Շիրակի մարզի Մայիսյան գյուղը Մարմաշեն համայնքի վարչական կենտրոնն է, որը կազմավորվել է 2017 թվականի նոյեմբերին: Մարմաշեն համայնքի կազմում ընդգրկված են՝ Մայիսյան, Լեռնուտ, Կապս, Կարմրաքար, Կրաշեն, Հացիկ, Հովունի, Մարմաշեն, Մեծ Սարիար, Շիրակ, Ջաջուռ, Ջաջուռավան/Ջաջուռ կայարան, Վահրամաբերդ, Փոքրաշեն և Քեթի գյուղերը:
Այս բոլոր գյուղերում ընդհանուր առմամբ բնակչության թիվը 10 հազարի սահմաններում է:
Մայիսյանը և վերոնշյալ գյուղերը Խորհրդային Հայաստանի Ախուրյանի շրջանի մաս են կազմել:
Մայիսյանը Գյումրի քաղաքից գտնվում է 6 կմ հեռավորության վրա, տեղադրված է Գյումրի-Վանաձոր երկաթուղու վրա, նրա մոտով է անցնում Գյումրի-Աշոցք ավտոխճուղուն: Գտնվում է Շիրակի դաշտում, մեղմաթեք հարթավայրում` ծովի մակարդակից 1650մ բարձրության վրա:
Նախկինում ունեցել է Օրթաքիլիսա անվանումը: Մայիսյան է վերանվանվել 1946 թվականի ապրիլի 26-ին:
Գյուղում գտնվում է 7-րդ դարի Տիրանավոր ս. Աստվածածին եկեղեցին: Գյուղի բնակչության նախնիների մի մասը գաղթել Ալաշկերտի և Էրզրումի գավառներից, Կարսի մարզից:
Մայիսյան գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.
1831 թվական – 231 հոգի, բոլորը՝ հայ
1873 թվական – 424 հոգի, բոլորը՝ հայ
1886 թվական – 539 հոգի, բոլորը՝ հայ
1897 թվական – 677 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ
1904 թվական – 845 հոգի
1914 թվական – 910 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի
1914 թվական – 930 հոգի, ըստ արխիվային տվյալների
1916 թվական – 871 հոգի
1919 թվական – 992 հոգի
1922 թվական – 626 հոգի, բոլորը՝ հայ
1926 թվական – 774 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որիվ 772-ը՝ հայ, 2-ը՝ ռուս
1931 թվական – 677 հոգի, որից 676-ը՝ հայ, 1-ը՝ ռուս:
Խորհրդային տարիներին Մայիսյանը ունեցել է.
1939 թվական – 967 հոգի
1959 թվական – 1004 հոգի
1970 թվական – 1065 հոգի
1979 թվական – 1210 հոգի
1989 թվական – 1412 հոգի:
Ախուրյանի շրջանը (մինչև 1945-ը՝ Դուզքենդի շրջան), կազմավորվել է 1937 թվականի դեկտեմբերի 31-ին, տարածությունը՝ 576 քառ. կմ։
Լուսանկարում՝ Մայիսյան գյուղի Տիրանավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին (7-րդ դար) 1913 թվականին












