Քարին Տակի անկումը. ՀԵՏՔ

939

Այս հրապարակումը պատրաստել են ՀԵՏՔ-ի Անյա Սարկիսովա, Գայանե Հովսեփյանը և Տիրայր Մուրադյանը: Այն հրապարակվել է 2021թ հունիսի 4-ին: 

ՄԱՍ ԱՌԱՋԻՆ

Նոյեմբերի 4-ին՝ ժամը 17:00-ի մոտակայքում, ադրբեջանական զորքը նոր գրոհ է սկսում Քարին Տակ գյուղի հյուսիս–արևմտյան ուղղությամբ: Քարին Տակում մնացել էր 3 գյուղացի՝ Բաղդասար Բաղդասարյանը, Արմեն Պողոսյանը և Սեյրանը, նրանց 3 ընկերը՝ Մուշեղը, Արտյոմը և Ստեփանը, և «Եղնիկների» մոտ 50 հոգանոց վաշտը: Գյուղում մնալն արդեն վտանգավոր էր։ Քարին Տակում մնացած գյուղացիները զինվորների հետ որոշում են դուրս գալ գյուղից:

Մարտերը գյուղում

Քարինտակցիների ջոկատը սեպտեմբերի 29-ից Հադրութի շրջանում էր: Հադրութից ջոկատը Քարին Տակ է տեղափոխվել հոկտեմբերի 23-ին: Հոկտեմբերի 27-ին թշնամին արդեն Քարին Տակից ուղիղ գծով 4.5 կմ հեռավորության վրա գտնվող Սղնախ գյուղի մերձակայքում էր:

Հոկտեմբերի 28-ին Շուշիում հրամանատարական կետում կայացած խորհրդակցությանը մասնակցել են նաև Քարին Տակ համայնքի ղեկավար Մխիթար Առուշանյանը և գյուղի պաշտպանական ուժերի հրամանատար Արթուր Առաքելյանը։ Այդտեղ է եղել նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Որոշվել է, որ Սղնախ և Քարին Տակ գյուղերի մեջտեղում գտնվող Չախմախ կոչվող տեղամասում գտնվող զինվորականների հետ գյուղացիները պետք է կազմակերպեն պաշտպանությունը։

Խորհրդակցությունից հետո Առուշանյանն ու Առաքելյանը վերադարձել են գյուղ, ապա՝ գնացել Չախմախ տեղամաս, որպեսզի որոշեն նոր դիրքերի տեղակայման վայրը: Տեղ հասնելուն պես հրետակոծություն է սկսվել: Խրամատում զոհվել են Մխիթար Առուշանյանը, Արթուր Առաքելյանը և նրա որդին՝ Կամո Առաքելյանը։

Ձևավորվել էր պաշտպանական 2 գիծ: Առաջնագծում ՄՈԲ-ը և Զինված ուժերի ստորաբաժանումն էին: Իսկ պաշտպանական 2-րդ գծում գյուղացիներից կազմված ջոկատն էր: Առաջնագիծը գտնվում էր Սղնախ և Քարին Տակ գյուղերի արանքում՝ Չախմախ կոչվող տեղամասում: Երկրորդ գծի ջոկատը պետք է մնար գյուղում, որ եթե թշնամուն հաջողվեր շրջանցել պաշտպանական առաջին գիծը, գյուղացիները դիմավորեին նրանց:

«Թուրքերը մի քանի անգամ առաջնագծի վրա հարձակվել են, հետ ենք մղել: Նոյեմբերի 2-ին հայկական կողմը նախատեսում էր հրետակոծություն իրականացնել, և որպեսզի մենք էլ չտուժեինք, առաջնագծում գտնվող մոտ 300 հոգանոց զորամիավորման (զինուժ և ՄՈԲ) հետ գյուղից դուրս գալու հրաման ենք ստացել: Ճանապարհն էլ էինք անցել, որովհետև սպասում էինք, որ մերոնք պիտի լավ ռմբակոծեն, բայց համարյա ոչ մի բան էլ չարեցին։ Հետո սպասում էինք, որ մեզ ասեն՝ հետ դառեք, չասացին, մենք ինքներս հետ եկանք գյուղ, գյուղացիներին էլ կանչեցինք, զորքն էլ հետ եկավ»,– պատմում է Բաղդասար Բաղդասարյանը։ Նոյեմբերի 3-ին ողջ օրը գյուղը հրետակոծվում էր:

Նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը թշնամուն արդեն հաջողվել էր մոտենալ Քարին Տակի ծայրամասերին: Գյուղը հրետակոծվում էր տարբեր կողմերից: Նոյեմբերի 4-ի առավոտյան թշնամին հարձակում է նախաձեռնում գյուղի ներքևից՝ Սղնախ- Քարին Տակ ճանապարհի՝ գյուղ մտնող հատվածից: Այդտեղ գյուղի ջոկատի տղաներն էին գիծը պաշտպանում: Առաջին գրոհը հետ են մղում: Թշնամին չի կարողանում մտնել գյուղ, հետ է քաշվում, սկսում է նորից հրետակոծել:

Քարին Տակի անկման օրը

«Նոյեմբերի 4-ին՝ կեսօրից հետո, աջ թևի (հյուսիս–արևմտյան) դիմացը պահող զորքն էլ նահանջեց՝ մոտ 250 հոգանոց, ՄՈԲ-ն էլ: Հրամանատարին հարցրի՝ ինչի՞ եք հելել, ասեց՝ հրաման ենք ստացել, պիտի դուրս գանք գյուղից: Գնդապետ Արմեն Բարխուդարյանն է հրաման տվել, որ էդ 250 հոգանոց ՄՈԲ-ը դուրս գա: Վերջին զորքն էր՝ մեզնից բացի: Մի 2 ժամ էդ տղաներին մոտս պահեցի, ձգձգեցի, որ դուրս չգան, չստացվեց: Էդ գնդապետը զանգեց, ասաց՝ ինչի՞ չես թողնում դուրս գան, սկզբից վախեցրի, որ չեմ թողնելու դուրս գան, բացատրեցի, որ պիտի մնան ստեղ, չստացվեց: Գնդապետն ասեց՝ թող իրանք դուրս գան, ես ձեզ օգնություն ուղարկելու եմ, մինչև էսօր ուղարկում ա: Առաջնագիծն արդեն միակողմանի էր դարձել, ձախ թևը մնացել էր բաց (հյուսիս–արևելյան հատվածը), հենց էդ ձախ թևով էլ հարձակվեցին գյուղի վրա, արդեն մտել էին մեր գյուղի տարածք»,- վերհիշում է Բաղդասար Բաղդասարյանը:

Նոյեմբերի 4-ին՝ կեսօրին, գյուղից հանվել են պաշտպանական ուժերը (ՄՈԲ-ը)՝ մոտ 250 հոգի: Դրանք տեղակայված էին Սղնախ գյուղից դեպի Քարին Տակ գնացող ճանապարհի աջ կողմի (արևելյան) բարձունքներում: Զորքը դուրս բերելուց հետո գյուղում մնացել է մոտ 50 հոգի` գյուղի ջոկատը և «Եղնիկներից» բերված վաշտի մի մասը: Նրանք հրաժարվել էին զորքի հետ նահանջել: Գյուղացիները հետ են քաշվել գյուղի հարավ–արևելյան (նախկին մետաքսի ֆաբրիկայի մերձակայք) մասից՝ տեղափոխվել են հյուսիս-արևմուտք (գյուղի նոր թաղամասի կողմում): Գնդապետ Արմեն Բարխուդարյանի հրամանով ՄՈԲ-ի ստորաբաժանումը դուրս է եկել գյուղից: Նա Քարին Տակի ջոկատի տղաներին ասել է, թե գյուղից դուրս գալու հրաման են ստացել, հետո իրենց օգնություն կուղարկեն: Մեր բազմաթիվ փորձերը՝ գնդապետ Արմեն Բարխուդարյանից պարզաբանումներ ստանալու, ապարդյուն անցան։ Նա հեռախոսազանգերին եւ հաղորդագրություններին չի պատասխանում:

 

Քարինտակցիները սկսել են քննարկել՝ ինչ անել. կամ պետք է կռվեին, մինչև բոլորը զոհվեին, որովհետև թշնամին օգտագործում էր բոլոր տեսակի զինատեսակները, կամ պետք է նահանջեին: Գրեթե բոլորը մինչև վերջ կռվելու կողմնակից էին, այսինքն՝ զոհվելու: Բաղդասարը, որն ամենատարեցն էր և գյուղի ջոկատի հրամանատարի՝ Արթուր Առաքելյանի զոհվելուց հետո ինքն էր ղեկավարում ջոկատը, մի կողմ է քաշում գյուղացիներին եւ ասում. «Տղե՛րք, մենք չենք կարող այս տասնութ տարեկաններին թողնենք՝ այստեղ զոհվեն: Մենք, հա, զոհվենք, բայց էս երեխաներին ո՞նց թողնենք՝ էստեղ մնան»: Բոլորը լուռ էին, նրանք արդեն այդ զինվորների հետ ժամեր շարունակ մարտի մեջ էին ու գիտեին, որ նրանցից ոչ ոք չի նահանջի: Բաղդասարի հետ Արմենն ու Սեյրանը չեն համաձայնել, Բաղդասարին խնդրել են այնպես անել, որ վերջին ջոկատը գյուղից դուրս չգա: Բաղդասարն ասել է, որ իրենց ուժերն արդեն քիչ են թշնամուն կանգնեցնելու համար, և շուտով թշնամին շրջապատելու է իրենց, իսկ իրենք այդքան զինամթերք էլ չունեն, մարտը երկար չեն կարող շարունակել։

«Բաղդասարի աչքերը ջրակալեցին, ասաց՝ խնդրում եմ, բեր էս տղերքին հանենք ստեղից, ես իմ կյանքն ապրել եմ, բա էս տղե՞րքը, ախպոր պես, արի էս տղերքին հանենք ստեղից, ես ասում էի՝ մեր գյուղ կյանքում թուրք չի մտել, ո՞նց թողնենք»,- պատմում է Արմենը։

 

Առավոտյան հյուրանոցի սրահում պատահաբար հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանին։ Արմենի ընկերներից մեկը՝ Մուշեղը, որ պատերազմին մասնակցելու համար Մոսկվայից էր եկել, վիճաբանության է բռնվել Տիգրան Ավինյանի հետ, Ավինյանն ասել է, թե Քարին Տակը հայկական վերահսկողության տակ է։ «Տիգրան Ավինյանին ես չէի էլ ճանաչում, Մուշեղն ասեց՝ փոխվարչապետն է, ասեց՝ տեսեք՝ ինչ է ասում, ասում է Քարին Տակը մերոնց ձեռքին է, ես ասում եմ՝ չգիտեմ՝ մերոնց ասելով դու ում նկատի ունես, բայց գիշերը վերջինը մենք ենք Քարին Տակից դուրս եկել, որովհետև զորք չկար ու մենակ էինք, ո՞նց ես ասում՝ Քարին Տակը մերոնց ձեռքին է»,- պատմում է Արմենը։

Նոյեմբերի 5-ի երեկոյան Արմեն Պողոսյանը Սեյրանի ու մի քանի տղաների, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի հետ գնացել են Շուշիի վերևից դիտարկել ժայռի տակ գտնվող Քարին Տակի անցուդարձը: Վարագը մի քանի ժամ նրանց հետ կռվել է հակառակորդի դեմ, հետո ասել է, որ պետք է գնա հանդիպման, որից հետո կգա և նորից կմիանա Արմենենց։ Սեյրանն ասում է, որ Վարագը Շուշիի քաղաքապետարան էր գնացել, հետո զանգահարել է տղաներին ու ասել, որ չի կարող վերադառնալ, քանի որ Շուշիում մարտեր են սկսվել։ Արմենի խոսքով՝ գյուղում մոտ 40 ադրբեջանցի էր շրջում։ Մոտ 2 ժամ բարձունքից գնդացրով կրակել են նրանց ուղղությամբ։ Երբ արդեն մութն ընկել է, մառախուղը ծածկել է գյուղը, տեսանելիությունը վատացել է։ Գյուղից Շուշի բարձրացող ժայռի վրայի արահետի տարբեր հատվածներում նրանք թակարդներ են տեղադրել, հետ եկել, դիրքավորվել: Ժամանակ առ ժամանակ առաջ են եկել, կրակել արահետի ուղղությամբ: Ցերեկը ժայռի վրա՝ տարբեր հատվածներում, դիրքավորված զինվորներ են եղել: Արմենը նրանց դիրքերի ուղղությամբ գնացել է, տեսել, որ դրանցում մարդ չկա: Ձայն է տվել, գոռացել, ոչ մի արձագանք: Այդ տարածքում ոչ ոք չի եղել, մնացել են 5 հոգով։ Ժայռի վրայից տեսել են, որ ճանապարհով ադրբեջանական 4 մեքենայից կազմված ավտոշարասյունը գնում է դեպի Շուշի։ Արմենը սկսել է մեքենաների ուղղությամբ անկանոն կրակոցներ արձակել՝ նրանց շեղելու համար։ Տղաները նրան ասել են, որ իրենց մենակ են թողել։ Արմենը չի հավատացել։ Տղաներն առաջարկել են լքել բարձունքը, քանի որ նորմալ զենք չեն ունեցել, զինամթերքն էլ վերջանում էր: Մառախուղը փակել է գյուղի տեսանելիությունը։ Տղաները ռադիոկապ էլ չեն ունեցել։ Նրանցից մեկն Արմենին ասել է, որ հեռախոսով խոսել է ընկերոջ հետ, իրեն տեղեկացրել են, որ Շուշիում մարտեր են սկսվել։ Արմեն և 4 տղա իջել են բարձունքից, շարժվել դեպի Շուշի: Մութ է եղել, տարբեր տեղերից լսվել են կրակոցների ձայներ, սակայն պարզ չի եղել, թե ովքեր են կրակողները: Որոշել են Շուշին շրջանցելով՝ իջնել դեպի Ստեփանակերտ, այնտեղ պարզել՝ ի՞նչ է կատարվում Շուշիում: Կեսգիշերին հասել են Ստեփանակերտ, գիշերել հյուրանոցում՝ նորից վճարելով: Նոյեմբերի 6-ի առավոտյան շարժվել են դեպի Շուշի։ Շուշիի մուտքի բենզալցակայանի մոտ տեսել են, որ հայկական զորքն իջնում է Շուշիից: Սկզբում չեն հասկացել, թե ինչ է կատարվում։

«Մեծ թվով զինվորներ իջնում էին ճանապարհով, քիչ վերեւում կրակոցներ էին։ Էնպիսի տպավորություն էր, որ մարդկանց դիտավորյալ բերել են էդտեղ կոտորելու, ոչ մի օպերացիա կազմակերպված չէր։ Մենք մի քիչ էլ առաջ ենք գնում, այնտեղ մարտ էր, մենք էլ 5 հոգով կռվի ենք բռնվում»,- պատմում է Արմենը։

Զինվորներից մեկը կռվի ընթացքում վիրավորվել է, տղան Արմենին խնդրել է դուրս բերել իրեն այդտեղից։ Արմենը մտածել է՝ ինչ գնով էլ լինի, այդ զինվորին դուրս պետք է բերի։ Շտապօգնության 4 մեքենա է եկել, բայց տեղ չի հասել։ Ադրբեջանցի դիպուկահարը խոցել է շտապօգնության 5-րդ մեքենան։ Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։ Արմենը վիրավոր զինվորին փորձել է տեղավորել մեքենայի մեջ, այդ ընթացքում թշնամին հրթիռակոծել է։ Արմենը ոտքի շրջանում տաքություն է զգացել, սկզբում թվացել է, թե ոտքն ինչ-որ տեղի է հարվածել, բայց հետո զգացել է, որ վիրավորվել է։ Հրթիռակոծության ժամանակ շտապօգնության մեքենան շարքից դուրս է եկել։ Մուշեղը՝ Արմենի ընկերը, շալակել է վիրավոր զինվորին, հանել կռվի դաշտից, ապա վերադարձել Արմենի մոտ։ Արմենն այդ ժամանակ ոտքից 2-րդ անգամ է վիրավորվել։ Հեռախոսով կապվել է ընկերների հետ ու տեղեկացրել, որ վիրավորվել է։ «Ինձ քարշ տալով՝ հասնում եմ տղաների մոտ, օգնում, գցում են «ՈՒԱԶ»-ի մեջ, տանում են հիվանդանոց»,- պատմում է Արմենը։ Ստեփանակերտի հիվանդանոցում Արմենն իմանում է, որ ադրբեջանցիները Շուշիում են։

Տիգրան Շահբազյանը ՄՈԲ-ի կազմում հոկտեմբերի 17-ից մասնակցել է ռազմական գործողություներին։ Սկզբում Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղում է եղել, ապա՝ Հադրութի շրջանի Մոխրենես գյուղում։ Հադրութից նահանջելուց հետո Ասկերանում ձևավորված հատուկ գնդի 150-200 հոգանոց կազմով տեղափոխվել են Քարին Տակ գյուղի անտառներ։ Հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 4-ը Տիգրան Շահբազյանն իր զինակից ընկերների հետ Քարին Տակի մատույցներում է եղել, նույն դիրքում։

Տիգրանի պատմելով՝ նոյեմբերի 4-ին՝ լույսը չբացված, մոտավորապես ժամը 3։30-ին, ուժեղ հրետակոծություն է սկսվել, ամեն կողմից ինքնաձիգի ձայն է լսվել, հետևում Սղնախն է եղել, ու նրանք սպասել են, որ ադրբեջանական զորքը պիտի Սղնախից գա: Նոյեմբերի 4-ի լուսաբացին կրակոցները շատ մոտ են լսվել։ ՄՈԲ-ի տղաները նահանջի հրաման են ստացել ու իջել են դեպի Կարկառ գետը։ Գումարտակը տարբեր կողմերից հավաքվել է գետի մոտ, բարձրացել Քարին Տակ, գյուղի խրամատներում դիրքավորվել, ադրբեջանցիներն էլ գնացել են այն վայրը, որտեղ Տիգրանենց գումարտակն է եղել հոկտեմբերի 31-ից։ Տիգրանենց զորքը գյուղում մնացել է մինչև նոյեմբերի 4-ի ժամը 15:00-ն։

Քարին Տակից մի քանի հոգու հոկտեմբերի 24-ին հանդիպեցինք Քաշաթաղի հրետանային մարտկոցում։

Աշխարհազորի կազմում Քարին Տակ գյուղի տղամարդկանցից 25-ը պատերազմին մասնակցել է տարբեր ուղղություններում։ Պատերազմին մասնակցած քարինտակցի ոստիկանների, Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցների և ժամկետային զինծառայողների թիվը 64 է։

Քարին Տակ գյուղի մարտերի, ռազմական գործողությունների վերաբերյալ հատվածներն առաջիկայում կարող են թարմացվել։ Մարտերին մասնակցած անձինք կարող են կապ հաստատել «Հետք»-ի խմբագրության հետ։

Զոհերը

Քարին Տակ գյուղը պատերազմի ժամանակ 7 զոհ է տվել։ Գյուղի պաշտպանական մարտերում զոհվել է համայնքի ղեկավար Մխիթար Առուշանյանը, գյուղի ջոկատի հրամանատար Արթուր Առաքելյանը և նրա որդին՝ Կամո Առաքելյանը։ Մարտունիում մարտերի ժամանակ զոհվել է Քարին Տակի դպրոցի տնօրենի որդին՝ Ալեքսեյ Հովհաննիսյանը։ Մարտունիում են զոհվել նաև Գերասիմ Հովհաննիսյանը և Արսեն Ավանեսյանը։ Քարինտակցի փոխգնդապետ Մխիթար Հովհաննիսյանն էլ զոհվել է Ջրականում (Ջաբրայիլ), իսկ հետախուզական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Լեռնիկ Վարդանյանից մինչ օրս ընտանիքը լուր չունի:

Լեռնիկ Վարդանյանի անունը հրապարակվել է պատերազմում զոհվածների առաջին ցանկում, սակայն մինչ օրս հարազատները հույս ունեն, որ Վարդանյանը չի զոհվել, այլ գերեվարվել է։ 1978 թ.-ին ծնված Լեռնիկ Վարդանյանը կոչումով փոխգնդապետ էր, պատերազմից օրեր առաջ էր գումարտակի հրամանատար նշանակվել։ Լեռնիկ Վարդանյանի մանկության ընկեր Քաջիկ Գասպարյանն է վերջին անգամ հեռախոսով խոսել Լեռնիկի հետ։ Սեպտեմբերի 27-ի առավոտյան Քաջիկը զանգահարել է ընկերոջը՝ իմանալու, թե ինչպես է նա։ Լեռնիկն ընդամենը մեկ բառ է ասել՝ սկսվել է։ Գիշերը փորձել է նորից խոսել ընկերոջ հետ, սակայն հեռախոսազանգերն անպատասխան են մնացել։ Վերջին զանգից մեկ րոպե չանցած՝ Լեռնիկն է զանգահարել Քաջիկին։

«Ուրախացած վերցնում եմ, ասում եմ՝ ի՞նչ կա, եղբայր, ո՞նց ես։ Ասում է՝ ո՞վ է։ Ասում եմ՝ Քաջիկն է, Լեռնիկ, ո՞նց՝ ով է։ Ասեց՝ լավ չեմ, ախպեր ջան, ատբոյ տուր։ Էլ, ճիշտն ասած, չեմ հարցրել՝ ո՞նց ես, որտեղի՞դ է կպել։ Ինքը չէր սիրում երկար խոսել։ Ու մինչ այսօր ոչ մի լուր, տեղեկություն չկա Լեռնիկից»,- զրույցը վերհիշեց Քաջիկ Գասպարյանը։

Լեռնիկ Վարդանյանի ծնողներին հանդիպեցինք Ստեփանակերտում։ Հայրը՝ Արեգ Վարդանյանը, ասաց, որ որևէ տեղեկություն չունեն որդուց։ Միայն իմացել են, որ զինծառայողների՝ մարտադաշտից հայտնաբերված անճանաչելի աճյուններն ու մասունքները փորձաքննության են ենթարկել։ Հարազատներին ասել են, որ համընկնում կա Լեռնիկի հարազատների հետազոտությունների և հայտնաբերված մասունքների միջեւ։ Սակայն Լեռնիկի հարազատները ԴՆԹ փորձաքննության արդյունքներին չեն վստահում, ցանկացել են արտերկրում նույն փորձաքննությունն անցնել։ Գործընթացից դեռ լուր չկա։

Պատերազմի սկզբից քարինտակցիների մի մասը Հադրութում էր: Սեպտեմբերի 29-ին Արսեն Ավանեսյանը գյուղի այլ կամավորների հետ գնացել է Հադրութ, որտեղ էլ հոկտեմբերի 3-ին զոհվել է: Պատերազմի ժամանակ Հադրութում՝ Արսեն Ավանեսյանի զբաղեցրած դիրքում, վիրավորներ են եղել, որոնց հանելիս խնդրել են՝ մի քանի հոգի գնան օգնության: Խրամուղով վիրավորների մոտ գնալիս արկը պայթել է Արսենի դիմաց: Երբ մյուսները հասել են օգնության, մարմինն արդեն այրվելիս է եղել։ «Հետք»-ի հետ զրույցում Բաղդասար Բաղդասարյանը պատմեց, որ թղթի վրա գրել է Արսեն Ավանեսյանի անուն, ազգանունը, դրել մարմնի վրա և խնդրել, որ մարմինները տեղափոխող անձինք թուղթը չկորցնեն:

«Դուխով տղա էր, կատակասեր, ոչ մի բանից չէր վախենում: Թշնամին որ կողմից գալիս էր, էդ ուղղությամբ օգնության էր հասնում»,- նշում է համագյուղացին: Արսեն Ավանեսյանին Քարին Տակում էին հուղարկավորել, վերջերս, խաղաղապահների հետ բանակցության արդյունքում, մարմինը կարողացել են հանել գյուղի գերեզմանատնից և վերահուղարկավորել Եռաբլուրում: Արսեն Ավանեսյանը ծնվել էր 1967 թվականին: Ամուսնացած էր, ուներ դուստր և որդի: Նա նաև Արցախյան առաջին պատերազմի մասնակից էր: Առաջին պատերազմից հետո Արսենը որոշ ժամանակ բնակվել է Ասկերանում, 2000-ականներին տեղափոխվել է Քարին Տակ, որտեղ ապրում էր մոր՝ Արմենուհի Ավանեսյանի հետ:

Քարին Տակը մեկ քաղաքացիական զոհ է ունեցել։ Երբ գյուղացիները հարկադրաբար դուրս են եկել գյուղից, գյուղը չի լքել միայն 58-ամյա Ալվարդ Թովմասյանը, որի հետ վերջին անգամ նոյեմբերի 5-ին են հարազատները խոսել հեռախոսով։ Նա 2-րդ խմբի հաշմանդամ էր, մտավոր խնդիրներ ուներ։ Պատերազմից հետո նրան համարել են անհետ կորած, և միայն այս տարվա հունվարի 14-ին են գտել մասնատված մարմինը։

Քարինտակցիների միգրացիան

Պատերազմի պատճառով գյուղը հարկադրաբար լքել են նախ՝ կանայք և երեխաները, իսկ գյուղը հանձնելուց հետո՝ պաշտպանական գործողություններում ներգրավված տղամարդիկ։ Տեղահանվածների մեծ մասը սկզբում ժամանակավոր բնակություն է հաստատել Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում։ Պատերազմի ավարտից ամիսներ անց գյուղացիների ճնշող մեծամասնությունը վերադարձել է Արցախ։ Նրանք բնակվում են հյուրանոցներում, հարազատների տներում, մի մասն էլ՝ վարձով, այլ անձանց բնակարաններում։

Գյուղի նյութական կորուստները

Արցախի կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի տվյալներով՝ Քարին Տակ գյուղում գրանցված է եղել 195 շենք-շինություն։ Բնակելի տների թիվը եղել է 169, հասարակական նշանակության շինությունները՝ 16, արտադրական՝ 10։ Գյուղում առկա 232 հեկտար հողակտորից 24 հա-ն վարելահող էր, 56 հեկտարը՝ խոտհարք, իսկ 73 հեկտարը՝ արոտավայր։ 2,7 հեկտար հողակտորի վրա բազմամյա տնկիներով այգի էր։ Քարին Տակ գյուղից հարավ-արևմուտք ձգվում են անտառային հողերը։ Հատուկ պահպանվող տարածքները գյուղի վարչական տարածքում կազմել են 65 հա։ Մնացած հողակտորները փոքր մակերեսներով եղել են էներգետիկայի, տրանսպորտի և ենթակառուցվածքների կատեգորիայի հողեր։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի և բարերարների միջոցներով կառուցվել է Քարին Տակ գյուղի մանկապարտեզը, համայնքային կենտրոնը։ Վերանորոգվել է գյուղի դպրոցի մարզադահլիճը։ Հիմնադրամի ծրագրի շրջանակներում վերակառուցվել է Քարին Տակ գյուղի 5 կմ երկարությամբ ջրամատակարարման համակարգըտեղադրվել են արևային տաքացուցիչներ։ Միայն համայնքային կենտրոնի, մանկապարտեզի, դպրոցի մարզադահլիճի և ջրագծերի ծրագրերի համար Հիմնադրամի միջոցներից ծախսվել է 816 հազար ԱՄՆ դոլար։

Քարին Տակ գյուղի տարածքում գտնվող քարանձավում պեղումները սկսվել են 2016 թվականից: Հնագետներին հաջողվել է հասնել 7-8 հազար տարվա հնագիտական շերտին։ Պեղումների ընթացքում հայտնաբերվել են տարբեր վայրի կենդանիների ոսկորներ, սերմեր, մարդու ոսկորներ, բայց ամբողջական մարդու կմախք քարանձավի տարածքում չի հայտնաբերվել։ Քարին Տակի պեղումները ղեկավարող կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանի խոսքով՝ քարանձավի հնագիտական շերտը մոտ 6,5 մետր խորություն ունի, ինչը նշանակում է, որ այն կարող է ունենալ 40-50 հազար տարվա պատմություն։ Հնագետների խմբի ղեկավարն ասում է, որ տարածքում որոնողական աշխատանքներ կատարվել են 2014 թվականից։

 

Քարին Տակում 2017 թվականի հուլիսի 10-ին արգենտինահայերի հովանավորությամբ շահագործման էր հանձնվել մանկապարտեզի նոր շենք: «Հայաստան» համահայկական հիմնադրամը մանկապարտեզի կառուցման համար հատկացրել էր 374 հազար 938 ԱՄՆ դոլար: Մանկապարտեզի տնօրեն Մանուշ Պետրոսյանի խոսքով՝ նոր շենքի կառուցումից հետո երեխաների թվի աճ է նկատվել: Սկզբում երեխաների թիվը տատանվել է 25-28-ի շրջանում, այդ ժամանակ մեկ խումբ է գործել: 2020 թվականի սեպտեմբերին որոշվել էր բացել 2-րդ խումբը, որի համար հերթագրվել էր 15 երեխա. նրանք մանկապարտեզ պետք է հաճախեին հոկտեմբերի 1-ից:

Քարին Տակի ժողովրդագրական պատկերը 2020 թ.-ի դրությամբ (ըստ տարիքի և սեռի)

Գյուղում մանկապարտեզային տարիքի ոչ բոլոր երեխաներն են հաճախել մանկապարտեզ: Ըստ մանկապարտեզի տնօրենի՝ պատճառը, հավանաբար, 6000 դրամ ամսավճարն էր:

«Ընդհանուր հաշվով, Քարին Տակում նախադպրոցական տարիքի 85 երեխա կար, որոնցից ընդամենը 40-ն էր (ներառյալ՝ հոկտեմբերի 1-ից հաճախողների թիվը) մանկապարտեզ հաճախելու»,- պատմում է Մանուշ Պետրոսյանը: Վերջին 3-4 տարիներին գյուղում ծնելիության աճ էր զգացվում: Օրինակ՝ 2016-2019 թվականներին տարեկան 17-18 երեխա էր ծնվում Քարին Տակում: Մանկապարտեզը մարտի կեսերից կորոնավիրուսի պատճառով չէր աշխատում: Այն վերաբացվել էր սեպտեմբերի 14-ին: «Թուրքերը վիդեոներ են դնում համացանցում, Քարին Տակի մանկապարտեզը ոնց որ իրանց համար բազա են սարքել, ու պատկերացնում եմ, որ գնանք Քարին Տակ, մանկապարտեզից արդեն ոչինչ չեմ տեսնի այդ շենքում, հաստատ չեմ տեսնի, բայց ավելի շատ վստահ եմ, որ այն բարերարները, որ օգնել են մանկապարտեզի այդ գեղեցիկ շենքի կառուցումն իրականացնել, անպայման նորից կօգնեն»,- ասում է Մանուշ Պետրոսյանը:

Գյուղի պատմությունը

Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղը հիմնադրվել է 18-րդ դարում, 1700-ական թվականներին: Պատմության մեջ գյուղի մասին առաջին հիշատակումները 18-րդ դարի են։ Քարին Տակի ներկայիս բնակիչների մի մասի պապերը Հադրութի շրջանի Խծաբերդ և Մեծ Թաղլար գյուղերից, Վարանդայի գավառի Շենատեղեր կոչվող տարածքից 18-րդ դարի երկրորդ կեսին եկել ու հաստատվել են գյուղում:

Այս մասին մեզ հայտնեց Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախկին նախարար, ԱՀ ԱԺ նախկին պատգամավոր, ծնունդով քարինտակցի Լեռնիկ Հովհաննիսյանը։

Քարին Տակում բնակիչների հիմնական զբաղմունքը եղել են երկրագործությունն ու անասնապահությունը: 19-րդ դարում տարածված է եղել նաև փայտի առևտուրը։ Քարին Տակի տարածքում եղել է 23 ջրաղաց, թթի 11 այգի։ Զարգացած են եղել նաև կաշվի մշակումն ու կավագործությունը։ 1880-ական թվականներից Քարին Տակում գործել է մետաքսագործական ֆաբրիկա, որը կառուցել է Շուշիի առևտրական Դանիել Ահարոնյանը: Այնտեղ աշխատել է 55 բանվոր։ Գյուղացիներն օգտագործում էին ինչպես գյուղի 24 հա վարելահողերը, այնպես էլ 210 հա հող Ասկերանի շրջանի Վերին Սզնեք, Կարմիրգյուղ, Սղնախ համայնքներից։

«Քարին Տակ»-ը գյուղի հիմնական անվանումն է, բայց այն ադրբեջանցիները թարգմանել և դարձրել են Դաշալտը։ Գյուղի բնակիչները նախ մասնակցել են 1826-1828 թթ. հայ-պարսկական պատերազմին, ապա՝ 1905 թվականին, ներգրավվել են հայ-թաթարական ընդհարումներում, 1918-1920 թթ.-ին՝ ազգային-ազատագրական պայքարում։ 1941-1945 թվականներին մեծաթիվ գյուղացիներ մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին։ Մեծ է եղել քարինտակցիների դերը 1992-ի Արցախյան առաջին պատերազմում, հատկապես՝ Քարին Տակի հերոսամարտի օրը՝ հունվարի 26-ին։ Գյուղացիները մասնակցել են 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմին։ Արցախյան երկրորդ պատերազմում քարինտակցիները մինչև նոյեմբերի 4-ը գյուղի ինքնապաշտպանությունն են կազմակերպել։

Արցախյան առաջին պատերազմում առանձնահատուկ նշանակություն է ունեցել 1992 թվականի հունվարի 26-ի Քարին Տակի հերոսամարտը։

Քարինտակցիների ապագայի պլանները ներկայանում ենք ստորև ինֆոգրաֆիկայում։ 

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի, Սարո Բաղդասարյանի, ինֆոգրաֆիկաները՝ Արտակ Կոլյանի, Արամ Խաչատրյանի, «Հետք Մեդիա գործարանի» ուսանողներ Կարին Մանուկյանի, Հայկ Մակիյանի, Սուսինա Խաչատրյանի, Սոնա Ներսեսյանի, Հրանուշ Դերմոյանի և Մերի Ստեփանյանի։

ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

Մարտերը Քարին Տակում, նահանջն ու գյուղի անկումը․ մաս 2

Այս հրապարակումը լույս է տեսել ՀԵՏՔ-ում՝ 2021թ հուլիսի 24-ին: Հեղինակը Տիրայր Մուրադյանն է:

Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղը 2020 թ.-ի նոյեմբերի 4-ի երեկոյան անցել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ Մինչ այդ, սակայն, հարևան Սղնախ գյուղի մոտակայքում գտնվող «Չախմախ» տեղամասում և դեպի Քարին Տակ տարբեր հատվածներում մարտեր են ընթացել։

Քարին Տակի անկումը. մաս 1

Հոկտեմբերի 24-ին, երբ դեռ Ավետարանոց և Սղնախ գյուղերը հակառակորդին չէին անցել, «Եղնիկներում» գտնվող ՄՈԲ-ը (նրանց հետ նաև պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողներ), Մռավում գործողություն կատարելու նախնական պլանի փոխարեն, հանձնարարություն է ստանում մեկնել Քարին Տակ։

«Եղնիկների» զորամասի հրամանատար Կարեն Ջալավյանի (Քյոխ) հրամանով Քարին Տակ են մեկնում կամավորականներից բաղկացած «Քեռու ջոկատից» 9 հոգի, «Եղնիկների» հետախուզական դասակից 12 հոգի, նույն զորամասից ևս 12 պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայող, ինչպես նաև պահեստազորայիններ, որոնց մեջ է եղել հետագայում հետմահու «Արցախի հերոս» կոչմանն արժանացած Հակոբ Հարությունյանը։ Ընդհանուր՝ մոտ 40 հոգի։ Զորքի հրամանատար է նշանակվել Կարեն Ջալավյանի՝ սպառազինության գծով տեղակալ, փոխգնդապետ Արմեն Վարդանյանը։ Հոկտեմբերի 27-ին նրանց է միացել Հադրութից բերված ժամկետայինների մոտ 50 հոգանոց վաշտը՝ հրամանատար Գեղազնիկ Տոնոյանի գլխավորությամբ։

«Քեռու»՝ Հայկ Մանուկյանի ջոկատը, Քարին Տակ հասնելուն պես տեղակայվել է գյուղի դպրոցում։ Այնուհետև 5-6 հոգանոց խմբով գնացել են «Չախմախ» տեղամաս, որը գտնվում է Քարին Տակ և Սղնախ գյուղերի մեջտեղում՝ ավելի մոտ Սղնախին։ Սղնախ գյուղում հանդիպել են գյուղապետ Եղիշե Ղահրամանյանին, ապա վերադարձել Քարին Տակ և զորքին տեղափոխել «Չախմախ» տեղամաս՝ դիրքավորելու։ Դիրքավորվելուց հետո Հայկ Մանուկյանը, Արման Պետրոսյանը մի քանի հոգու հետ լինում են Ավետարանոցում և Սղնախում։

Հոկտեմբերի 28-ին Սղնախը գրավելուց հետո այնտեղի գյուղացիներից կազմված ՄՈԲ-ը նահանջում է դեպի «Չախմախ» տեղամաս, հետո՝ Ստեփանակերտ։ «Քեռու ջոկատի» կազմում պատերազմին մասնակցած Արման Պետրոսյանի խոսքով՝ այդ հատվածում «լինիայի» հրամանատարը, ում ընդհանրապես չեն տեսել, ՊԲ գեներալ Արթուր Հարությունյանն էր, որին «33» էին ասում։ «Լինիայի» պատասխանատուն եղել է ՊԲ հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը։

Սղնախի՝ ադրբեջանցիների կողմից գրավվելուց հետո «Չախմախ» տեղամասում տղաները դիրքերի ամրացման աշխատանքներ են իրականացրել։

Հոկտեմբերի 29-ին տեղամաս են գալիս Քարին Տակի գյուղապետ Մխիթար Առուշանյանը, գյուղի պաշտպանական ջոկատի հրամանատար Արթուր Առաքելյանն ու նրա որդին՝ Կամո Առաքելյանը։ Տեղ հասնելուց րոպեներ անց, ըստ Արման Պետրոսյանի, ռումբից երեքն էլ զոհվում են։

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Սղնախից շարժվում է «Չախմախ» տեղամաս։ Դիտարկում իրականացնող Հադրութի վաշտի ժամկետային զինվորներից մեկը ռացիայով հայտնում է, որ հակառակորդը մոտենում է։ Հրաձգային զենքերից մեր տղաների մոտ եղել է նռնականետ և առանց հրթիռների «Մետիս» հակատանկային հրթիռային համակարգ։ «Մետիս»-ը տեղափոխել են, և այդ դիրքն օգտագործել է «ПК» տեսակի գնդացրորդը։ Փոխհրաձգություն է սկսվել, որը ժամեր է տևել։ Խմբված ադրբեջանցիներին խոցելու համար հակատանկային նռնականետից 17 կրակոց են արձակել։ Ադրբեջանցիներն այդ ընթացքում 4 գրոհ են կազմակերպել, որպեսզի կարողանան «Չախմախից» Քարին Տակ տանող ճանապարհը վերցնել։

Վերջին գրոհից 1 ժամ անց «Չախմախից» դեպի հյուսիս-արևելք գտնվող դիրքերից մեկից իջնում են «Եղնիկների» հետախուզական դասակի զինվորները, ապա՝ նահանջում։ Արման Պետրոսյանը կապ է հաստատում նրանց հրամանատար Եգանյանի հետ և պարզում, որ հրամանատարն ավելի վաղ է նահանջել։

 

 

Ադրբեջանական ուժերը «Չախմախի» ուղղությամբ հարձակում գործելուն զուգահեռ, այլ խմբերով շրջանցել են տեղամասը, Քարին Տակ գյուղը և առաջացել դեպի Նաբիլար երբեմնի գյուղ, ապա հատելով Լիսագոր-Շուշի ճանապարհը՝ գնացել են «Իսայի աղբյուր» (Իսաբուլաղ) կոչվող տարածք և շարժվել դեպի Շուշի։

Հոկտեմբերի 31-ին «Չախմախում» մարտերը շարունակվել են։ Իրավիճակը քննարկել և ելքեր են փորձել գտնել Նարեկ Հովհաննիսյանը և Թովմաս Թովմասյանը (Արցախի հերոսներ, հետմահու), որոնք տեղակայվել են այն դիրքերում, որտեղից զորքը նահանջել էր։ «Նարեկը կապ տվեց ՊԲ, ասեց իրավիճակն այսպես է։ Թովմասն էլ ռացիայով Քյոխի հետ էր կապի: Քյոխը ասեց՝ թողեք գամ ես ընդհանուր ղեկավարեմ, դրանց ջարդեմ, տամ ձեզ, չթողեցին (ՊԲ-ից, հեղ․)»,- իրավիճակը վերհիշեց Արման Պետրոսյանը։ Նարեկ Հովհաննիսյանն առաջարկել է գրոհ կազմակերպել կարևոր նշանակություն ունեցող բարձունքը գրավելու համար։ Նրանք պատրաստվում են գործողության, սակայն տեղում կռվող տղաներին հրամաններ տալու համար ՊԲ-ի հրամանով Քարին Տակ է գործուղվում սպա Հարություն Մնացականյանը, որի եղբայրը՝ Գառնիկ Մնացականյանը, զոհվել էր Շուշիի մատույցներում պաշտպանական մարտերի ժամանակ վիրավորներին դուրս բերելուց։

Հարություն Մնացականյանը զորքին փոխանցում է ՊԲ-ի հրամանը, որ պետք է նահանջեն, որպեսզի կուտակված ադրբեջանական զորքին հրետանային համակարգով խոցեն։ Տղաները հավաքում են զենքերը և նահանջում Քարին Տակ գյուղ։ Մի մասը մնում է գյուղում, իսկ հիմնական մասը բարձրանում է դեպի Շուշի-Քարին Տակ խաչմերուկ։ Հենց խաչմերուկից էլ նոյեմբերի 1-ին «ՏՕՍ» համազարկային կրակի համակարգով 1 անգամ կրակահերթ է արձակվում Քարին Տակ և Սղնախ գյուղերի միջնամաս հասած հակառակորդի կենդանի ուժի ուղղությամբ։ Գործողությունն այդքանով ավարտվում է։

Հոկտեմբերի 31-ին մի կողմից նահանջում է «Եղնիկների» և Հադրութի զորքը, մյուս կողմից մոտ 250 հոգանոց ՄՈԲ է բերվում Քարին Տակ։ Նրանց հրամանատարը Արմեն Բարխուդարյանն էր։ ՄՈԲ-ը ձևավորվել է հոկտեմբերի 24-ին, Երևանում։ Նրանց մեջ եղել են պատերազմի առաջին օրերի մասնակիցները։ Հոկտեմբերի 26-ին գնացել են Արցախ, տեղակայվել զորամասերից մեկում, ապա հոկտեմբերի 31-ին շարժվել Քարին Տակ։

Հրետակոծությամբ պայմանավորված՝ Շուշիի Էլեկտրակայանի մոտից այլևս մեքենաները չեն իջել Քարին Տակ։ ՄՈԲ-ը ոտքով է իջել գյուղ՝ նպատակ ունենալով հասնել մինչ Սղնախ։ Ճանապարհին նրանք հանդիպել են «Չախմախից» նահանջող զորքին։

«Խոսում էինք հետները, իրենք չէին պատասխանում, հոգնած էին։ Միայն ասում էին՝ պատրոն վերցրեք, որքան շատ կարող եք։ Գյուղից դուրս գալով՝ գետն անցանք և բարձրացանք»,- պատմեց դասակի հրամանատար Վահե Գարեգինյանը։ Ճանապարհին նրանց է միացել «ANNA news» գործակալության նկարահանող խումբը և երբ փորձել են բարձրանալ «Չախմախ» տեղամաս տանող սարը, նկատել են ադրբեջանական զորքը, որը մի շարքով քայլելով առաջացել է։

Դասակի դիպուկահար Վարդան Ավետիսյանն էլ հիշում է, որ աղբյուրի մոտ դիրքավորվելու հրաման են ստացել։ «Աղբյուրի մոտի պավառոտի դիրքը վերցրինք ու նստանք։ Կռիվը սկսվեց, մինամյոտով էին խփում և այլն։ Հա՛մ մեր դիմացից էին կրակում, հա՛մ ճանապարհի տակից։ Երկու տեղից դուրս եկան։ Ես դիպուկահարն էի, խփում էի, բայց այնքան էին կրակում, որ չէի հասցնում դիրքավորվեի»,- պատմեց Ավետիսյանը։ ՄՈԲ-ի տեղակայված դիրքերից պարզ երևացել է Լիսագոր-Շուշի ճանապարհը։

Նոյեմբերի 1, 2-ին մարտերը ինտենսիվ բնույթ չեն կրել։ Ադրբեջանական ուժերը առաջխաղացման փորձեր են արել, սակայն ՄՈԲ-ին հաջողվել է հետ մղել։ Այդ ժամանակ պաշտպանական երկրորդ գծում, որը բաղկացած է եղել գյուղացիներից, ամրաշինական աշխատանքներ են իրականացրել։ Խրամատների մոտ գյուղացիները թաքստոց են կառուցել։

Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Քարին Տակում մառախուղ է եղել։ ՄՈԲ-ի գումարտակի մեկ այլ դասակի հրամանատար Արամ Պետրոսյանին իր զինվորներից մեկն ասել է, որ ձորակով շարժ է նկատել։ Սկզբում չեն հավատացել, բայց չեն էլ փորձել անլուրջ վերաբերել այդ լուրին։ Գիշերային դիտման սարքեր չեն ունեցել, իսկ դիպուկահար հրացանների (СВД) վրայի գիշերային տեսանելիության հեռադիտակներն օգուտ չեն տվել, քանի որ մարտկոցներում էներգիա չի եղել, մի մասինն էլ «նագարակալած» է եղել։ Հետո են պարզել, որ հակառակորդն այդ ձորակով ներթափանցել է գյուղ։ Նրանց նկատել են գյուղի պաշտպանական ջոկատի տղաները և գնդացրի կրակահերթերով կանխել առաջխաղացումը։

Նոյեմբերի 3-ին Արամ Պետրոսյանի խոսքով՝ ադրբեջանցիները Քարին Տակի գյուղացիներից կազմված ջոկատին խոցելու նպատակով «ՏՕՍ» համալիր են բերել, որը սարի հետևից դուրս է եկել գիշերը, լույսերը միացրել և կրակահերթ արձակել։  «Տեղը ճշգրտեցինք, մեռանք ռացիայով ասելով, որ էսինչ տեղն է, մի հատ մինամյոտ բերեք, խփեք։ «ՏՕՍ»-ին խփելը մի վայրկյան է, լուցկի էլ գցես, կտրաքի։ Ինչ արինք-չարինք, ըտենց էլ չխփեցին»,- պատմում է Արամ Պետրոսյանը։ Լուսադեմին նկատել են, որ ադրբեջանական ուժերը կուտակվել են մոտակա բլրի հետևում։ Տղաները մարտի են բռնվել, վիրավորներ տվել։

ՄՈԲ-ի կազմում մարտերին մասնակցած Վահե Գարեգինյանի դասակն էլ լուսադեմին նկատել է, որ մոտ 700 մետր հեռավորության վրա դիրքավորվել է հակառակորդը։ Այդտեղից էլ կրակ են վարել ՄՈԲ-ի դեմ։ Այդ պայմաններում դասակի դիրքը անհաջող է եղել, որոշ ժամանակ անց դիրքը փոխել են, րոպեներ անց ազատված դիրքի մեջ հակառակորդի արձակած արկն է ընկել։

ՄՈԲ-ի նահանջը 

«Նոյեմբերի 4-ի առավոտյան 11:00-ի կողմերը թշնամին փորձ արեց դեպի մեզ գալ, կրակում էինք, զոհեր ունեին, քարշ էին տալիս։ Այդ ժամանակ իրենք սկսեցին հրետանի օգտագործել։ Խփեցին մեր 3-րդ դասակի մեջ»,- պատմեց Վահե Գարեգինյանը՝ նշելով, որ դրանից հետո ռացիայով իրեն հայտնել են, որ դասակը շրջափակման մեջ է ընկնում, պետք է նահանջել։ Սկզբում կրակով ապահովել են, որ մյուս դասակները նահանջեն։ Երբ արդեն նահանջի իրենց հերթն է եկել, զգուշացրել են, որ իրենց դիրքից դեպի Քարին Տակ տանող ճանապարհն արդեն հակառակորդի վերահսկողության տակ է և հորդորել են ճանապարհով չնահանջել։

Նահանջի միակ ճանապարհը զառիթափ սարն է եղել, որտեղով գլորվելով զորքը իջել է Քարին Տակ։ Գետի մոտից Վահե Գարեգինյանը զեկուցել է հրամանատարությանը իրավիճակի մասին, որից հետո իր զորքի մի մասը նահանջել է դեպի Շոշ գյուղ, մյուսները՝ Քարին Տակով Շուշիի խաչմերուկ։ Դասակի հրամանատարը երկու հոգու հետ է եղել այդ ժամանակ, որից մեկը՝ վիրավոր։ Վիրավորին մեքենայով ուղարկել են, իրենք որոշ ժամանակ մնացել են Քարին Տակի դպրոցի մոտ։ Ժամը 17:00-ի սահմաններում իրենք էլ են նահանջել՝ բարձրանալով Շուշի-Քարին Տակ խաչմերուկ։ Այդտեղ հանդիպել են «Եղնիկների» զորքի մի մասին, որն ավելի վաղ է նահանջած եղել։

Դասակի հրամանատար Արամ Պետրոսյանն էլ իր դասակի նահանջը կազմակերպել և տեղակայել է Քարին Տակ գյուղում։ Կապ են հաստատել ՄՈԲ-ի հրամանատար Արմեն Բարխուդարյանի հետ, որը հարցրել է, թե կարող են արդյոք հետ գնալ, որտեղից նահանջել են։ Նրան տեղեկացրել են, որ հրետակոծությունն այնպիսին է, որ եթե իրենց ներկայիս տեղից էլ դուրս գան, զոհեր կտան։ Գյուղացիներն առաջարկել են, որ գետով դեպի Շոշ փորձեն նահանջել, բայց վերջում որոշել են նահանջել Քարին Տակի հիմնական ճանապարհի ուղղությամբ դեպի Շուշիի խաչմերուկ։

Դասակի հրամանատար Վահե Գարեգինյանը դժվարացավ պատասխանել հարցերին, թե ինչու օգնություն չի ուղարկվել իրենց, ինչու հրետանիով չի ոչնչացվել «Չախմախ»-Քարին Տակ ճանապարհը վերահսկող հակառակորդը։ Նույն հարցին ի պատասխան դիպուկահար Վարդան Ավետիսյանն էլ ասաց․ «Հա ռացիայով կապնվեցինք, ասեցինք տեխնիկան իջնում է։ Ասեցինք հեսա երևի կխփեն։ Ավտոյի լույսը պարզ վառած գալիս է (ТОС համակարգը, հեղ․), ասում ենք` էսինչ սարի գլխին, գագաթից դեպի ձախ, պազիվնոյով իրենք գիտեին աջուձախը որն է: Մի հատ-երկու հատ սնարյադը գցում էին, կանգնում էին, բայց եթե նորմալ խփեինք, մարդ չէր մնա»։

Դասակի հրամանատար Արամ Պետրոսյան էլ ՄՈԲ-ի հրամանատար գնդապետ Բարխուդարյանին ընդհանրապես չի տեսել։ Ռացիայով է միայն լսել ձայնը։ Իմացել է, որ գյուղում հրամանատարական կետ է եղել, որտեղ պետք է լիներ ինքը, իսկ երբ արդեն նահանջել են Քարին Տակ, նա այնտեղ չի եղել։

Քարին Տակ գյուղի անկմանը հաջորդել է Շուշի քաղաքի գրավումը։

Քարին Տակ գյուղի մարտերի, ռազմական գործողությունների վերաբերյալ հատվածներն առաջիկայում կարող են թարմացվել։ Մարտերին մասնակցած անձինք կարող են կապ հաստատել «Հետք»-ի խմբագրության հետ։

Տեսանյութերը՝ մարտական գործողությունների մասնակիցների, մոնտաժը՝ Սարո Բաղդասարյանի, ինֆոգրաֆիկան՝ Տիրայր Մուրադյանի