Ապկեզ (Ափկես) գյուղի բնակչությունը 1922-1931 թվերին. Մեղրիի լքված բնակավայրերից

1088

Ապկեզը կամ Ափկեսը եղել է Մեղրու շրջանի գյուղերից, որը 1940-ական թթ լքվել է:

1991թ մարտի 15-ին Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը թիվ 219 որոշումով հաստատել է ծայրամասային լեռնային և լքված գյուղական բնակավայրերի ցանկերը: Մեղրիի շրջանի լքված գյուղեր են ճանաչվել Ապկեզը, Վանքը ևԿալերը:

Հայաստանի լքված մյուս գյուղերն են, ըստ կառավարության թիվ 219 որոշման՝

Վայքի շրջան – Հորադիս,

Ամասիայի շրջան – Մումուխան, Գետաշեն,

Աշտարակի շրջան – Սասունիկ, Տեղեր, Արագածոտն, Նիգատուն,

Եղեգնաձորի շրջան – Գնիշիկ, Բոլորաբերդ (Գանձակ),

Կապանի շրջան – Շիշկերտ, Ղրղլու, Նոր Առաջաձոր, Քյուրուտ, Քիրս, Հաջաթին, Փուխրուտ, Կաթնառատ, Մարալզամի,

Մեղրիի շրջան – Ապկեզ, Կալեր, Վանք

Թալինի շրջան – Միջնաձոր, Դիան, Ձորագյուղ, Ծաղկասար, Շենիկ

Արարատի շրջան – Լանջանիստ:

Ապկեզ գյուղը նշված է 1920-1930-ական թթ քարտեզներում: Այն գտնվում է Վարդանիձորից հյուսիս-արևելք, Մալեւ գետի վերին ավազանում:

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Ապկեզ գյուղի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.

1922 թվական – 255 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 201 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ, 

1931 թվական – 209 հոգի, բոլորը՝ հայ: 

1828թ Մեղրին ընդգրկված է եղել Ղարաբաղի շրջանի կազմում, իսկ 1868-ին կազմել է Ելիզավետապոլի նահանգի Զանգեզուր գավառի մի մասը։ Խորհրդային Հայաստանի Մեղրիի շրջանը ձևավորվել է 1930թ սեպտեմբերի 9-ին: Հայկական ՍՍՀ վարչա-տերիտորիալ բաժանումը առ 1-ը մայիսի 1971 թ աշխատության մեջ նշված է, որ Մեղրու շրջանի տարածքը 664 քառակուսի կմ է, բնակավայրերի ընդհանուր թիվը 18 է, քաղաքատիպ ավանները՝ 2 (Ագարակ, Մեղրի), գյուղական խորհուրդները՝ 8:

Տեքստը և լուսանկարը՝ Թաթուլ Հակոբյանի

Լուսանկարում՝ տեսարան Մեղրու շրջանից

Կարդալ և դիտել նաև՝

https://www.aniarc.am/2021/10/03/meghri-region-1831-villages-list-korkotian/