Հադրութցիները ամեն օր, ամեն պահ մտքով տանն են և սպասում են վերադարձին

1260

Անի Հայկյանի հայրը՝ Արցախի պաշտպանության բանակի 48-ամյա մայոր, զոհվել է սեպտեմբերի 27-ին Արաքսի հատվածում, սակայն մինչև այսօր նրա մարմինը չի գտնվել: Անիի պապը զոհվել է Արցախյան առաջին պատերազմում: Եղբայրներից ավագը նոր է վերադարձել բանակից, մասնակցել է 44-օրյա պատերազմին: Նա զորակոչվել է Հադրութի Թաղասեռ գյուղից, իսկ զորացրվելուց հետո ընտանիքին միացել է Երևանում, քանի որ նրանց տունը հոկտեմբերի 10-ից ադրբեջանական օկուպացիայի տակ է:

Անին մոր և երկու եղբայրների հետ ժամանակավորապես հաստատվել է Շիրակացի ճեմարանի հանրակացարանում: Փոքր եղբայրը 18 տարեկան է: Անին մեկուկես տարի առաջ է ավարտել Արցախի պետհամալսարանի բանասիրության ֆակուլտետը: Ինչպես տնավեր եղած մյուս հադրութցիները, Անիի ընտանիքը ևս անորոշության մեջ է՝ չունեն տուն, չունեն աշխատանք, իսկ հոր մահը և շիրիմ  չունենալը նրանց հանգիստ չի տալիս:

Ավելի քան 13 հազար հադրութցիներ կորցրել են տունուտեղը: Նրանց մի մասը հաստատվել է Արցախի այլ բնակավայրերում, մեծ մասը ժամանակավորապես տեղափոխվել Հայաստան՝ Երևան, Աբովյան, Հրազդան, ով որտեղ բարեկամ և հարազատ է ունեցել կամ չի ունեցել:

Գայանե Բուդաղյանը ևս Թաղասեռ գյուղից է, Հայոց պատմություն էր դասավանդում դպրոցում, հուշարձանների մասնագետ է: Գյուղից ընտանիքով դուրս են եկել հոկտեմբերի 4-ին անտառի ճանապարհով՝ Հին Թաղեր-Խծաբերդ-Կոռնիձոր:

«Երբ Երևանում և Բաքվում ԱՄՆ դեսպանությունը սեպտեմբերի 25-ին հայտարարություն տարածեց, որով իր քաղաքացիներին հորդորում էր չայցելել սահմանամերձ շրջաններ, ես օդում պատերազմի վտանգ զգացի»,- ասում է նա:

Գայանեն, ինչպես տունը կորցրած մյուս հադրութցիները, դժվարանում է պատկերացնել, թե ինչ աշխատանք է կատարելու, որտեղ է ապրելու, նոր տուն ունենալու: Եթե Արցախի և Հայաստանի իշխանությունները հոգատար վերաբերմունք ցույց չտան հադրութցիների նկատմամբ և թողնեն ճակատագրին, ապա նրանց մի մասը, գուցե մեծ մասը, հեռանալու է Հայաստանից:

Ստեփանակերտի մամուլի ակումբը և նրա նախագահ Գեղամ Բաղդասարյանը փետրվարի 26-ից 28-ը Երևանում կազմակերպել էին եռօրյա քննարկում «Վերադարձ դեպի Դիզակ» հասարակական կազմակերպության և նրա անդամների հետ: Այս կազմակերպությունը հիմնադրել են հադրութցիները, այդ թվում Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը և ղարաբաղյան շարժման Հադրութի շրջանի ակտիվիստներից Մարգարիտա Սարգսյանը: Քննարկումներին, բացի կազմակերպության 12 անդամները, հրավիրվել էին նաև կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը և լրագրող Թաթուլ Հակոբյանը:

Ինչպե՞ս օգնել հադրութցիներին, որպեսզի նրանք ունենան տուն, գտնեն աշխատանք, ինտեգրվեն նոր միջավայրում: Ինչպե՞ս են պատկերացնում մարդիկ իրենց ապագան, հնարավո՞ր է Հադրութի դեօկուպացիան բանակցային ճանապարհով: Երեք օրերի ընթացքում բազմաթիվ այլ հարցեր քննարկվեցին:

Զորի Պողոսյանը Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղի համայնքապետն է: Մինչև պատերազմի ավարտը եղել է դիրքերում: Մինչ այդ, արդեն հոկտեմբերի առաջին տասն օրերին, Քյուրաթաղը էվակուցավել էր, ինչպես Հադրութի մյուս գյուղերն ու Հադրութ քաղաքը: Հոկտեմբերի կեսերից հետո ադրբեջանական բանակի վերահսկողության տակ էր անցել Հադրութի շրջանի մեծ մասը:

Զորին Երևանում էլ Քյուրաթաղի գյուղապետն է, զբաղվում է համայնքի բնակիչների ամենօրյա խնդիրներով: Այս տարվա բյուջեով Հադրութի բյուջետային աշխատողները կստանան իրենց աշխատավարձները մինչև 2021-ի դեկտեմբեր: Որոնողական աշխատանքներում ներգրավված արցախցիները եղել են Քյուրաթաղում և գյուղապետին տեղեկացրել, որ գյուղն ամբողջությամբ կանգուն է, միայն հրկիզված մեկ տուն կա, գյուղում բնակվում են 7 ադրբեջանցի զինվորականներ:

Իրինա Սարգսյանը 8 տարեկան երեխա ունի, աշխատում էր Հադրութի մարզադպրոցում: Տունը թողել է սեպտեմբերի 30-ին և ինչպես բոլոր դուրս եկողները, մտածել է, որ մի քանի օրից վերադառնալու է: Հադրութում թողել է երկու տարի առաջ գնած երկհարկանի տունը և իր հետ Հայաստան բերել միայն հիշողություններ: Իրինայի ամուսինը հոկտեմբերի 9-ին Կարմրակուճ գյուղից, որը մոտ է Հադրութին, տեսել է, թե ինչպես են ադրբեջանցիները հրդեհել իրենց տունը, նաև՝ Իրինայի հայրական տունը:

Արմինե Աղաբեկյանը շատ կուզենար, որ տնից լուսանկարները վերացրած լիներ: «Մամայիս դրած թեյը մնաց սալոջախին, շատ արագ դուրս եկանք: Նախ գնացինք Մեծ Թաղեր, ապա Երևան: Ամեն օր մեր բնությունն եմ հիշում»,- ասում է նա:

Ադրբեջանցիները Հադրութը գրավելուց հետո համացանցում՝ սոցիալական ցանցերում, տեղադրում են լուսանկարներ: Բացի այդ, զոհվածների մարմինների որոնոշական աշխատանքների ընթացքում ներգրավված հայերը տեղեկություններ են փոխանցում հադրութցիներին: Արմինեն գիտի, որ Հադրութի իրենց տունը կանգուն է:

Նա որոշել է ծրագրավորող դառնալ և երազում է ունենալ իր ապահովագրական ընկերությունը:

Նադեժդա Սարգսյանը աշխատում էր Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում: Նրա տունը ադրբեջանցիները հրդեհել են, միայն պատերն են մնացել: Հադրութի հին տներից էր՝ 150 տարի առաջ կառուցված: Նադեժդան ինքնաբավ կին է և լավատես: Նա պատրաստվում է նոր գործ, նոր կյանք սկսել Հայաստանում:

Դավիթ Բարեյանը տունը թողել է Վանք գյուղում, հոկտեմբերի 4-ին: Որոնողական աշխատանքներ կատարող հայերից տեղեկացել է, որ տունը ավերված չէ, բնակվում են ադրբեջանցի զինվորականներ: Դավիթը վարկային մասնագետ է, աշխատում էր Արցախբանկի Հադրութի մասնաճյուղում:

Հադրութում և շրջանի գյուղերում ադրբեջանական քաղաքացիական բնակչություն, ինչպես տեղեկացել են տունը կորցրած այս մարդիկ, չեն բնակվում: Հիմնականում ադրբեջանցի զինվորականներ են: Պատերազմից հետո տները չեն ավերվում և չեն հրդեհվում: Այսպես, Թաղասեռ գյուղում տները մնացել են անվնաս:

Գալինա Բաբայանը Վանք գյուղից է: Նրա մայրը Գրադի համազարկից զոհվել է 1992-ին: Ամուսինը աշխատում էր Պաշտպանության բանակում, վարորդ էր: Հոկտեմբերի 10-ին վիրավորվել է և արդեն կամաց կամաց ոտքի է կանգնում: Գալինան երեխայի հետ հոկտեմբերի 27-ին բարձրացել է անտառներ՝ Սարինշեն:

«Տնից միայն ձեռքի պայուսակ եմ վերցրել: Մի քանի կտոր ոսկի ունեինք, դա էլ չեմ վերցրել»,- ասում է նա: Տունը կանգուն է, ադրբեջանցի զինվորականներ են բնակվում: Գալինան աշխատում էր գրադարանում: Հիմա որոշել է վերհիշել իր ձեռագործ հմտությունը, արցախյան տարազով գուլպաներ գործել:

Սեդա Քարամյանը և ընտանիքը Հադրութում զբաղվում էր ջերմոցային տնտեսությամբ: Ջերմոցներից մեկը սկսել էր աշխատել: Բերքը՝ վարունգ, լոլիկ, ամբողջությամբ իրացվում էր Հադրութում և Արցախի մյուս բնակավայրերում: Պետք է կառուցեին նոր ջերմոցներ, ընդլայնեին ընտանեկան բիզնեսը, սակայն 44-օրյա աղետալի պատերազմը փոխեց նրանց կյանքը: Սեդայենց տունը կանգուն է, բայց ջերմոցը քանդել են:

Ռիմա Օհանյանը Կարմրակուճ գյուղից է, Հադրութի խանութներից մեկում վաճառողուհի էր աշխատում: Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան քնից վեր է թռել ուժեղ պայթյունի ձայնից: Ընտանքիով իջել են ներքնահարկ: Մի քանի օր Հադրութում մնալուց հետո, սեպտեմբերի 29-ին դուրս են եկել: Ռիման ունի 7 քույր և եղբայր: Մի մասը ամուսնացել են, ընտանիք կազմել: Նրանք երկու տուն ունեին՝ մեկը Հադրութում, մյուսը՝ գյուղում: Հադրութի տունը կանգուն է, իսկ Կարմրակուճինը հրդեհել են: Ռիմա աշխատանք է փնտրում, բայց դեռ չի գտել:

Մարգարիտա Սարգսյանը ներկայացրեց «Վերադարձ դեպի Դիզակ» հասարակական կազմակերպության ծրագրերն ու նպատակները: Կազմակերպությունն ունի 6 հոգուց կազմված խորհուրդ, խորհրդի նախագահ՝ Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյան, գործադիր տնօրեն՝ Մարգարիտա Սարգսյան: Արդեն գրանցվել են, սակայն դեռ գրասենյակ չունեն:

Հադրութցիները ամեն օր, ամեն պահ մտքով տանն են և սպասում են վերադարձին:

Թաթուլ Հակոբյան