Աղդամի, Շուշիի, Ստեփանակերտի հայության ջարդը. 1920 թվականի փետրվար-մարտ

3579

Ներկայացնում ենք մի քանի հրապարակում Հայ ժողովրդական կուսակցության օրգան Ժողովուրդ թերթի 1920 թվականի մարտյան համարներից, որոնք վերաբերում են Շուշիում, Ստեփանակերտում և Աղդամում հայերի ջարդերին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական նոտաների փոխանակմանը:

ԱՆԻ կենտրոն

Նոր արյունահեղություններ Ղարաբաղում. 1920 թվականի մարտ

Ղարաբաղում սկսվել են արյունահեղ կռիվներ Ադրբեջանի զորքերի և հայ ազգաբնակչության միջև: Կռիվները սկսվել են մարտի 20-ից և մինչև այսօր շարունակվում են: Զոհերի թիվը չափազանց մեծ է: Այս արյունահեղությունների պատճառը եղել է Ղարաբաղի գեներալ-նահանգապետ Սուլթանովի հրամանը, որով նա հայերին պահանջել է զինաթափ լինել և հանձնել բոլոր զենքերը: Հայերը, զգալով իրենց վտանգի մեջ, հրաժարվել են հանձնել զենքերը: Ադրբեջանի զորքերը հրաման են ստացել հայերին զինաթափ անել ուժով: Դա առիթ է տվել ուժեղ ընդհարումների, որոնք տեղի է ունենում ամբողջ Ղարաբաղում: Զանգեզուրի հայկական զինական ուժերը ուղևորվել են Ղարաբաղի հայության օգնությանը:

http://tert.nla.am/archive/NLA%20TERT/JoxovurdYerevan/1920/1920%2848%29.pdf

Ժողովուրդ, թիվ 48, շաբաթ, 27 մարտի, 1920

 —

Ադրբեջանի արտաքին գործերի մինիստրի հեռագիրը վարչապետ Խատիսյանին

Պատիվ ունեմ հաղորդելու Ձեզ հետևյալը. մարտի 22-ին, Նովրուզ Բայրամի երկրորդ օրը, գիշերվա ժամը 3-ին, Ղարաբաղի հայկական զինվորական ուժերը Հայաստանի կանոնավոր զորքերի հետ միասին, օգտվելով խավարից, հարձակվել են ադրբեջանական զորամասերի վրայ: (Ղարաբաղի շրջանում Ադրբեջանը ներքին կարգը պահպանելու համար ուներ չնչին զորամաս):

Հանկարծ և ըստ երևույթին նախապես կազմած ծրագրով, միաժամանակ հարձակում են գործում Ադրբեջանի զորամասերի վրա, որոնք գտնվում էին Շուշիում, Խանքենդում, Ասկերանում, Խոջալուում, Թարթարում և ուրիշ կետերում՝ նախապես կտրելով հեռագրային և հեռախոսային թելերը:

Ասկերանը, որը պաշտպանում մի փոքրաթիվ զորամաս՝ բաղկացած 50 հոգուց, սկզբում համառ դիմադրություն է ցույց տալիս, բայց հետո գրավվում է հայերի կողմից մարտի 22-ին, իսկ զորամասը հավանաբար ենթարկվել է կոտորածի: Մյուս կետերում այդ հանդուգն հարձակումները հետ են շպրտվել մեր կողմից, որի ժամանակ հայերը մեծ կորուստներ են կրել:

Շուշիի և Ասկերանի ելքերը հայերը թնդանոթային կրակի էին ենթարկել: Մյուս օրը նկատվել է հայերի խոշոր զինված ուժերի հարձակումը թուրք  գյուղերի վրա Ջիվանշիրի և Զանգեզուրի գավառներում, ըստ որում՝ այդ գյուղերից մի քանիսը ավերվել են: Տեղեկություններ են ստացվել, որ ապստամբած հայերին օգնության են շարժվում օժանդակ ուժեր Երևանի նահանգի Նոր Բայազետ գավառից, որ Ղազախի գավառին կից Տօղլուջա գյուղում կենտրոնացել են հայկական զորքեր:

Ղարաբաղի թուրքերը, անսպասելի կերպով եկած, վտանգից պաշտպանվելու համար առանձին խմբեր կազմելով՝ հենց առաջին օրը կարողացել են հետ մղել հայերի տմարդի հարձակումները, մյուս տեղերում շարունակում են պաշտպանվել:

Ադրբեջանի կառավարությունը շտապ կերպով միջոցներ է ձեռք առել Ղարաբաղի դրությունը վերականգնելու համար և նախազգուշացնելու նման հարձակումները ապագայի վերաբերյալ:

Ֆաթհալի Խան Խոյսկի

Ժողովուրդ, թիվ 49, երեքշաբթի, 30 մարտի, 1920թ

http://tert.nla.am/archive/NLA%20TERT/JoxovurdYerevan/1920/49.pdf

Բողոքի հեռագիր Ադրբեջանի կառավարությանը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի մինիստր Ա. Խատիսյանը մարտի 8-ին հետևյալ բողոքի հեռագիրն է ուղարկել Ադրբեջանի արտաքին գործերի մինիստր Խան Խոյսկուն.

Հայաստանի Հանրապետության կառավարության ստացած վերջին ստույգ տեղեկությունների համաձայն, Ադրբեջանի կառավարությունը Նուրի փաշայի և թուրք սպաների մասնակցությամբ, որոնք Շուշի են հասել, ձեռնարկում է կենտրոնացնել իր զորական ուժերը հայկական Ղարաբաղի և Զանգեզուրի շրջաններում:

Հայկական Ղարաբաղի ազգաբնակչությանն ուղարկված է վերջնական առաջարկ (ուլտիմատում) զինաթափվելու և ադրբեջանյան զորքերը անարգել բաց թողնել՝ անցնելու համար Դիզակ, Վարանդա և Ջիբրայիլ, հակառակ դեպքում սպառնալով գործադրել զինական ուժ:

Ադրբեջանյան զորամասերի ձեռքով Խանքենդում և Աղդամում տմարդորեն կոտորված է առանց պատճառի հայ խաղաղ ազգաբնակությունից մինչև 400 հոգի, որոնց գույքը և տները մատնված են կողոպուտի: Շուշի-Աղդամ ճանապարհը հայերի համար փակված է, Շուշի քաղաքում հայտարարված է տնտեսական բոյկոտ:

Ադրբեջանի կառավարության այսօրինակ գործողությունները և նրա ուլտիմատիվ պահանջը՝ թույլ տալ Ղարաբաղի հայկական շրջաններ անցնել իր զորական մասերին, հանդիսանալով Ադրբեջանի կառավարության և Ղարաբաղի հայոց ազգային խորհրդի միջև կնքված պայմանագրի կոպտորեն խախտումը և սպառնալով նոր անթիվ արյունալի ընդհարումների, չի կարող մնալ անպատասխան Հայաստանի կառավարության կողմից:

Վերջինի անունից հայտնելով կտրուկ (կատեգորիկ) բողոք առանց պատճառի Խանքենդի և Աղդամի հայ խաղաղ ազգաբնակչության տմարդորեն բնաջնջման և Ադրբեջանի կառավարության ագրեսիվ գործողությունների դեմ, որոնք սպառնում են ընդունել մեծ արյունահեղություն: Խնդրում եմ Ձեզ չմերժել ձեռք առնելու Ձեզանից կախված միջոցները՝ կանխելու արյունալի ընդհարումները, որոնք անխուսափելի են, եթե Ադրբեջանի զորքերը շարժվեն Ղարաբաղի խորքը:

http://tert.nla.am/archive/NLA%20TERT/JoxovurdYerevan/1920/1920%2835%29.pdf

Ժողովուրդ, թիվ 35, հինգշաբթի, 11 մարտի, 1920թ

Լուսանկարում՝ Շուշին 1920 թվականի հայկական ջարդերից հետո