Այգեհովիտ, Վազաշեն, Պառավաքար գյուղերի շուրջ հայ-ադրբեջանա/ռուսական վեճ. հուլիս, 1920թ.

6849

1920-ի ապրիլին՝ Ադրբեջանի խորհրդայնացումից հետո, ռուսական/բոլշևիկյան ուժերը՝ Կարմիր բանակը, մայիս-հունիս-հուլիս ամիսներին գրավեց Արցախն ու Զանգեզուրը, ինչպես նաև հարձակումներ էր գործում այսօրվա Տավուշի ուղղությամբ: Ներքո հեռագրերը վերաբերում են հայաբնակ Այգեհովիտ, Վազաշեն և Պառավաքար գյուղերի պատկանելիության շուրջ վեճին:

ԱՆԻ կենտրոն

—–

Նոր դիմում Սեպուհին

Երևան, յուլիսի 20-ին.

Սեպուհ զորավարը յուլիսի 17-ին Գանձակի շրջանի խորհրդային զորքերի հրամանատար Վելիկանօվից նորից ստացավ մի հեռագիր հետեւեալ բովանդակութեամբ.

«Ուզունթալա կայարանը [այսօր՝ Իջևանի շրջանի Այգեհովիտ գյուղը – ԱՆԻ], Լալաքեանդ գիւղը [Վազաշեն-ԱՆԻ],  Օձաքար լեռը և հարաւային Թաթլու [Բերդի շրջանի Պառավաքար գյուղի հատված-ԱՆԻ] կէտերը համարելով չէզոք գօտի, հրահանգում եմ Ձեզ 24 ժամւայ ընթացքում, հաշւած յուլիսի 15-ից, դուրս հանել Ձեր զօրքերը յիշեալ շրջանից:

Գանձակի շրջանի զօրքերի հրամանատար՝ Վելիկանօվ, վօենկօմդւիզիի՝ Թութիկուլ»:

Սեպուհի պատասխանը

«Ձեր թիւ 2377 գրութիւնը ստացայ: Ինձ զարմացնում է, թէ ինչու ձեր հեռագիրը խփւած է ամսոյս 15-ին՝ 12 ժամին, իսկ ես ստանում եմ ամսոյս 17-ին՝ ժամի 1 անց 10 րոպէ, երբ պայմանաժամն արդէն լրացել է:

Ուզունթալա կայարանը, Թաթլու և Լալաքեանդ գիւղերը և Օձաքար լեռը գտնւում են Հայաստանի սահմաններում, դիմէցեք իմ կառավարութեանը, և սահմանային վէճերը նրա հետ վճռէք: Ձեր վարմունքը դէմ է միջազգային օրէնքներին: Ես Հայաստանի սահմաններն եմ պահպանում: Այս բոլորից յետոյ, երբ դուք իմ պատասխանով չբաւականանք և մեր սահմանները կանցնէք, թափւող արեան պատասխանատւութիւնը կընկնի այսպէս կոչւած կարմիր բանակի և Ձեր վրա, որպէս բանակի գլուխը կանգնածի:

17 յուլիսի, 1 անց 20 րոպէ ժամին, թիւ 0243»:

Հայաստանի արտաքին գործերի նախարարի հեռագիրը

Հաղորդելով այս հեռագրերի մասին Թիֆլիս Բէգզադեանին [Հայաստանի դեսպանը Վրաստանում – ԱՆԻ] ի գիտութիւն, Հայաստանի արտաքին գործոց նախարարը հեռագրում է հետեւեալը. «Ուզունթալա կայարանը, Թաթլու և Լալաքեանդ գիւղերը և Օձաքար լեռը Հայաստանի անվիճելի սահմանների մէջ են գտնւում, և այդ շրջանը նոյնիսկ Ադրբէջանի մուսաւաթական կառավարութեան կողմից երբէք  առարկութեան նիւթ չեն դառել: Իմ կառավարութեան անունից խնդրում եմ Ձեզ, անյապաղ բողոքել Կիրօվին և Մօսկւա Վօրօնօվի հրամանատար Վելիկանօվի վարմունքի ձևի դէմ, որով նրանք ժխտում են միջզգային փոխյարաբերութիւնների  բոլոր օրէնքները, հակասում են խորհրդային իշխանութեան բարեկամական խոստումներին և Հուսէյնօվի հետ կայացրած յուլիսի 2-ի համաձայնութեանը:

Թիւ 4328, 19 յուլիսի»:

Յառաջ, ՀՅԴ, թիւ 153, Հինգշաբթի, 22 Յուլիսի, 1920թ

Լուսանկարում՝ հայկական Պառավաքար, ադրբեջանական Քյոհնա Ղշլաղ, Յարադուլլու և Թաթլու գյուղերը այսօր

Լուսանկարը՝ Թաթուլ Հակոբյանի