանում, բայց 1918-1919 թթ․, մանավանդ քանի դեռ քաղաքացիական կռիվների տաք շրջանում, Ռուսաստանի որևէ միջամտության և ազդեցության գաղափար դեռ հերթական չէր։ Բայց հետզհետե, որքան ավելի էր ամրանում բոլշևիկների իշխանությունը Ռուսաստանում, Երևանի քաղաքական շրջաններում էլ հասունանում էր այն միտքը, թե անհրաժեշտ է համաձայնության գալ բոլշևիկների շուրջը կենտրոնացած ռուս քաղաքական ուժերի հետ, որոնք արդեն գերակշռություն էին ստանում 1920թ, ինչպես նաև կամավորական բանակի հետ, ի դիմաց զորավար Կոլչակի, Դենիկինի և Վրանգելի։ 1920թ․ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հատուկ առաքլությամբ իր պատգամավորներին ուղարկեց բոլոր չորս կողմերը։ Դրանցից ամենակարևորը Լևոն Շանթի առաքելությունն էր, որ Մոսկվա ուղևորվեց, իր կազմում ունենալով Լևոն Շանթին իբրև նախագահ և անդամներ Լևոն Զարաֆյանին ու Համբարձում Տերտերյանին։ Նրանք Մոսկվա ճանապարհվեցին 1920թ․ մայիսի 20-ին և այնտեղից դուրս եկան օգոստոսի 11-ին։ Ծովակալ Կոլչակի մոտ գնաց Գրիգոր Ձամոյանը, իսկ Դենիկինի մոտ մնում էր Հ․ Սաղաթելյանը։

Այժմ, հետադարձ հայացք ձգելով Կովկասում Դաշնակիցների դերի վրա և աչքի առաջ ունենալով Երևանի կտրված լինելը Մոսկվայից սկզբնական շրջանում և հետագոյում նրա հետ կապվելը, պետք է, ինչպես եվրոպական պետությունների հետ մեր ունեցած հարաբերությունների խնդիրներում ընդունել երեք շրջան․ առաջին՝ 1914-1917 թթ․, երբ հայերը և ռուսները ընդհանուր ջանքեր էին գործադրում թուրքական ճակատում, երկրորդ՝ 1917-1918 թթ․ վերջը, երբ այդ հարաբերությունները ընդհատվում են, ոչ հայերի նախաձեռնությամբ, այլ ռուսական զորքերի՝ Կովկասից հեռանալու և քաղաքացիական կռիվների հետևանքով, և երրորդ՝ 1919-1920 թթ․, երբ հարաբերությունները վերահաստատվում են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական հարաբերությունների սկսումով զանազան ռուսական պետական-քաղաքական կազմակերպությունների հետ, թե՛ բոլշևիկ և թե՛ հակաբոլշևիկ։

1920թ․ հետո, այսինքն՝ 1920թ․ դեկտեմբերի 2-ից, իշխանությունը խորհուրդներին փոխանցվելուց հետո, սկսվում է Հայկական Հանրապետության խորհրդային շրջանը, որը և շարունակվում է մինչև այսօր։

Այս ամբողջ երկար նախաբանը անհրաժեշտ էր պարզելու համար Դաշնակիցների դերը Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանում, և ճշտելու պատճառները այն բացառիկ վստահության, որ կար դեպի նրանց կատարելիք դերը կովկասյան հանրապետությունների, հատկապես Միացյալ և Անկախ Հայաստանի քաղաքական կյանքի կարգավորման և անկախության իրականացման խնդրում։

Լուսանկարում՝ Անտոն Դենիկինը և Պյոտր Վրանգելը