Էրդողանը նամակ է հղել Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին

593

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ապրիլի 24-ին նամակ է հղել Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին՝ վստահեցնելով, թե Անկարան ձգտում է բարիդրացիական հարաբերություններ զարգացնել Հայաստանի հետ, հաղորդում է Ազատությունը:

«Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Էրդողանը նամակում գրել է, թե «1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ հայկական պնդումների շուրջ բանավեճը, որը քաղաքականացվում է երրորդ երկրների կողմից և միջամտության գործիք է դարձել, որևէ մեկին օգուտ չէ»:

«Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի թուրքերի և հայերի համակեցության դարավոր մշակույթը մոռացության մատնվի», – նշել է Թուրքիայի նախագահը՝ կրկնելով Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու իր կոչը, փոխանցում է թուրքական լրատվական գործակալությունը:

«Մեզ տխրեցնում է, որ որոշ երկրներ փորձում են օգտագործել հայ ժողովրդի ցավն ու մեր նախնիների սուրբ հիշատակը` իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար», – թուրքական «Անադոլու» գործակալությանն ասել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը:

Հոգևոր առաջնորդը նշել է` խորհրդարաններում և այլ ատյաններում այս հարցի շարունակական արծարծումը չի նպաստում երկու ժողովուրդների հաշտեցմանը, հակառակը` հետաձգում է խաղաղությունն ու խորացնում թշնամությունը:

«Անհրաժեշտ է բարեկամության կամուրջներ գցել և անկեղծ լինել. այդ մթնոլորտում պատմական իրադարձությունների գնահատականը կարող է առավել կառուցողական ու ամբողջական լինել», – ասել է Պոլսո Հայոց պատրիարքը՝ հույս հայտնելով, որ « երրորդ երկրները քայլեր կձեռնարկեն գործընթացները հենց այդ ուղղությամբ տանելու համար»:

Թուրքիայի հայկական հիմնադրամների նախագահ Պետրոս Շիրինօղլուն ևս պնդել է` այս հարցը վերաբերում է միայն հայ և թուրք ժողովուրդներին:

«Նրանք, որ սադրում են հիմա Հայաստանին Թուրքիայի դեմ, նույնն են արել նաև 100 տարի առաջ: Եվ երբ մենք դիտարկում ենք` ով շահեց և ով հաղթեց, տեսնում ենք, որ պարտվել է Օսմայնայն պետությունը, տուժել են հայերն ու թուրքերը», – ասել է Պոլսի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահը: