Նիկոլ Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի՝ հայ գերիների մասին հրեշավոր ձևակերպումները

1373

Հայատանի վարչապետի՝ հայ գերիների մասին հրեշավոր ձևակերպումներից հետո, նրան երկրորդեց երկրի թիվ երկրորդ պաշտոնյան՝ Ազգային ժողովի նախագահը:

«Գիտե՞ք ովքեր են էդ մարդիկ… զենքը դրել են ու փախել»,- Ալեն Սիմոնյանը այսպես է խոսում գերեվարված հայ զինծառայողների մասին, երբ հեռու է բարձրախոսներով ամբիոններից, գրում Ազատությունը։

«Եթե ես էդ գերիների պատճառով պըտի Սյունիք կորցնեմ, եթե ես պըտի Սիսիան կորցնեմ, կներես, մի քիչ կարող ա վատ, սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան»,- ասում է Սիմոնյանը տելեգրամյան ալիքներից մեկի գաղտնի նկարահանված տեսանյութում։

Այնուհետև արդեն ավելի ընդարձակ մի տարբերակ հավանաբար խորհրդարանի նախագահի նախաձեռնությամբ տարածվեց՝ «Ինչ է իրականում ասել Ալեն Սիմոնյանը» վերնագրով։ Մոնտաժված ու չմոնտաժված տարբերակների միջև մեծ տարբերություններ չկան, զրույցը ձայնագրվել է Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ։

«Այո, բնականաբար, մենք այդ տղերքին հետ ենք բերելու, դա չի քննարկվում: Բայց մենք չենք կարա ամբողջ Հայաստանը, Արցախը, ամբողջ հայությունը պատանդ դնենք… Իսկ գիտե՞ս, թե ովքեր են էդ գերիները: Էդ էն մարդիկ են, որոնք զենքը դրել և փախել են, մոլորվել են: Ես սա բարձր չեմ կարող ասել: Իրենք զենքը դրել և փախել են»,- ասում է Սիմոնյանը:

Նա տելեգրամյան ձայնագրության մեջ հիմնավորում է, թե ինչու գերեվարված զինծառայողների ծնողները ակտիվ չեն։ Որովհետև, ասում է, գիտեն, որ իրենց որդիները դասալիք են։

Տեսանյութի տարածումից կարճ ժամանակ անց խորհրդարանի նախագահը փորձեց բացատրել, թե ինչ է ցանկացել ասել, և ընդհանուր առմամբ վերահաստատեց այն ինչ տեսանյութում է ասել. «Ցավոք սրտի, կան զինվորներ և սպաներ, որոնք որ իրենց պարտականությունը չեն կատարել և հայտնվել են գերության մեջ»։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու է Ալեն Սիմոնյանը կանխակալ վերաբերմունք դրսևորում ու իրավապահի դեր ստանձնում՝ պնդելով, թե գերեվարված զինծառայողները դասալիքներ են։ Սիմոնյանը արձագանքեց. «Հայաստանի Հանրապետության օրենքը, ինչպես նաև վարչապետն է դրա մասին խոսել Ազգային ժողովի ամբիոնից, Քրեական օրենսգիրքը նախատեսում է, որ նման դեպքերում պետք է պատասխանատվություն կրվի։ Եվ էդ պատասխանատվությունը կրելու են այն բոլոր մարդիկ, որոնք օրենք են խախտել և Հայաստանի Հանրապետության սահմանը պաշտպանելու փոխարեն, նախընտրել են հանձնվել»։

Ավելի վաղ հայ գերիների թեմայով հայտարարություն էր արել Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 18-ին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ:

«Ո՞ր դեպքում է, որ գերի ընկնելը չի համարվում հանցագործություն, յուրաքանչյուր դեպքում մենք պետք է քննենք՝ այդ դեպքի՞ հետ գործ ունենք, թե՞ այդ դեպքի հետ գործ չունենք: Օրինակ՝ ակնհայտ է և ձևակերպված է, որ եթե մարդը վիրավոր ու անգիտակից վիճակում է և գերեվարվում է, իհարկե, նրան ոչ մի պրետենզիա չի կարող լինել»,– Փաշինյանը պատասխանում էր ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին, թե ո՞վ տվեց կամ ո՞վ չտվեց կրակելու հրաման:

«Որովհետև հրապարակված տեսանյութերով որոշակի գծերով տեսանելի էր, որ մարտական դիրքերից մեկի գրավումը տեղի է ունենում առանց փոխհրաձգության, արձանագրվեց պաշտոնապես, որ ունենք 13 գերեվարված և 24 զինծառայողի հետ կապը կտրված է: Նախ, ի՞նչ է հայտնի մեր զինծառայողների ճակատագրի մասին, երկրորդը, ի՞նչ է արվում՝ կանխելու նրանց նկատմամբ բռնությունը, դեռ չեմ խոսում ավելի վատ սցենարի մասին և ըստ էության ո՞վ էր այս իրավիճակի պատասխանատուն»,– հարցրել էր Աբրահամյանը:

«Ինչ է նշանակում՝ հրաման է եղել չկրակելու, այդպիսի բան չի կարող լինել, որովհետև նախ չկրակելու հրաման գրավոր, թե բանավոր հրաման տվողը գործում է պետական դավաճանություն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը պաշտպանելու գործում»,– պատասխանել էր Փաշինյանը:

«Եթե մարդը վիրավոր ու անգիտակից վիճակում է և գերեվարվում է, նրան ոչ մի պրետենզիա չի կարող լինել»