Հայաստան-Թուրքիա 1918-1921 թթ հարաբերությունների մասին ԱՆԻ կենտրոնը երեք մասերից կազմված փաստագրական ֆիլմ է նկարելու

910

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը տեղեկացնում է, որ մայիսից նախաձեռնում է երեք մասերից կազմված փաստագրական ֆիլմերի նկարահանումները:

Երեք վավերագրական ֆիլմերը պատմելու են հայ ժողովրդի կյանքում և պետականակերտման գործում երեք՝ Բաթումի (1918 թ մայիս-հունիս), Ալեքսանդրապոլի (1920 թ. նոյեմբեր-դեկտեմբեր) և Կարսի (1921 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր) պայմանագրերի մասին:

Նկարահանումները սկսվելու են Երզնկայում 1917 թվականի վերջերի դեպքերից, երբ ռուսական բանակը նահանջեց և արևմտահայաստանի ճակատը բաց թողեք թուրքական ներխուժման համար, ավարտվելու են Կարսում, որտեղ 1921թ. ստորագրված պայմանագրով հաստատվեց այն սահմանը, որ մինչև այժմ գործում է Հայաստանի Հանրապետությա և Թուրքիայի միջև:

Փաստագրական այս ֆիլմերում ներառվելու են նաև մի շարք հարակից պայմանագրեր, որոնք ուղղակի կամ անուղղակի ազդեցություն են թողել Հայաստանի Հանրապետության վրա: Մասնավորապես, նկատի ունենք 1917 թ դեկտեմբերին Երզնկայի հաշտությունը, 1918-ի Բրեստ-Լիտովսկը, Տրապիզոնը, Բաթումում հայ-օսմանյանից բացի վրաց-օսմանյան և ադրբեջանա-օսմանյան Բարեկամության ու հաշտության տեքստերը, դրան հաջորդած Ալեքսանդրապոլի բանակցությունները հայերի և թուրքերի միջև Բաթումից անմիջապես հետո, 1918-ի հունիս-հոկտեմբերին Պոլսի, ըստ էության չկայացած խորհրդաժողովի, 1920 թվականի օգոստոսի 10-ի Սևրի պայմանագիրն ու Թիֆլիսի հայ-ռուսական համաձայնագիրը և Մոսկվայի 1921 թվականի մարտի պայմանագիրը ռուսների ու քեմալականների միջև:

Մենք նախատեսում ենք նկարահանումներ կատարել երեք երկրներում՝ Հայաստան, Վրաստան և Թուրքիա, ավելի հստակ հետևյալ վայրերում՝ Երզնկա, Էրզրում, Սարիղամիշ, Կարս, Տրապիզոն, Ստամբուլ, Անկարա, Բաթում, Թբիլիսի, Գյումրի, Սարդարապատ, Վանաձոր և Երևան:

Սցենարի նախապատրաստումը, նկարահանումները և մոնտաժի կտևեն մեկուկես տարի:

Երեք ֆիլմերը հիմնված են լինելու բացառապես արխիվային, դիվանագիտական փաստաթղթերի և օրագրությունների, խորհրդարանական քննարկումների և համահայկական խորհրդաժողովների, հուշագրությունների, օրվա մամուլի հրապարակումների և գրքերի տեղեկությունների վրա:

Այս ֆիլմերում մենք բացելու ենք հայ ժողովրդի դիվանագիտական պատմության վերջին 100 տարիների ամենազգայուն դրվագները, սակայն հեռու ենք մնալու գնահատականներից ու եզրահանգումներից, եթե-ներից ու ցանկություններից:

Ֆիլմերի սցենարը գրելու է լրագրող Թաթուլ Հակոբյանը:

Թաթուլ Հակոբյան