«Իսկանդեր»-ը պիտանի՞ էր, թե՞ ոչ

725

«Իսկանդեր»-ը պիտանի՞ էր, թե՞ անպիտան․ վարչապետի երեկվա հայտարարություններից հետո այսօր հարցն ամենաքննարկվողներից է։ 1in.am-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը թափանցիկ ակնարկ արեց՝ վերջին պատերազմում կրակած «Իսկանդեր»-ը ողջ հզորությամբ չի պայթել։ Մինչդեռ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պնդում է՝ «Իսկանդեր»-ի հետ խնդիր չէր կարող առաջանալ։

Նիկոլ Փաշինյանը պատասխանում էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանի քննադատությանը՝ ինչո՞ւ պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կրակել:

«Արմնյուզ»-ին տված հարցազրույցում Սարգսյանն ասել էր՝ հավաստի տեղեկություններ ունի, որ «Իսկանդեր»-ը կիրառվել է Շուշիի ուղղությամբ։ Իսկ Շուշիում ու Շուշիի համար մարտերը պատերազմի վերջին օրերին էին ընթանում։

Փաշինյանը որոշել էր նույն ոճը պահպանել, եթե Սարգսյանը նրան «կապիտուլյանտ» էր ասել՝ չտալով անունը, Փաշինյանն էլ Սարգսյանին «մերժված» անվանեց։ «Մերժվածը պետք է որ չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ իսկ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով», – ասաց Փաշինյանը։

Ճշտող հարցին, թե այդպե՞ս էլ է լինում, վարչապետը պատասխանեց․ – «Չգիտեմ: 80-ականների զե՞նք էր գուցե»:

Առաջին անգամ «Իսկանդեր M» հարձակողական նշանակության հրթիռային համալիրը ցուցադրվել է Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված շքերթի ժամանակ՝ 2016-ին՝ աննախադեպ հնարավորությունների թվարկմամբ։

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասաց՝ «Իսկանդեր»-ն իր օրոք է գնվել՝ 2015-ի վերջին։

«Ես չեմ կարծում, թե դա հնարավոր է։ Ի՞նչ է նշանակում, որ հրթիռները 10 տոկոսով են կիրառվել, թե 10 տոկոսով են պայթել, ի՞նչ է, խոցելուց հետո հրթիռը կարող է 10 տոկոսով պայթե՞լ, մնացած 90 տոկոսը չպայթե՞լ։ Այդ հարցերը պետք է իրեն տալ, բայց կարծում եմ, որ ինքը չի այն մասնագետը, ինքը շատ հեռու մարդ է, որ դրանց մասին եզրակացություններ անի», – «Ազատությանն» ասաց Օհանյանը։

Ազատություն ռադիոկայան