Նախիջևան և Շարուր-Դարալագեազ. ամերիկացի գնդապետ Հասկելի առաջարկը Հայաստանին և Ադրբեջանին. 1919թ

3925

1919 թվականի գարնանը բրիտանացիների օգնությամբ Հայաստանի Հանրապետությունը իրեն միացրեց Նախիջևանը: Վարչապետ Խատիսյանը զորավար Դրոյի հետ մասին մայիսին գնացքով մեկնեց Նախիջևան՝ իր հետ տանելով նաև այնտեղ նշանակված նահանգապետ Գևորգ Վարշամյանին: Հայաստանը միայն երկու ամիս կարողացավ վերահսկողություն ունենալ Նախիջևանում: Թուրքերը հարձակվեցին, հայկական զորքի մի մասը ջարդվեց, մյուս մասը՝ կարողացավ նահանջել: 1919-ի հուլիսի վերջերին Նախիջևանը այլևս չէր գտնվում Հայաստանի կազմում և այդպես շարունակվեց մինչև 1920 թվականի անկումը: Բացառությամբ Շարուրի, որը Հայաստանի կազմում էր մինչև 1920-ի աշուն:

ԱՆԻ կենտրոն

ԳԵՐԱԳՈՅՆ ԿՈՄԻՍԱՐ ԳՆԴ. ՀԱՍԿԵԼԻ ԱՌԱՋԱՐԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ

Գնդ. Հասկելը ուղարկել է Հայաստանի Նախագահի պաշտոնակատար և պրիմիէր մինիստրին հետևեալ գրութիւնը:

A. Ընդ սմին ուղարկում եմ ձեզ այն պայմանները, որոնց հիման վրայ պիտի կազմուի չէզոք շրջան Շարուր-Դարալագեազի և Նախիջևանի գաւառներից: Այս հարցը քննւում էր գնդ. Հասկելի և Ադրբէջանի պրիմիէր մինիստրի միջև տեղի ունեցած խորհրդակցութեան մէջ օգոստոսի 29-ին, 1919 թ.:

Կայացուած է հետևեալ համաձայնութիւնը:

  • Շարուր-Դարալագեազի և Նախիջևանի գաւառներում պիտի անմիջապէս հաստատուի չէզոք շրջան:
  • Այս չէզոք շրջանի կառավարութիւնը կը յանձնուի ամերիկական գեներալ-նահանգապետին, որը իր հերթին պիտի նշանակուի գնդապետ Հասկելի կողմից:
  • Տեղական վարչութիւնը կը լինի թաթարական, բացի այն շրջաններից, որտեղ հայերն են կազմում մեծամասնութիւն: Ամերիկական նահանգապետի պարտականութիւնն է որոշել այդպիսի տեղերի բնոյթը:
  • Հայկական և Ադրբէյջանեան կառավարութիւնները անմիջապէս պիտի դուրս հանեն չէզոք շրջանից բոլոր զօրքերը, ըստ որում ոչ մի զօրական մաս չպէտք է վերադառնայ, բացի այն դէպքերից, երբ նա կը կանչուի ամերիկական նահանգապետի կողմից:
  • Հայաստանի և Ադրբէջանի կառավարութիւնները անմիջապէս պէտք է յետ կանչեն իրենց գործակալներին և ուրիշ անձնաւորութիւններին (չէզոք շրջանից), որոնք նպաստում են տեղական ազգաբնակութեան գրգռման: Այս պայմանը վերաբերում է ոչ միայն այս պետութիւնների գործակալներին, այլև միւս կառավարութիւնների՝ որոնք համակրում են նրանցին մէկին:
  • Ադրբէջանը և Հայաստանը պիտի յայտարարեն ընդհանուր ներում, որը պէտք է տարածուի բոլոր ոճիրների վրայ, որոնք կատարուել են մինչև սեպտեմբերի 1-ը 1919 թ. մասնաւոր անձանց դէմ: Այս ներումը չի վերաբերում և ոչ մի ձևով այն գործողութիւններին որոնց բրիտանական զինուորական իշխանութիւնները քննութեան են ենթարկում և միմեանց վերաբերյալ յիշեալ երկու կառավարութիւններից և ոչ մէկը վերահսկողութեան ոչ մի իրաւունք չպիտի ունենայ:
  • Չեզոք շրջանում տեղական պաշտօնեաները կարող են նշանակուել ամերիկական նահանգապետի կողմից, որը որքան կարելի է շուտ նշանակի ժամանակամիջոցը ընտրելու համար յիշեալ պաշտոնեաներին: Ամերիկական նահանգապետը միշտ իրաւունք պիտի ունենայ հեռացնելու ամեն մի պաշտօնեայի չեզոք շրջանի սահմաններում, թուլութեան, անբարեխղճութեան համար և այլն:
  • Ադրբէջանի կառավարութիւնը պիտի գործադրի ամենաուժեղ կերպով իր ազդեցութիւնը հանգստացնելու համար թաթար ազգաբնակութիւնը չեզոք շրջանում և Երևանի գաւառում:
  • Հայաստանի կառավարութիւնը պիտի գործադրի իր ամբողջ ազդեցութիւնը հանգստացնելու համար հայ ազգաբնակութիւնը չեզոք շրջանում և Զանգեզուրում:
  • Հայաստանի և Ադրբէյջանի կառավարութիւնները պիտի ապահովեն իրենց երկրում ապրող թաթարների և հայերի կեանքը և ինչքը:
  • Երկաթուղագիծը և հեռագիրը Երևանի և պարսկական սահմանի մէջ, որը անցնում է Շարուր-Դարալագեազի և Նախիջևանի գաւառներով, պէտք է վերականգնւէն և անմիջապէս բացւեն փոխադրութեան և գործառութեան համար: Այս երկաթուղագիծը պիտի լինի ամերիկական գեներալ նահանգապետի հսկողութեան տակ և պիտի գործի որպէս մի մասը հայկական կամ թաթարական պաշտօնէութեամբ, նահանգապետի հսկողութեամբ, երկաթուղին ամենից արդիւնաւէտ դարձնելու նպատակով:
  • Ադրբէջանի կառավարութիւնը համաձայնում է ամեն կերպ դիւրացնել A. R. G. E.-ի պարենաւորման և սնունդ տալու գործը Շուշւայ և Զանգեզուրի շրջանների ազգաբնակութեանց:
  • Ադրբէջանի կառավարութիւնը համաձայն է ամեն միջոցներ ձեռք առնելու և փոխադրական միջոցներ տալու այն հայ գաղթականներին, որոնք գտնւում են Ադրբէյջանի տերիտորիայի վրայ, և որոնց փոխադրութիւնը անհրաժեշտ կը համարի գերագույն կօմիսարը:
  • Բօյուք–Վեդիի մահմեդական ազգաբնակութիւնը ամերիկական նահանգապետի ցուցմունքով կը փոխադրւի այս գիւղից մի ուրիշ գիւղ, որը նրա համար կորոշի չէզոք շրջանում: Նրան թոյլ կտրւի վերցնելու իր ամբողջ ինչքը:
  • Բագու-Ջուլֆա կառուցանւող երկաթուղագիծը պիտի լինի բացառապէս Ադրբէջանի կառավարութեան իշխանութեան տակ և ոչ ոք չպիտի խառնւի նրա կառուցման գործում:
  • Հայաստանի և չեզօք շրջանի սահմանը պիտի լինի այն տեղը, որը կոչւում է Գայլի դռներ:
  • Չեզօք շրջանը կառավարելու համար միջոցներ պիտի տայ տեղական հարկերը: Պահանջւած լրացուցիչ գումարները պիտի տայ Ադրբէջանի կառավարութիւնը ամերիկական նահանգապետի հսկողութեան տակ:
  • Դպրոցները և եկեղեցիները չեզոք շրջանում պիտի գործեն սովորական կարգով տեղական իշխանութիւնների հսկողութեան տակ:
  • Չեզօք շրջանում պիտի լինի խղճի ազատութիւն:
  • Դպրոցները պիտի պահւեն համաձայն տեղական պայմանների պահանջին:
  • Չեզօք շրջանում պարենաւորման օգնութիւն ազգաբնակութեան A. G. R. E.-ի կողմից կը տրուի նրան, ով նահանգապետի կարծիքով շատ կարիքաւոր է անկախ այն հանգամանքից, թէ նա ինչ ազգութեան է պատկանում: Անհրաժեշտ դեպքում պարենաւորման օգնութիւն կարող է տրւել Ադրբէջանի մի քանի աւերւած վայրերում:
  • B. Ես ուղարկում եմ Ձեզ երկու պատճէն հետևեալ պայմանների և խնդրում եմ Ձեզնից, որ պատճէներից մէկը առանց գանգատելու ստորագրէք, Ձեր ստորագրութեամբ հաստատելով հայկական կառավարութեան համաձայնութիւնը և յետ ուղարկէք ինձ, միւս պատճէնը կարող էք թողնել ձեզ մօտ տեղեկութեան համար:

Ընդունեցէք իմ՝ խորին յարգանաց հաւաստիքը՝ ՀԱՍԿԵԼ

Հիւսիսային Ամերիկայի Միացեալ նահանգների գերագոյն սպայակոյտի գնդապետ:

Ժողովուրդ, թիւ 100, երեքշաբթի, 9 սեպտեմբեր, 1919թ                                         http://tert.nla.am/archive/NLA%20TERT/JoxovurdYerevan/1919/1919%28100%29.pdf

Սադարակ գյուղը Ուրծի լեռներից։

Լուսանկարը՝ Տիգրան Վարագի