Տաթևը Սյունիքի մարզի Գորիսի շրջանի գյուղերից է՝ Հայաստանի հնագույն բնակավայրերից՝ նշանավոր Տաթևի վանական համալիրով։
Դեռ 5-8-րդ դարերում եղել է դպրության կենտրոն, 8-րդ դարի վերջից՝ Սյունյաց Եպիսկոպոսության աթոռանիստը։ 906 թվականին կառուցվել է վանքի Պողոս Պետրոս մայր տաճարը, 1067 թ` Ս. Աստվածածին դամբարան-եկեղեցին, 1295 թ Ս. Գրիգոր եկեղեցին:
1390-1435 թթ Տաթևի վանքում գործել է համանուն համալսարանը։
Միջնադարում վանքին հարկ է վճարել 10 գավառի 264 գյուղ: Այստեղ է գտնվում հայ
մեծանուն փիլիսոփա, աստվածաբան Գրիգոր Տաթևացու դամբարանը:
17-րդ և 20-րդ դարի 20-ական թթ սկզբներին վանքը եղել է ազատագրական պայքարի կարևորագույն կենտրոն:
Գյուղը այսօր մաս է կազմում խոշորացված Տաթև համայնքի, որի կենտրոնը Շինուհայրն է: Խոշորացված համայնքի մաս են կազմում նաև Խոտ, Հալիձոր, Հարժիս, Շինուհայր, Սվարանց, Տաթև, Տանձատափ, Քաշունի գյուղական համայնքները։
Տաթևը գտնվում է ծովի մակերևույթից ավելի քան 1450 մետր բարձրության, Գորիս քաղաքից 17, մարզկենտրոն Կապանից՝ 79 կմ հեռավորության վրա:
Տաթևի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.
1831 թվական – 313 հոգի, բոլորը՝ հայ,
1873 թվական – 1326 հոգի, բոլորը՝ հայ,
1886 թվական – 1875 հոգի, որից 1865-ը՝ հայ, 8-ը՝ թաթար,
1897 թվական – 1965 (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 1963-ը՝ հայ, 2-ը՝ իսլամ,
1904 թվական – 2025 հոգի,
1914 թվական – 2414 հոգի,
1919 թվական – 2100 հոգի,
1922 թվական – 2104 հոգի, բոլորը՝ հայ,
1926 թվական – 1894 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 1891-ը՝ հայ, 2-ը՝ թուրք, 1-ը՝ պարսիկ,
1931 թվական – 2058 հոգի, բոլորը՝ հայ:
Խորհրդային մարդահամարի տվյալներով Տաթևն ունեցել է.
1939 թվական – 2096 հոգի,
1959 թվական – 1376 հոգի,
1970 թվական – 1408 հոգի,
1979 թվական – 1096 հոգի,
1989 թվական – 913 հոգի:
Այսօր, համաձայն Սյունիքի մարզպետարանի տվյալների, Տաթևն ունի հաշվառված 1042 բնակիչ:
Կարդալ նաև՝












