Կարգավորել հումանիտար հարցերը, այդ թվում՝ ռազմագերիների վերադարձը. Լավրովը՝ Բաքվում

1042

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, թե Բաքուն կատարել է գերիների վերաբերյալ բոլոր պարտավորությունները, հաղորդում է Ազատությունը:

«Ադրբեջանը կատարել է հայկական կողմին գերիներին վերադարձնելու պարտավորությունները, բացի այդ ադրբեջանական կողմի մասնակցությամբ կազմակերպվել են որոնողական աշխատանքներ, որոնք իրականացվել են ծանր կլիմայական և աշխարհագրական պայմաններում, անցած 6 ամիսների ընթացքում հայտնաբերվել և հայկական կողմին է փոխանցվել ավելի քան 1600 մարմին»,- ասել է Բայրամովը:

Նրա պնդմամբ, Ադրբեջանը կատարում է պահվողների նկատմամբ մարդասիական իրավունքի բոլոր պահանջները:

«Այդ մարդկանց կարող են այցելել Կարմիր խաչի ներկայացուցիչները, Ադրբեջանի օմբուդսմենը, փաստաբաններ և բժիշկներ, նրանց տրվել է ազգականների հետ հեռախոսով և տեսակապով շփվելու հնարավորություն»,- ասել է Բայրամովը, պնդելով, թե ժամանակին հայկական կողմի մոտ պահվող ադրբեջանցի գերիները նման հնարավորություններ չեն ունեցել:

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախօրեին է մեկնել Բաքու, երեկ նրան ընդունել է նախագահ Իլհամ Ալիևը: Օրեր առաջ Լավրովն այցելել է Երևան:

Հայկական կողմի տարբեր տվյալներով` այսօր Ադրբեջանի տարածքում կա շուրջ 200 հայ ռազմագերի։ Մինչ այժմ Հայաստան է վերադարձվել 69-ը։

Ադրբեջանը, սակայն, հաստատել է 72 հոգու գերեվարման փաստը, ընդ որում՝ պնդելով, թե նրանցից 56-ը, որոնք Խծաբերդում գերեվարված պահեստազորայիններն են, ոչ թե ռազմագերիներ են, այլ «ահաբեկիչներ և դիվերսանտներ»:

Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներն են, այլև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը։

—-

«Կողմերն ունեն ընդհանուր մոտեցում, որ կան երթուղիներ, որոնց շուրջ ամենից դյուրին է պայմանավորվելը, և առաջիկայում մենք սպասում ենք հայկական կողմի պատասխանին»,- այսօր, մայիսի 11-ին Բաքվում պատասխանելով, թե ե՞րբ են սկսվելու տրանսպորտային միջանցքի կառուցման աշխատանքները և ի՞նչ երթուղիների մասին է խոսքը, հարցին՝ Ռուսաստանի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

Սերգեյ Լավրովը, սակայն, ընդգծել է. «Եթե դեռ համաձայնություն չկա երթուղիների շուրջ, դժվար է խոսել ժամկետների մասին։ Այդ հարցը պետք է կարգավորել հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը, այդ թվում՝ տարածաշրջանի երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի»։

Լավրովը Բաքու էր ժամանել երեկ, աշխատանքային այցով: Մայսի 10-ին նրան ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով Ռուսաստանի արտգործնախարարի այցի օրը հարցազրույց էր տվել ադրբեջանական պետական հեռուստաընկերությանը և ասել, թե Զանգեզուրի միջանցքը լինելու է, առաջիկայում սկսվելու են երկաթգծի կառուցման աշխատաքները, և Ղարաբաղի խնդիրը վերջնականապես կարգավորված է: «Նման միավոր, ինչպես Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանում, այսօր չկա, իսկ նոյեմբերի 10-ի հայտարարությունը միայն հայտարարություն չէր, այլ Հայաստանի կապիտուլյացիայի ակտ»,- նշել է Ալիևը։

Բայրամովն այսօր մամուլի ասուլիսին հայտարարել է. «Մենք համարում ենք, որ այսօր ունիկալ իրավիճակ է, Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը, վերականգնել է իր սահմանի ավելին քան 398 կիլոմետրը։ Բաքուն այսօր պատրաստ է վերականգնել հարաբերությունները Հայաստանի հետ»։

Լավրովը ոչ Ալիևի, ոչ էլ Բայրամովի հետ հանդիմանն ու համատեղ մամուլիս ասուլիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական քաղաքական կարգավորման մասին չի խոսել, բայց, օրինակ, ակնարկել էր, որ պետք է կարգավորել հետպատերազմյան բոլոր հումանիտար հարցերը, այդ թվում՝ ռազմագերիների վերադարձը։

Ընդ որում՝ թե՛ Ալիևի և թե՛ Բայրամովի հետ հանդիպմանը Լավրովն օգտագործել է «ռազմագերիներ» բառը, իսկ Բայրամովն այսօր ասել է, որ Ադրբեջանում լավ պայմաններում անազատության մեջ պահվող հայերը հանցագործներ են, ում Ադրբեջանը պատրաստվում է դատել։

Սերգեյ Լավրովի այցի շրջանակներում կայացած բանակցությունների հիմնական հարցը տրանսպորտային ուղիների հարցն էր, որոնց շուրջ, ինչպես երևում է հայտարարություններից, Բաքուն ու Մոսկվան համաձյանության չեն եկել։

Իլհամ Ալիևը երեկ հայտարարել էր, թե երկաթուղու կառուցման հարցը նախ և առաջ քննարկում է ռուսական կողմի հետ, քանի որ հայկական երկաթգիծը պատկանում է Ռուսաստանին։ Ի դեպ՝ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ ղարաբաղյան խնդիրը թե՛ ռազմի դաշտում, թե՛ դիվանագիտական հարթակում կարգավորել է միայնակ։ Իսկ Լավրովին ընդունելիս ընդգծել էր, թե ռուս խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի տարածքում, և Բաքուն ակնկալում է Ռուսաստանի աջակցությունը։