Խորհրդային Հայաստանի տարածքը, ըստ 1920 թվականի դեկտեմբերի 2-ի երևանյան կամ հայ-ռուսական համաձայնագրի, պետք է լիներ ավելի քան 40 հազար քառակուսի կիլոմետր։ Այդ օրը Հայաստանի Հանրապետության օրինական իշխանությունները՝ ՀՅԴ-ի գլխավորությամբ, երկրի կառավարումը խաղաղ ճանապարհով հանձնեցին Հայհեղկոմին, որը ձևավորվել էր խորհրդայնացված Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում և աջակցություն էր ստանում Ռուսաստանից։
Համաձայնագրի երրորդ կետում հստակ նշվում էին այն տարածքները, որոնք մաս էին կազմելու Հայաստանի խորհրդային անկախ հանրապետությանը։ Դրանք էին Երևանի նահանգն իր բոլոր գավառներով, Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուր գավառն ու Ղազախի գավառի այն մասը, որի սահմանները որոշվել էին նույն տարվա՝ 1920 թվականի օգոստոսի 10-ին Թիֆլիսում կնքված հայ-ռուսական համաձայնագրով (այդ փաստաթուղթը Ռուսաստանի լիազոր Բորիս Լեգրանի հետ ստորագրել էին Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ Արշակ Ջամալյանն ու Արտաշես Բաբալյանը), Կարսի մարզի այն մասը, որը զինվորական տեսակետից ապահովում էր երկաթուղու անվտանգությունը՝ Ջաջուռից մինչև Արաքս կայարանը, ինչպես նաև՝ Թիֆլիսի նահանգի այն մասերը, որոնք Հայաստանի Հանրապետության վերահսկողության տակ էին մինչև 1920թ․ սեպտեմբերի վերջերը։
Որքա՞ն են կազմում այս տարածքները միասին։
Երևանի նահանգի մեջ մտնում էին հետևյալ 7 գավառները՝ Երևանի, Ալեքսանդրապոլի (այսօր՝ Գյումրի), Էջմիածնի, Նոր Բայազետի (այսօր՝ Գավառ), Սուրմալուի (այսօր՝ Թուրքիայի կողմից բռնակցված Իգդիրի շրջանը), Շարուր-Դարալագյազի (Շարուրը1920-ի աշնանը բռնակցվել է Նախիջևանին, Դարալագյազը մոտավորապես համապատասխանում է Վայոց Ձորին) և Նախիջևանի։ Համաձայն քարտեզագիր Գեղամ Բադալյանի, Երևանի նահանգն իր 7 գավառներով կազմում է 26,4 հազար քառակուսի կիլոմետր։
Այստեղ նշենք, որ 1920թ․ դեկտեմբերի 2-ին, երբ ստորագրվում էր հայ-ռուսական համաձայնագիրը, Շարուրը և Սուրմալուն թուրքերի գրավման տակ էին։ Նախիջևանի նկատմամբ վերահսկողությունը Հայաստանը կորցրել էր 1919թ ամռանը։
Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառը, ըստ պատմաբան Համո Սուքիասյանի և ցարական շրջանի քարտեզների նյութերի, իր մեջ ներառում էր այսօրվա Սյունիքի մարզը, ինչպես նաև բոլորովին վերջերս Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ղուբաթլուի շրջանը, Շուշիի Բերդարձորի հատվածի հայկական գյուղերը, ինչպես նաև մի քանի գյուղ Հադրութի ծայր արևմտյան հատվածից։ Այս ամբողջ գավառը կազմում էր գրեթե 7,7 հազար քառակուսի կիլոմետր։
«Կարսի մարզի այն մասը, որը զինվորական տեսակետից ապահովում էր երկաթուղու անվտանգությունը՝ Ջաջուռ կայարանից մինչև Արաքս կայարանը» ձևակերպումը խիստ պայմանական է և մեկնաբանելի՝ ըստ կամեցողության։ Տարբեր հայ պատմաբաններ տարբեր տարածքներ են նշում, ընդհուպ մինչև 4 հազար քառակուսի կիլոմետրը և ավելի։
Ղազախի գավառի հետ կապված ձևակերպումը վերաբերում է հիմնականում այսօրվա Տավուշի մարզին։ Ելիզավետպոլի նահանգի Ղազախի գավառը կազմված էր երկու մասից՝ հայկական և թուրքական։ Բացի այդ, 1920-ին Ղազախի գավառի մեջ էին մտնում նաև այսօրվա Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի գյուղերը։ Այս ամբողջ տարածքը կազմում էր ավելի քան 3 հազար քառակուսի կիլոմետր։
«Թիֆլիսի նահանգի այն մասերը, որոնք Հայաստանի Հանրապետության վերահսկողության տակ էին մինչև 1920թ․ սեպտեմբերի վերջերը» ձևակերպումը վերաբերում էր մի հողաշերտի՝ 26 բնակավայրերով, որոնք Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մեջ էին մտնում և այսօր մաս են կազմում ՀՀ Լոռու մարզին։
Այսպիսով, ըստ 1920թ դեկտեմբերի 2-ի համաձայնագրի, Խորհրդային անկախ Հայաստանի տարածքը պետք է կազմեր ավելի քան 40 հազար քառակուսի կիլոմետր։
Իրականում, սակայն, Խորհրդային Հայաստանն ուներ 29,8 հազար քառակուսի կիլոմետր տարածք և այդ տարածքի վրա էլ հռչակեց իր անկախությունը 1991-ի աշնանը։
Ինչո՞ւ այդպես եղավ։ Այս հոդվածաշարով ցույց կտանք, թե ինչպես հայկական հողերը անցան Ադրբեջանին և Թուրքիային։
Թաթուլ Հակոբյան













