Դեկտեմբերի առաջին օրը/օրերին Մոսկվայում սպասվում է Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի հանդիպում, որի ընթացքում կքննարկվեն նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած բարձր մակարդակով բանակցությունների մանրամասները:
Ալիք Մեդիան մոսկովյան սպասվող հանդիպման բովանդակության մասին տեղեկություններ է ստացել դիվանագիտական վստահելի աղբյուրներից, սակայն ձեռնպահ է մնում այս պահին հրապարակել ավելին՝ առաջնորդվելով բանակցությունները չվնասելու տրամաբանությամբ:
Այս պահին կարող ենք նշել, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից բացի Ադրբեջանի հետ բանակցություններում ներգրավվելու է Հայաստանից բարձրաստիճան մեկ այլ պաշտոնյա: Այսպիսով, տեղի է ունենալու աշխատանքի բաժանում երկու հիմնական ուղղություններով՝ ճանապարհներ-կոմունիկացիաներ-անկլավներ եւ երկրորդ՝ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատում-սահմանագծում:
Ընդգծենք նաեւ, որ հայկական կողմին հաջողվել է օրակարգից հեռու պահել միջանցքի մասին թուրք-ադրբեջանական պնդումները: Բաքուն, փոխարենը, փորձում է առաջիկայում ստորագրվելիք փաստաթղթերի մեջ ներառել Հայաստան-Ադրբեջան սահմաններին եւ Արցախին վերաբերող կետ:
Նոյեմբերի 26-ին Սոչիում կայացել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպում, որի ավարտին ընդունվել է եռակողմ հայտարարություն:
Նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիի բանակցություններից հետո Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հետ նոյեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածությունները, ընդգծելով, որ հաջողվել է համաձայնության գալ երեք առանցքային հարցերի շուրջ։
Դրանցից մեկն, ըստ Ռուսաստանի նախագահի, վերաբերում է տարածաշրջանի ապաշրջափակմանն ու տրանսպորտային կապերի բացմանը, որի մանրամասները կհայտարարեն այս հարցով զբաղվող փոխվարչապետերը՝ հաջորդ շաբաթ Մոսկվայում կայանալիք հանդիպման ժամանակ։
Բացի այդ, ըստ Պուտինի, համաձայնություն է ձեռք բերվել նաեւ հումանիտար հարցերով, ինչպես նաեւ՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման համար մեխանիզմներ ստեղծելու վերաբերյալ։

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։












