Հայաստանում UNICEF-ի գրասենյակի ղեկավարը լրտե՞ս է․ JamNews

1163

Հայաստանում նոր սկանդալ է առաջացել։ Այժմ լրատվամիջոցների և սոցցանցերի հրապարակումների գլխավոր հերոսը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայկական գրասենյակի ղեկավար Մերիան Քլարկ-Հաթինգն է։ Հայաստանում UNICEF-ի ներկայացուցչի լիազրությունները կասեցվել են, Հայաստանի կառավարությունը նրան persona non grata է հայտարարել։ Նա արդեն լքել է Հայաստանը։

ԱԳՆ-ն հայկական կողմի որոշումը բացատրել է Մարիան Քլարկ-Հաթինգի կողմից իր մանդատի և աշխատանքային մեթոդների իրականացմամբ, որոնք չեն նպաստել համագործակցությանը։

Սակայն ԱԳՆ-ի պարզաբանմանը նախորդել են հայկական Telegram-ալիքների հրապարակումները, որոնք, հղում անելով իրենց աղբյուրներին, գրում էին, որ Հայաստանի իշխանությունները ՄԱԿ աշխատակցին կասկածում են Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսության համար։

Գործը հասել է արդեն Հայաստանի գլխավոր դատախազություն, որն այժմ ուսումնասիրում է հրապարակումները, որոնցում խոսվում է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի արդեն նախկին ներկայացուցչի կողմից լրտեսության մասին։



Սկանդալի մանրամասները

Մարտի 8-ի երեկոյան Mediaport Telegram-ալիքում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ UNICEF-ի հայկական բյուրոյի ղեկավար Մարիան Քլարկ-Հաթինգը լրտեսությամբ է զբաղվել՝ հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի, որի պատճառով Հայաստանի իշխանությունները նրան persona non grata են հայտարարել։

«Քլարկ-Հաթինգը արդեն հավաքում է իրերը, մինչդեռ ՀՀ իշխանությունները ցանկանում են թաքցնել այդ փաստը հանրությունից», — հայտարարել է ալիքի հեղինակը։

Այնուհետև հայկական լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Մարիան Քլարկ-Հաթինգը շտապ մեկնել է Հայաստանից։ Ընդ որում, այդ շտապողականությունն իբր պայմանավորված է սխալներով, որոնք Քլարկ-Հաթինգը թույլ է տվել իր առաքելությունը կատարելիս։ Սակայն չի հաղորդվել, թե ինչ սխալների և թերությունների մասին է խոսքը։

Արդեն մարտի 9-ին գործին միացել է Գլխավոր դատախազությունը։ Գերատեսչության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը հաղորդել է, որ դատախազությունը տվյալներ չունի Մարիան Քլարկ-Հաթինգի` Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսություն իրականացնելու վերաբերյալ, սակայն ուսումնասիրում է այդ մասին հրապարակումները․

«Նման փաստի առթիվ քրեական վարույթ չի իրականացվում: Հրապարակման հեղինակները, եթե տիրապետում են իրենց մեջ որոշակիություն և կոնկրետություն պարունակող տեղեկությունների, պարտավոր են փոխանցել իրավապահ մարմիններին»։

Մարիան Քլարկ-Հաթինգը Հայաստանում սկսել է աշխատել ընդամենը 8 ամիս առաջ՝ 2020 թ․ հուլիսին։ Դրանից առաջ նա աշխատել է Մալայզիայում։

UNICEF-ի աշխատակիցներն ամեն ինչ իմացել են մամուլից

«Մենք բոլորս լրատվամիջոցներից ենք իմացել», — ասել է Հայաստանում UNICEF բյուրոյի հաղորդակցման թիմի ղեկավար Զառա Սարգսյանը։

Մեկնաբանելով լուրերն Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի օգտին հնարավոր լրտեսության մասին՝ նա հայտարարել է․

«Այս պահին, ինձ թվում է, բոլորս պետք է հիմնվենք ԱԳՆ հրապարակածի վրա, որտեղ այդ բառը ես չեմ տեսել»։

Զառա Սարգսյանը չի կարողացել հստակ պատասխանել նաև այն հարցին, թե ինչ աշխատանքային թերացումների մասին է խոսվում ԱԳՆ հայտարարությունում, և առաջարկել է պարզաբանումների համար դիմել արտգործնախարարություն։

Դադարեցվել են Հայաստանում UNICEF-ի ներկայացուցչի լիազորությունները
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայկական գրասենյակի նախկին ղեկավար Մերիան Քլարկ-Հաթինգը
jam-news