Երկրորդ նախագահի երեկվա արձագանքից հետո երրորդ նախագահի գրասենյակը ևս մեկնաբանել է Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը:
Սերժ Սարգսյանի գրասենյակի համար զարմանալի էր առաջին նախագահի հրապարակումը՝ առանց հանդիպման մյուս կողմերին նախապես տեղեկացնելու։
«Միևնույն ժամանակ հիշեցնում ենք Հայաստանի և Արցախի նախկին ղեկավարների հանդիպման ժամանակ ՀՀ երրորդ նախագահի հայտնած դիրքորոշումը առ այն, որ ՀՀ առաջին նախագահի ներկայացրած առաջարկի քննարկումները հեռանկարային և արդյունավետ կարող էին դիտվել բոլոր կողմերի սկզբունքային համաձայնության դեպքում։
Ինչ վերաբերում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին համատեղ մասնակցելու՝ ՀՀ առաջին նախագահի կողմից այսօր կրկին արված առաջարկին, ապա հիշեցնում ենք, որ ՀՀ երրորդ նախագահի գլխավորած Հանրապետական կուսակցությունը ընդամենը օրեր առաջ իր որոշումը ընտրություններին մասնակցելու, ինչպես նաև ձևաչափի վերաբերյալ կայացրել է և հրապարակել:
Սերժ Սարգսյանի դիրքորոշումն է, որ ստեղծված իրավիճակում խնդրի լուծման համար անհրաժեշտ է ընտրել արդյունավետ մարտավարություն, ուստի կապիտուլյանտ իշխանությունների դեմ պայքարը կարող է իրականացվել տարբեր ձևաչափերով»,- ասվում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի հայտարարության մեջ:
Երեկ Տեր-Պետրոսյանը ԻԼՈՒՐ կայքում գրել էր
«Սույն թվականի մարտի 25-ին տեղի էր ունեցել ՀՀ եւ Արցախի նախկին նախագահների հանդիպումը։ Վերջինս կայացել էր իմ նախաձեռնությամբ եւ իմ կողմից կազմված հետեւյալ հայտարարությունն ընդունելու առաջարկով.
ՀՀ նախկին նախագահների հայտարարությունը
Նկատի ունենալով՝
- պատերազմից հետո մեր ժողովրդի հոգեկան հավասարակշռության վերականգնման հրատապ անհրաժեշտությունը,
- ներքաղաքական գերլարված իրավիճակի շուտափույթ լիցքաթափման, ատելության խոսքի հետագա խորացումից եւ բախումներից խուսափելու հրամայականը,
- իր եռամյա գործունեության ընթացքում պետական կառավարման բոլոր բնագավառներում լիովին ձախողված իշխանության՝ ամեն գնով վերարտադրվելու հիվանդագին ձգտումն ու դրա ակնհայտ կործանարար հետեւանքները,
- ինչպես նաեւ, Հայաստանում պահի պահանջները բավարարող նոր իշխանության ձեւավորման եւ հանրային համերաշխության համազգային սպասումը,
Հայտարարում ենք՝
որ անկախ նախկինում մեր ունեցած սկզբունքային տարաձայնություններից եւ սուր հակասություններից, գիտակցելով մեր պատասխանատվությունը երկրի ճակատագրի հանդեպ, անձնապես չհավակնելով իշխանության նոր ձեւավորվելիք համակարգում որեւէ պաշտոն զբաղեցնելու, առաջիկա ընտրություններին մենք մասնակցելու ենք մեզ սատարող քաղաքական ուժերից, հասարակական կազմակերպություններից եւ հեղինակավոր մտավորականներից կազմված «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով:
Համոզված ենք, որ այս նախաձեռնությունը դրական արձագանքի կարժանանա ողջ հայության եւ միջազգային հանրության կողմից։
Ընտրական գործընթացի սկզբնավորման պաշտոնական հայտարարումից եւ դաշինքի ցուցակի հրապարակումից հետո հանդես կգանք մամլո ասուլիսով։
Լեւոն Տեր-Պետրոսյան
Ռոբերտ Քոչարյան
Սերժ Սարգսյան
Երեւան, 25 մարտի 2021թ.
Քննարկում տեղի չունեցավ, քանի որ Ռոբերտ Քոչարյանն անմիջապես մերժեց այդ առաջարկը, դա պատճառաբանելով զուտ բարոյական նկատառումով, այն է՝ որ դրանով ինքը դավաճանած կլինի իր կողմից ստեղծված «Հայաստանի փրկության շարժմանը»։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նա որեւէ կարծիք չարտահայտեց։ Այսօր ես հրապարակավ կրկնում եմ իմ առաջարկը ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներին։ Համոզված եմ, որ համապատասխան հասարակական ճնշման պարագայում դա միանգամայն իրականանալի ծրագիր է, որը թերեւս նոր աղետներից խուսափելու միակ ելքն է։ Ողջ հայության պարտքն է գիտակցել, որ Փաշինյանի վարչախմբի վերարտադրությունը Հայաստանի եւ Արցախի համար շատ ավելի վտանգավոր է, քան նույնիսկ Ադրբեջանից եւ Թուրքիայից բխող հնարավոր կամ ենթադրյալ սպառնալիքները»:
Երեկ Տեր-Պետրոսյանի հրապարակմանը անդրադարձել էր նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը.
Դավաճանը, կապիտուլյանտն ու հողատուն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են, ըստ Ազատության հայտարարել է վարչապետի պաշտոնակատարը խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։ Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը այս շաբաթ արդեն երկրորդ անգամ Փաշինյանին հարցրեց Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցի մասին, որտեղ երրորդ նախագահը մեղադրում էր վարչապետի պաշտոնակատարին՝ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը տապալելու համար։
«Բա ո՞ւմ կետից պետք է սկսեինք, պետք է ասեի՞նք` լավ, Սերժ Սարգսյանը 7 շրջանը և Ղարաբաղի կեսը տալիս էր, դե մենք էլ այն մյուս կեսն ենք տալիս, որպեսզի պատերազմ չլինի: Դե եկեք, պարզենք` ով է դավաճանը, դե եկեք, պարզենք` ով է կապիտուլյանտը, դե եկեք, պարզենք` ով է հողատուն: Ես ասում եմ` դուք եք` Տոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, դավաճան եք, կապիտուլյանտ եք, հողատու եք: Մենք պայքարել ենք ձեր դավաճանության դեմ, բայց դուք պատերազմի օրերին էլ եք ձեր դավաճանությունը շարունակել եք: Մենք պայքարել ենք ձեր հողատու լինելու դեմ, բայց դուք պատերազմի օրերին էլ ձեր հողատու էությամբ շարունակել եք ձեր գործունեությունը: Մենք պայքարել ենք ձեր գրած կապիտուլյացիայի դեմ, բայց դուք ամեն ինչ արել եք հանուն կապիտուլյացիայի, մենակ այն, որ ձեր վարչապետի թեկնածուն ասում էր` զանգում էինք գեներալներին, ասում էինք` արա, ձեր թշնամին էտտեղ չի, ձեր թշնամին էստեղ ա»,- հայտարարեց Փաշինյանը:
«Եթե այդքան ակնհայտ էր, որ պատերազմ լինելու է, արդյոք մենք պատշաճ կերպով պատրաստվել ենք այդ պատերազմին». սա Փաշինյանին ուղղված երկրորդ հարցն էր, որին ի պատասխան` վարչապետի պաշտոնակատարը իր հեռախոսից ինչ-որ փաստաթուղթ բացեց ու սկսեց կարդալ 2 տարվա ընթացքում բանակում իրականացված համալրումները. «Գաղտնիության էլեմենտներ կան, բայց ես հարկ եմ համարում հրապարակել. «Ամրաշինական կառույցներն ավելացել են 1,8 անգամ 18-20 թվականների ընթացքում, զինվորների կենցաղի ապահովման կառույցները` 2,7 անգամ»:
«Լևոն Տեր-Պետրոսյանն իր քաղաքական ընդդիմադիր գործունեության ընթացքում երկու անգամ փորձել է իշխանափոխություն անել․ 2008 թվականին և 2015թ․՝ բուրժուադեմոկրատական հեղափոխության միոջոցով, որոնք երկուսն էլ չստացվեցին»: Այս մասին խորհրդարանում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին, որը վերաբերում էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկին՝ ուղղված երկրորդ և երրորդ նախագահներին: Տեր-Պետրոսյանն առաջարկում է ձևավորել «Ազգային համաձայնության դաշինք»:
«Թերևս պարոն Տեր-Պետրոսյանը որոշել է կրկին փորձել և այս անգամ անել ավազակապետական հեղափոխություն: Իմ կարգավիճակի բերումով, մի երկու տերմին էլ կա, հիմա ուղղակի չեմ օգտագործում, բայց կռահեցիք, ավազակապետականի շարունակությունը․․․փաստորեն, միակ բանը, որ իր քաղաքական գործունեության ընթացքում մեծ ճշգրտությամբ հաջողվել է Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սագսյանին իշխանության բերելն է ու իշխանության պահելը: Կարող եմ հաջողություն մաղթել մեր ժողովրդին և վստահություն հայտնել, որ ավազակապետական հեղափոխությունը չի ստացվելու»,- ասաց Փաշինյանը:












