Բրեժնևի մահը մեր դպրոցում. 1982 թվականը

2024

Հատված Թաթուլ Հակոբյանի «ՀԱՅԱՍՏԱՆի ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ, ՎԵՐԵԼՔԸ ԵՒ ԱՆԿՈՒՄԸ. մեր պատմության 1982-2022 թվականները» չհրատարակված հատորից: 

1982 թվականի նոյեմբերյան այդ օրը հիշողությանս մեջ է: Վեցերորդ դասարանում էի՝ 12 տարեկան: Դպրոցի տնօրինությունը հավաքեց ուսուցիչներին ու աշակերտությանը և դեմքի տխուր, լուրջ տեսքով տեղեկացրեց, որ մահացել է մեր մեծ պետության՝ Խորհրդային Միության առաջնորդ Լեոնիդ Իլյիչ Բրեժնևը: Նրա մահը իմ ու իմ համադասարանցիների վրա ազդեցութուն գրեթե չթողեց: Երբ ուսուցիչներն ասացին, որ Բրեժնևի թաղման օրը ազատ ենք լինելու դասերից, մեր դասարանի ու դպրոցի աշակերտները շատ ուրախացան:

Իմ հիշողության մեջ է նաև Բրեժնևի թաղումը, ավելի ճիշտ այդ հուղարկավորության երկու դրվագ, առաջին՝ Մոսկվայի Կարմիր հրապարակում զինվորականները ուսերին տանում էին խորհրդային առաջնորդի մարմինը, իսկ կողքից քայլում էին կյանքի մայրամուտին մոտեցած խորհրդային մյուս առաջնորդները, կենդանի, բայց ակնհայտորեն հիվանդ, երկրորդ՝ երբ դագաղը իջեցնում էին փոսի մեջ, պարանների վրայից այն սահում է, դրմփոցով ընկնում և աղմուկ հանում:

Մինչև կավարտեի մեր՝ Խորհրդային Հայաստանի Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղի 8-ամյա դպրոցը, կյանքից հեռացան Խորհրդային Միության ևս երկու առաջնորդներ՝ Յուրի Վլադիմիրովիչ Անդրոպովն ու Կոնստանտին Ուստինովիչ Չեռնենկոն: Մեզ համար սովորական դարձավ, երբ դպրոցի տնօրինությունը հավաքում և դեմքի տխուր, լուրջ տեսքով տեղեկացնում էին մեր պետութան ղեկավարների մահվան լուրը: Իսկ մենք, սովորականի պես, ուրախանում էինք, քանի որ մեկ ավելի օր ազատ էինք լինելու դասերից ու ավելի շատ էինք ֆուտբոլ խաղալու:

Բրեժնևը մահացավ 1982-ի նոյեմբերի 10-ի առավոտյան: Այդ օրը, սակայն, պաշտոնապես չհայտարարվեց 76-ամյա առաջնորդի վախճանի լուրը: Խորհրդային հեռուստատեսությունը և ռադիոն հեռարձակում էր սիմֆոնիկ երաժշտություն: Բոլորը հասկանում էին, որ արտառոց ինչ-որ բան է կատարվել: Մեկ օր անց հայտարարվեց, որ մահացել է Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության Գլխավոր քարտուղարը: Արևմտյան լրատվամիջոցները այդ մասին հաղորդեցին մահվան օրը երեկոյան: Խորհրդային երկրում հայտարարվեց չորսօրյա սուգ: Թաղման արարողության հանձնաժողովի նախագահ նշանակվեց Յուրի Անդրոպովը: Ով թաղման արարողության հանձնաժողովի նախագահն է` նա էլ դառնում է իրավահաջորդ: 

Կրեմլի ղեկավարի պաշտոնի համար պայքարը միակուսակցական պետության ներսում սկսվել էր նախքան Բրեժնևի մահը: Հավանական թեկնածուների շարքում էին կոմկուսի Քաղբյուրոյի անդամներ Կոնստանտին Չեռնենկոն ու Գրիգորի Ռոմանովը, Մոսկվայի քաղաքային կոմիտեի առաջնորդ Վիկտոր Գրիշինը, Խորհրդային Ուկրաինայի Կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Շչերբիցկին և ՊԱԿ-ի առաջնորդ Անդրոպովը: Վերջինիս հակառակորդները, որպես կոմպրոմատ, փորձեցին օգտագործել նրա ծագումը՝ Անդրոպովի մայրը հրեա էր: Խորհրդային Միությունում, հատկապես 70-80-ական թվականներին, հրեաների նկատմամբ կար ակնհայտ ոչ բարյացակամ վերաբերմունք:

Բրեժնևի մահվան շրջանում Խորհրդային Միության և Արևմուտքի դիմակայությունը հասել էր գագաթնակետին: Չնայած այդ իրողությանը, հակառակորդ ճամբարի և այլ պետությունների բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ ներկա էին Բերժնևի թաղման արարողությանը, այդ թվում ԱՄՆ փոխնախագահ Ջորջ Բուշն ու պետքարտուղար Ջորջ Շուլցը, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պերես դե Կուելյարը, Ճապոնիայի, Հնդկաստանի և Կանադայի վարչապետները, Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտգործնախարարը: 

Մահից ամիսներ առաջ Բրեժնևը այցելել էր Ուզբեկստան և Ադրբեջան` վերջիններին փոխանցելու Լենինի անվան շքանշան: Տաշքենդում և հատկապես Բաքվում, չնայած երկրում տիրող մթերային ճգնաժամին, Բրեժնևը արժանացավ ամենաճոխ ընդունելության: Դժվարությամբ քայլող ու շնչող, մի կերպ հոդաբաշխ խոսք արտաբերող Գլխավոր քարտուղարը գովերգում է. «Լայնորեն քայլում է Ադրբեջանը»: Բաքվում Հեյդար Ալիևը նրան փոխանցում է ամենաթանկարժեք նվերներ: Ժամանակ առ ժամանակ, Բրեժնևը չի ընկալում, թե իրականում ինչ է կատարվում շուրջը:

Սեպտեմբերի 26-ին, ելույթ ունենալով Բաքվում, Բրեժնևը խառնել էր նախապես գրված ելույթներով երկու թղթապանակները: Երկու ելույթներն էլ գրել էր նրա ճառագիր Ալեքսանդր Բովինը: Այն ելույթը, որ Բրեժնևը պետք է կարդար կուսակցական ակտիվի համար, ընթերցեց հանդիսավոր արարողության ժամանակ, այսպիսով՝ գովաբանելու փոխարեն սկսեց քննադատել: Սա Բրեժնևի վերջին ճառն էր:

Խորհրդային ժողովրդի համար Բրեժնևը հավերժ էր թվում: Լեոնիդ Իլյիչը 18 տարի՝ 1964 թվականից, տարածքով մոլորակի ամենամեծ պետության առաջնորդն էր: Պատմության մեջ նրա անունը մնաց «բրեժնևյան լճացում» ձևակերպումով, սակայն, իրականում, հենց այդ տարիներն էին Խորհրդային Միության քաղաքական ամենակայուն և տնտեսապես համեմատաբար բարգավաճ ժամանակահատվածը:

Նրա մահից երեսուն տարի անց՝ 2013-ի գարնանը, Ռուսաստանում անց կացվեց հանրային հարցում, որի արդյունքներով Բրեժնևը ճանաչվեց 20-րդ դարի ռուս/խորհրդային ամենաընդունելի առաջնորդը: Ռուսաստանցիների 56 տոկոսը նրա նկատմամբ ուներ դրական զգացողություն, մինչդեռ միայն 29 տոկոսն էր բացասական գնահատական տվել նրա կառավարման ժամանակները: 

70-80-ական թվականների անեկդոտների ու հումորների հերոս Բրեժնևի կառավարման ժամանակաշրջանում խորհրդային սոցիալիզմը հասավ գագաթնակետին: Խորհրդային ժողովուրդները սոցիալ-տնտեսական ոլորտում ունեցան ամենաբարեկեցիկ ժամանակները: Նրանք կառուցեցին և ձեռք բերեցին տներ, ավտոմեքենաներ, սառնարաններ ու լվացքի մեքենաներ, ռադիոընդունիչներ ու  հեռուստացույցներ: Նրանք հնարավորություն ունեցան իրենց արձակուրդներին հանգստանալ խորհրդային անծայրածիր պետության տարբեր անկյուններում ու Արևելյան Եվրոպայի սոցիալիստական երկրներում, դրամատներում կուտակել իրենց աշխատանքը ռուբլիներով, բուժում ստանալ նորակառույց հիվանդանոցներում, հաճախել թատրոններ, զավակներին կրթության տալ համալսարաններում:

Արևմտյան երկրների հետ համեմատած, սակայն, Խորհրդային Միությունը կյանքի որակով ակնհայտորեն հետ էր մնում: Միացյալ Նահանգների (1981-1989 թթ) նախագահ Ռոնալդ Ռեյգանը խորհրդային անեկդոտներ պատմելու սիրահար էր: Դրանցից մեկը ներկայացնում է ապրանքային պակասորդը, որ կար ԽՍՀՄ-ում, այդ թվում նաև՝ Բրեժնևի ժամանակներում:

«Գիտե՛ք, որ ԽՍՀՄ-ում ավտոմեքենաների մատակարարման տասը տարվա ուշացում կա և յուրաքանչյուր յոթ ընտանիքից միայն մեկն ունի ավտոմեքենա: Տասը տարի սպասում ես: Երբ պատրաստ ես գնել, փողը վճարում ես նախապես: Մարդը գումարը տալիս է, իսկ պատասխանատուն ասում՝ տասը տարի անց արի և ստացիր մեքենան: Գնորդը հարցնում է՝ առավոտյա՞ն, թե՞ կեսօրին: Պատասխանատուն ապշում է՝ այսօրվանից 10 տարի հետո՝ ի՞նչ տարբերություն առավոտյա՞ն, թե՞ կեսօրին: Գնորդը պատասխանում է՝ սանտեխնիկը գալու է առավոտյան»:  

Ավտոմեքենան շատերի երազանքն էր: Փող ունես, բայց չես կարող գնել, քանի որ ԽՍՀՄ-ը ունակ չէ այդքան ավտոմեքենա արտադրել, իսկ ներմուծումը արգելված է: Բրեժնևի ժամանակ խանութներում գնելու բաներ կային, թեև տեսականին խղճուկ էր: Անդրոպովի, Չեռնենկոյի, ապա Գորբաչովի ժամանակ, հատկապես 80-ականների վերջերին, խանութներում արդեն շատ քիչ բան էր հնարավոր գտնել, ցուցափեղկերը հիմնականում դատարկ էին:

1982-ի հունվարին կյանքից հեռացել էր Կրեմլի «գորշ կարդինալ»-ը՝ ութսունամյա Միխայիլ Սուսլովը: Նա տասնամյակներ կոմունիստական կուսակցության թիվ մեկ գաղափարախոսն էր և իշխանական շրջանակներում համարվում էր ստալինյան քաղաքականության կրողն ու հետևորդը: Նա ազդեցիկ էր ոչ միայն Բրեժնևի, այլև Նիկիտա Խրուշչովի ու Իոսիֆ Ստալինի ղեկավարության տարիներին: Սուսլովին հուղարկավորեցին կառավարական պատիվներով: Նրա դագաղի հետևից քայլում էր կոմունիստական ողջ էլիտան Բրեժնևի գլխավորությամբ, բոլորը` ծերեր ու վատառողջ: Այդ ծերակույտն էր ղեկավարում տարածքով աշխարհի ամենամեծ պետությունը, երբ մենք հաճախում էինք մեր գյուղի 8-ամյա դպրոց:

Խորհրդային Միության ներսում և նրա դաշնակիցների շրջանում հավատում էին, որ ԽՍՀՄ-ը մոլորակի ամենահզոր տերությունն է: Դպրոցում մեր աշխարհագրության ուսուցիչը այդպես էր ներկայացնում, և մենք հավատում էիք: Հավատում էին մեր ծնողները, գրեթե բոլորը, քանի որ մեր անծայրածիր պետությունը փակ էր դրսի աշխարհի համար, մեր հասարակությունը փակ հասարակություն էր, մեր տեղեկատվության աղբյուրները Կոմունիստական կուսակցության գաղափարները տարածող հեռուստատեսային «Ժամանակ» ծրագիրն էր, «Պրավդա» թերթը կամ նրա հայաստանյան տարբերակ «Սովետական Հայաստանը»:

Իրականում, սակայն, Խորհրդային Միությունը տնտեսական և քաղաքական խորը ճգնաժամի մեջ էր արդեն 80-ական թվականներից սկզբից: Խորհրդային Միությունը, ըստ էության, արդեն պարտվել էր սառը պատերազմում:

1982-ի մայիսին հավանության էր արժանացել Խորհրդային Միության «մթերային ծրագիրը» մինչև 1990 թվական ընկած ժամանակահատված: Այդ փաստաթղթի ի հայտ գալը ինքնին խոստովանություն էր, որ կոմունիզմ կառուցվող երկրում մթերքների խիստ պակաս կա: Այս փաստաթղթի հեղինակը Միխայիլ Գորբաչովն էր, որը այդ ժամանակ Քաղբյուրոյում համակարգում էր գյուղատնտեսական հարցերը:

Ֆրանսիայի նախագահի (1981-1991) խորհրդական Ժակ Ատտալին ասել է. «Առաջին անգամ ես Գորբաչովի հետ հանդիպել եմ մի ընթրիքի ընթացքում, որը կազմակերպել էր Չեռնենկոն: Գորբաչովը ժամանեց  վերջինը: Չեռնենկոն հարցրեց. «Ինչո՞ւ եք ուշացել»: Գորբաչովը պատասխանեց. «Ես մասնակցում էի Ադրբեջանի գյուղատնտեսության հարցերին նվիրված նիստին»: Չեռնենկոն հարցրեց. «Իսկ ի՞նչ է կատարվում Ադրբեջանի գյուղատնտեսության մեջ»: Գորբաչովը պատասխանեց`«Ամեն ինչ վատ է ոչ միայն Ադրբեջանում, ամեն ինչ վատ է ամբողջ Խորհրդային Միությունում»: Այդ ժամանակ ես հասկացա, որ սա բացարձակապես այլ մարդ է»: 

Մինչև «մթերային ծրագրի» ընդունումը խանութներում արդեն զգացվում էր առաջին անհրաժեշտության ապրանքների խիստ պակաս, որոշ ապրանքներ արդեն վաճառվում էին «տակից»` ծածուկ և ավելի բարձր գներով: Փաստաթղթում ասվում էր, որ զգացվում է մսամթերքի, կաթնեղենի, բանջարեղենի ու մրգերի պակաս: Այդ փաստաթղթով Խորհրդային Միության վերնախավը նշում էր, սոցիալիզմ կառուցող Խորհրդային Միության դատարկվող խանութներում ինչ է հնարավոր գտնել` հաց, կարտոֆիլ, մակարոն, շաքար և աղ: Մի բան, որի մասին արդեն տարիներ տեղյակ էին խորհրդային «երջանիկ» քաղաքացիները: «Մթերային» պլենումում Յուրի Անդրոպովը, որ 15 տարի ղեկավարում էր ԽՍՀՄ ՊԱԿ-ը, ընտրվել էր ԽՄԿԿ ԿԿ քարտուղար և պետք է փոխարիներ Բրեժնևին՝ վերջինիս մահից հետո:  

Խորհրդային Հայաստանը՝ Բրեժնևի տարիներին

1964 թվականի հոկտեմբերին Խորհրդային Միության առաջնորդ Նիկիտա Խրուշչովը հանգիստն էր անց կացնում Սև ծովի Պիցունդա քաղաքում (Աբխազիա, Վրաստան), երբ Կրեմլում իրականացվեց թավշյա հեղաշրջում: Բրեժնևի գլխավորությամբ հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ Խորհրդային Միության Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական կոմիտեի՝ ԽՄԿԿ ԿԿ պլենումը, որի ընթացքում Խրուշչովը առաջացած տարիքի և առողջական խնդիրների պատճառով ազատվեց ԽՄԿԿ ԿԿ առաջին քարտուղարի պաշտոնից: Խրուշչովը նաև զբաղեցնում էր վարչապետի՝ Խորհրդային Միության կառավարության ղեկավարի աթոռը: Հոկտեմբերի 15-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության որոշումով նա ազատվեց նաև վարչապետի պաշտոնից:

1960-ական թվականներից Խորհրդային Հայաստանը, ինչպես ամբողջ ԽՍՀՄ-ը, մտնում էր զարգացման և բարեկեցիկ կյանքի փուլ, ճիշտ է՝ խորհրդային չափանիշներով: Սրա հետ մեկտեղ հայերն ապրում էին նաև ազգային զարթոնք, որն արտահայտվում էր տարբեր բնագավառներում՝ սպորտ, մշակույթ, կրթություն:

Հայազգի շախմատիստ Տիգրան Պետրոսյանը 1963 թվականին նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Երեք տարի անց նա կրկնեց հաջողությունը՝ դառնալով աշխարհի կրկնակի չեմպիոն: Խորհրդային Հայաստանում, Սփյուռքում և ԽՍՀՄ հանրապետություններում հայ ժողովուրդը ոգևորություն ու ազգային հպարտություն էր ապրում:

Տիգրան Պետրոսյանը միակ փառապանծ անունը չէր: Հրանտ Շահինյանի, Ալբերտ Ազարյանի, Վլադիմիր Ենգիբարյանի, ապա և «Արարատ-73»-ի հաջողությունները մարզականից  ավելի ունեին ազգային ու քաղաքական նշանակություն: Անկախություն չունենալու պայմաններում մարզական և մշակութային հաջողությունները ոգեշնչման, ազգային հպարտության աղբյուր էին:

Անկախության ճանապարհն ընտրած Հայաստանի առաջին վարչապետ (1990-1991) Վազգեն Մանուկյանի քաղաքական գործունեության սկիզբը համընկավ հայկական ազգային զարթոնքի հետ:

«1960-ականներից հայ ժողովրդի մոտ ինքնավստահության ներուժ կուտակվեց: 1915 թվականի, Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների կորուստներից հետո մտավորականությունն աճեց, բոլորս ոգևորվում էինք Տիգրան Պետրոսյանի հաղթանակներով, քաղաքն ընդարձակվում էր և բարգավաճում, Սփյուռքը նույնպես աշխուժանում էր: Ժողովուրդը սկսեց գիտակցել իր ներուժը և հպարտանալ իր պատմական անցյալով»,- ասում է նա: 

Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն 1964-ի օգոստոսի 17-ին հայրապետական կոնդակով 1965 թվականը ազգային սուգի և աղոթքի տարի էր հռչակել: Մոսկվայի իշխանությունները թույլատրեցին, որ Մայր Աթոռը Ապրիլի 24-ին Սուրբ պատարագ մատուցի և հոգեհանգստյան կարգ կատարի՝ ի հիշատակ Մեծ եղեռնի 50-րդ տարելիցի: Հայաստանում առաջին անգամ պաշտոնապես նշվեց Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, որը հետագայում դարձավ ավանդական:

1965-ի Ապրիլի 24-ին Երևանում կազմակերպվեց զանգվածային հզոր ցույց, որի մասնակիցները` դատապարտելով 1915-ի ցեղասպանությունը, առաջ էին քաշում հայկական հողերի վերադարձի հարցը:

Ապրիլ 24-ին, մայրաքաղաք Երևանի գլխավոր` Լենինի հրապարակում հավաքված բազմությունը նախ շարժվեց Կոմիտասի անվան զբոսայգի պանթեոն` ծաղկեպսակ դնելու Կոմիտաս վարդապետի շիրիմին: Կեսօրին շուրջ հարյուր հազար հոգու հասնող բազմությունը, ըստ նախօրոք կազմված ծրագրի, դուրս եկավ հրապարակից, շարժվեց Երևանի գլխավոր պողոտաներով, ապա կրկին վերադարձավ Լենինի հրապարակ, որը ողողված էր «Մեր հողերը, մեր հողերը» գրությունը կրող մեծատառ պաստառներով:

Նույն օրը Երևանի Օպերայի և բալետի պետական թատրոնում կայացավ պաշտոնական արարողությունը, որին ներկա էր նաև Վազգեն Ա-ն: Մեծ եղեռնի 50-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլին միջոցառումներ կազմակերպվեցին նաև Երևանի պետական համալսարանում և Գրողների տանը: Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում Վանի 1915-ի ինքնապաշտպանությանը մասնակցած երեք տասնյակ հայերի հետ: 

Հայաստանի կառավարությունը 1965թ. մարտի 16-ին որոշում էր կայացրել Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի կառուցման վերաբերյալ: Ապրիլին հայտարարվեց համազգային մրցույթ` կոթողի լավագույն նախագծի համար: 1967թ. նոյեմբերի 29-ին, Խորհրդային Հայաստանի հռչակման 47-րդ տարեդարձի օրը, Ծիծեռնակաբերդի բարձունքում բացվեց հուշահամալիրը` բաղկացած երեք հիմնական կառույցներից` Հուշապատ, Հավերժության տաճար, Վերածնվող Հայաստան հուշասյուն: Կես տարի անց` 1968 թ. մայիսի 28-ին, Սարդարապատի հերոսամարտում հայ ժողովրդի հաղթանակի 50-ամյակի առիթով բացվեց համանուն հուշահամալիրը:

Ազգային զարթոնքի հետ Հայաստանը զարգացում էր ապրում տնտեսական դաշտում։ Գյուղատնտեսական թերզարգացած հանրապետությունից Խորհրդային Հայաստանը դառնում էր զարգացող արդյունաբերական երկիր, որի արտադրանքը պահաջված էր խորհրդային անծայրածիր երկրի տարբեր անկյուններում: Կառուցվում էին ճանապարհներ, գործարաններ, ավաններ ու քաղաքներ:

Երևանի նորակառույց «Զվարթնոց» օդանավակայանից թռիչքներ սկսվեցին դեպի խորհրդային տարբեր հանրապետություններ, օդանավակայաններ կառուցվեցին Գյումրիում և այլ քաղաքներում: Հայաստանի երկաթուղային ցանցը, որի կառուցումն ու շահագործումը սկսվել էր 19-րդ դարի վերջերին, էլեկտրաֆիկացվեց ու արդիականացվեց: Երևանը Թբիլիսիից ու Բաքվից բացի երկաթուղային կապ հաստատեց Մոսկվայի հետ: Դեպի Ադրբեջանի Աղստաֆա կայարան երկաթգծի կառուցման շնորհիվ սկսեց գործել Իջևան-Բաքու գնացքը: Երկաթուղային ցանց կառուցվեց Հայաստանի ներսում՝ Երևանից դեպի Սոթք, Հրազդանից՝ Իջևան, Մասիսից՝ Նուռնուս:

Մեծամորի ատոմակայանի առաջին էներգաբլոկը արդյունաբերական շահագործման հանձնվեց 1976-ին, երկրորդը` 1980-ին: Մեկ տարի անց Երևանը ունեցավ մետրոպոլիտեն: Բազմաթիվ գործարաններ հիմնադրվեցին Երևանում և հանրապետության քաղաքներում, քիմիական արդյունաբերությունը դարձավ տնտեսության առաջատար ճյուղ: Կառուցվեցին ջրամբարներ ու ջրանցքներ, ինչպես Արփա-Սևանը։

Երևանը ունեցավ 70 հազար տեղանոց «Հրազդան» մարզադաշտ, Մարզահամերգային համալիր, Մատենադարան, քանդակներ, ինչպես Երվանդ Քոչարի Սասունցի Դավիթն և Վարդան Մամիկոնյանը:

Վերելք էին առնում գիտությունն ու արվեստը: Բյուրականի աստղադիտարանը, Ֆիզիկայի և Մերգելյան ինստիտուտները Խորհրդային Հայաստանին հռչակ բերեցին: Ստեղծվեցին խորհրդահայ կինոյի լավագույն գործերից «Մենք ենք, մեր սարերը», «Բարև, ես եմ», «Նռան գույնը»:

Հայերն անսահման հպարտ էին, որ ունեն համաշխարհային հռչակ վայելող ծանրամարտիկ Յուրի Վարդանյան, դերասան Մհեր Մկրտչյան, նկարիչ Մինաս, կոմպոզիտոր Արամ Խաչատրյան, ռեժիսորներ Հենրիկ Մալյան և Արտավազդ Փելեշյան, գրող Հրանտ Մաթևոսյան, կոմպոզիտոր Առնո Բաբաջանյան, աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյան, մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյան:

Երևանը, որ 1910-20-ական թվականներին ուներ 30 հազար բնակչություն, 80-ականներին դարձավ մեկ միլիոն և ողջ հայության սիրելի մայրաքաղաք:

Այս և խորհրդային 70 տարիների ամենամեծ ձեռբերումը աննախադեպ հայահավաքն էր: 1926-ին 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա հայերի թիվը շուրջ 800 հազար էր, 1989-ին՝ շուրջ 3.3 միլիոն: Այսպես, շուրջ 60 տարիներին հայ բնակչության թիվը իր պատմական հայրենիքի մի փոքր մասի վրա ավելի քան քառապատկվեց: Այսինքն՝ ամեն տարի Խորհրդային Հայաստանի բնակչությունը միջին հաշվով ավելացավ 40 հազարով:

Սա մեր պատմության լուսավոր երեսն էր, բայց կար նաև մութ, ողբերգական մասը: Խորհրդային 70 տարիներին տասնյակ հազարավոր հայեր, որոնց թվում՝ Սփյուռքից ներգաղթածներ, դարձան ստալինյան տեռորի զոհը կամ աքսորվեցին Սիբիր, Ալթայ ու խորհրդային պետության ծայրագավառներ: