30 տարում՝ 20 ընտրություն

752

Հունիս 20-ին Հայաստանը ընտրում է նոր Ազգային ժողով։ Խորհրդարանական ընտրությունների արդյունքներով պետք է ձևավորվի նոր կառավարություն։ Ապրիլին, 44-օրյա պատերազմում Հայաստանի ու Արցախի պարտությունից կես տարի անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց։

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Որևէ ընտրության ժամանակ այսքան կուսակցություն ներգրավված չի եղել։

Այս ընտրություններին մասնակցում են Հայաստանի բոլոր երեք նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը գլխավորում է Հայ ազգային կոնգրեսը, Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» անունով դաշինք է կազմել ՀՅԴ-ի և «Վերածնվող Հայաստան» նորաստեղծ կուսակցության հետ, իսկ Սերժ Սարգսյանը «Պատիվ ունեմ» անունով՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանցյանի հետ։ Ինքը՝ Սարգսյանը, չի ընդգրկվել նախընտրական ցուցակում։ ՀՅԴ-ն Նիկոլ Փաշինյանի առաջին կառավարության մաս է կազմել 2018 թ մայիս-հոկտեմբեր հատվածում։ Փաշինյանը գլխավորում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ցուցակը։

Վերջին երեք տասնամյակներում՝ Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում, տեղի են ունեցել համապետական 19 ընտրություններ՝ 6 նախագահական, 8 խորհրդարանական և 5 հանրաքվեներ, որոնցից մեկը՝ Անկախության, 4-ը՝ Սահմանադրության և կամ սահմանադրական փոփոխությունների ընդունման հանրաքվեներ։

Խորհրդարանական ընտրություններից ամենակարևորը եղել է 1990-ին կայացածը, երբ Հայաստանը տակավին խորհրդային էր։ Բացառապես մեծամասնական ընտրակարգով այդ քվեարկությունը, ապա օգոստոսին Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրությունը Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնում վերջ դրեց Հայաստանում Կոմկուսի 70-ամյա իշխանությանը։

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարության տարիներին (1990-1998) Հայաստանում տեղի են ունեցել նախագահական երկու՝ 1991 և 1996 թվականներ, խորհրդարանական մեկ և Սահմանադրության ընդունման մեկ քվեարկություններ։ Սահմանադրության ընդունման և խորհրդարանական՝ Ազգային ժողովի առաջին ընտրությունները, անց են կացվել միաժամանակ՝ 1995թ հունիսի 5-ին։ 1991-ի սեպտեմբերի 21-ին տեղի է ունեցել Անկախության ընդունման հանրաքվե։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարության 10 տարիներին Հայաստանում անց են կացվել նախագահական երկու, խորհրդարանական երեք և Սահմանադրական փոփոխությունների երկու հանրաքվեներ։ 1998 և 2003 թվականների նախագահական ընտրությունները անց են կացվել երկու փուլերով։ Խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել 1999, 2003 և 2007 թվականներին։ 2003-ին միաժամանակ անց կացվեց նաև Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որը մերժվեց։ Հինգ հանրաքվեներից միակը եղել է 2003-ինը, որը չի արժանացել Հայաստանի քաղաքացիների հավանությանը։ Երկու տարի անց՝ 2005 թվականին, ընդդիմության բոյկոտի պայմաններում, ընդունվեց Սահմանադրական փոփոխությունների նոր փաթեթը։

Սերժ Սարգսյանի ղեկավարության 10 տարիներին Հայաստանում անց են կացվել նախագահական երկու, խորհրդարանական երկու և Սահմանադրական փոփոխությունների մեկ հանրաքվե։ Սարգսյանը, ի տարբերություն Քոչարյանի, նախագահ է դարձել առաջին փուլով՝ 2008-ին և 2013-ին։ Խորհրդարանական ընտրությունները կայացել են 2012-ին և 2017-ին, իսկ 2015-ին տեղի ունեցավ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որով Հայաստանը կիսանախագահականից անցում կատարեց խորհրդարանական կառավարման։

Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ 2018 թվականի ապրիլին տեղի ունեցած Թավշյա հեղափոխության արդյունքում։ Նույն տարվա դեկտեմբերին անցկացվեցին խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունները ևս արտահերթ են։

Այսպիսով, վերջին 31 տարիներին՝ 1990-ից ի վեր, Հայաստանում անց է կացվում թվով 20-րդ քվեարկությունը, այն է՝ յուրաքանչյուր մեկուկես տարվա ընթացքքում՝ համապետական մեկ ընտրություն։

Թաթուլ Հակոբյան