«Եթե մարդը վիրավոր ու անգիտակից վիճակում է և գերեվարվում է, նրան ոչ մի պրետենզիա չի կարող լինել»

1296

Ի՞նչ է արվում սահմանային վերջին սրացման ժամանակ գերի ընկած զինծառայողներին վերադարձնելու համար, ի՞նչ վիճակում են գտնվում նրանք. վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ չպարզաբանեց այս հարցերը, փոխարենը խոսեց գերեվարման դեպքերի հետաքննման կարևորության մասին:

«Ո՞ր դեպքում է, որ գերի ընկնելը չի համարվում հանցագործություն, յուրաքանչյուր դեպքում մենք պետք է քննենք՝ այդ դեպքի՞ հետ գործ ունենք, թե՞ այդ դեպքի հետ գործ չունենք: Օրինակ՝ ակնհայտ է և ձևակերպված է, որ եթե մարդը վիրավոր ու անգիտակից վիճակում է և գերեվարվում է, իհարկե, նրան ոչ մի պրետենզիա չի կարող լինել», – Նիկոլ Փաշինյանը պատասխանում էր ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին, թե ո՞վ տվեց կամ ո՞վ չտվեց կրակելու հրաման:

«Որովհետև հրապարակված տեսանյութերով որոշակի գծերով տեսանելի էր, որ մարտական դիրքերից մեկի գրավումը տեղի է ունենում առանց փոխհրաձգության, արձանագրվեց պաշտոնապես, որ ունենք 13 գերեվարված և 24 զինծառայողի հետ կապը կտրված է: Նախ, ի՞նչ է հայտնի մեր զինծառայողների ճակատագրի մասին, երկրորդը, ի՞նչ է արվում՝ կանխելու նրանց նկատմամբ բռնությունը, դեռ չեմ խոսում ավելի վատ սցենարի մասին և ըստ էության ո՞վ էր այս իրավիճակի պատասխանատուն», – հարցրեց Աբրահամյանը:

«Ինչ է նշանակում՝ հրաման է եղել չկրակելու, այդպիսի բան չի կարող լինել, որովհետև նախ չկրակելու հրաման գրավոր, թե բանավոր հրաման տվողը գործում է պետական դավաճանություն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը պաշտպանելու գործում», – պատասխանեց Փաշինյանը:

Ըստ էության դիրքերում դիմադրության բացակայությունն անընդունելի համարող վարչապետը անպատասխան թողեց ընդդիմադիր մյուս պատգամավոր Հայկ Մամիջանյանի ռեպլիկն այն մասին, թե նույն Փաշինյանը նախկինում այլ պնդումներ է արել. «Դուք մի քիչ առաջ ասացիք, որ չկրակելու հրաման տվողը պետական դավաճան է, իսկ մի կես տարի առաջ էլի Դուք ասել էիք, որ դե հո Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ չէի սկսելու: Ուրեմն պետական դավաճանությունը պոզով, պոչով չի լինում, հենց սենց է լինում: Լավ է, որ Ձեր արդարադատության նախարարը նախաձեռնել է քրեակատարողական հիմնարկների վերանորոգում, որովհետև Ձեր ապագան հաստատ այդտեղ է անցնելու»:

Ազատություն