Խնձորեսկ գյուղի բնակչությունը 1831-1931 թթ և խորհրդային տարիներին. Գորիսի բնակավայրերը

3760

Խնձորեսկը Սյունիքի մարզի Գորիսի շրջանի և Հայաստանի հնագույն և խոշորագույն գյուղերից է: Մասնավորապես, 1886թ մարդահամարի տվյալներով, Խնձորեսկը եղել է Հայաստանի խոշորագույն չորրորդ բնակավայրը՝4.219 բնակիչներով, բոլորը՝ հայեր: Այդ ժամանակ Խնձորեսկից ավելի մեծ են եղել Ալեքսանդրապոլը (Գյումրի), Երևանը և Նոր Բայազետը (Գավառ):

Այսօր մաս է կազմում խոշորացված Գորիս համայնքի, որի կազմում են, Գորիս քաղաքից բացի, նաև Ակները, Բարձրավանը, Հարթաշենը, Ներքին Խնձորեսկը, Շուռնուխը, Որոտանը, Վերիշենը, Քարահունջը:

Խնձորեսկը գտնվում է ծովի մակերևույթից ավելի քան 1.500 մետր բարձրության, Գորիս-Ստեփանակերտ մայրուղուց աջ, խոր ձորի զառիթափի լանջերին և սարահարթի վրա, Գորիս քաղաքից 13, մարզկենտրոն Կապանից՝ 78 կմ հեռավորության վրա:

Նոր խնձորեսկը կառուցվել է 1950-ական թվականներին։ Խնձորեսկը գալիս է Խոր ձոր կամ Խորձորեսկ ձևից, որը հետագա ձևափոխությամբ դարձել է Խնձորեսկ։ Այս գյուղն ակտիվ մասնակցություն է ունեցել Դավիթ Բեկի ազատագրական շարժմանը, իսկ նրա բերդը 1728-30թթ. եղել է Մխիթար Սպարապետի զորակայանը։ 1735թ. այստեղ է եղել Աբրահամ Կրետացի կաթողիկոսը և իր «Պատմության» մեջ նկարագրել է գյուղը։

Հայրենական մեծ պատերազմին մասնակցել են 1250 խնձորեսկցիներ, որոնցից 480-ը զոհվել են։ Գյուղը տվել է մեկ գեներալ (Սերգեյ Կարապետյան), 8 գնդապետ, 80 սպա, 200-ից ավելի շքանշանակիր զորականներ, որոնց թվում է նաև ԽՍՀՄ հերոս Գուրգեն Արզումանյանը։

Խնձորեսկը հռչակված է նաև գիտության, գրականության և արվեստի իր նշանավոր
մարդկանցով։ Այստեղ են ծնվել գուսան Թառ-Սյունին՝ Ներսես Սազանդարյանը, ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Տաթևիկ Սազանդարյանը, արձակագիրներ՝ Գարեգին Սևունցը, Սուրեն Այվազյանը, կոմպոզիտորներ՝ Արամ Սաթունցը, Աշոտ Սաթյանը և բազմաթիվ այլ մարդիկ:

Խնձորեսկի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 1342 հոգի, որից 1322-ը՝ հայ, 20-ը՝ իսլամ, 

1873 թվական – 3369 հոգի, բոլորը՝ հայ, 

1886 թվական – 4219 հոգի, բոլորը՝ հայ, 

1897 թվական – 4516 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1908 թվական – 7069 հոգի,

1914 թվական – 8335 հոգի,

1916 թվական – 3710 հոգի,

1919 թվական – 4550 հոգի,

1922 թվական – 3505 հոգի,

1926 թվական – 2596 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 2591-ը՝ հայ, 5-ը՝ պարսիկ,

1931 թվական – 2980 հոգի, բոլորը՝ հայ:

Խորհրդային մարդահամարի տվյալներով Խնածախն ունեցել է.

1939 թվական – 2.980 հոգի,

1959 թվական – 1.992 հոգի,

1979 թվական – 1.820 հոգի,

1989 թվական – 1.725 հոգի:

Այսօր Խնձորեսկի բնակչությունը 2000-ի սահմաններում է:

Լուսանկարում՝ Հին Խնձորեսկը

Կարդալ նաև՝ 

Գորիսի շրջանի գյուղերը 1831 թվականին