Նորայր Բաբաջանյանը միջազգային արբիտրաժի մասնագետ է, միջազգային արբիտրաժային մի շարք դատարանների անդամ, Անգլիայի բարձր դատարանների փաստաբան: Հարցազրույցը ռուսերենով վարել է լրագրող Արման Սուլեյմանյանը, ռուսերենից թարգմանել է փաստաբան Հայկ Հովհաննիսյանը:
– Բարև Ձեզ պարոն Բաբաջանյան, ասացեք, իրո՞ք հայերը ամենախելացի ազգերից մեկն են, ում բախտը սակայն չի բերել հարևանների հարցում, ինչպես մենք սովոր ենք համարել։
– Ողջույն: Ես չգիտեմ և առավել ևս քիչ եմ հասկանում, ինչ ասել է «խելացի» ազգ, հավասարապես և «հնագույն» ազգ։ Յուրաքանչյուր ազգում կան խելացի և հիմար մարդիկ։ Ճիշտ այդպես էլ չեն լինում «հնագույն» ազգեր. լինում են ազգեր, որոնք «հիշում են» իրենց վաղուց (չինացիները, հրեաները, հայերը, վրացիները, ասորիները, պարսիկները), և կան այնպիսիք, որոնց միասնական ազգային ինքնագիտակցությունն առաջացել (և դրսևորվել է) համեմատաբար վերջերս։
Ըստ իս, ժողովուրդները տարբերվում են մշակութային, հոգևոր և էթիկ, այլ ոչ ինտելեկտուալ բովանդակությամբ։ Եթե հաշվենք երկրները IQ-ի միջին գործակցով, ապա առաջին տեղը կիսում են Հոնկոնգը և Սինգապուրը (միջին գործակիցն է 108), Հարավային Կորեան երկրորդ տեղում է (106), Ճապոնիան և Չինաստանը` երրորդ (105), Թայվանը` չորրորդ (104), Իտալիան` հինգերորդ (102), Իսլանդիան, Մոնղոլիան և Շվեյցարիան` վեցերորդ (101), Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Նորվեգիան և Մեծ Բրիտանիան` յոթերորդ (100), Բելգիան, Կանադան, Էստոնիան, Ֆինլանդիան, Գերմանիան, Լեհաստանը, Շվեդիան` ութերորդ (99), Անդորրան, Ավստրալիան, Չեխիան, Դանիան, Ֆրանսիան, Հունգարիան, Լատվիան, Իսպանիան, ԱՄՆ-ն` իններորդ (98), Բելոռուսը, Մալթան, Ռուսաստանը, Ուկրաինան` տասներորդ (97), Մոլդովան, Սլովակիան, Սլովենիան, Ուրուգվայը` տասնմեկերորդ (96), Իսրայելը և Պորտուգալիան` տասներկուերորդ (95), ընդ որում Հայաստանը, Վրաստանը, Ղազախստանը, Ռումինիան և Վիետնամը գտնվում են տասներեքերորդ տեղում (94)։
Եթե ինչ որ մեկին հետաքրքիր է, ապա, օրինակ Թուրքիան գտնվում է 17-րդ տեղում (90, Ալբանիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Չիլիի, Խորվաթիայի և Ղրղզստանի հետ), իսկ Ադրբեջանը 20-րդ տեղում է (87 գործակցով, Բոլիվիայի, Նաուրուի, Գայանայի, Ինդոնեզիայի, Իրաքի, Մյանմայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի հետ: Տարբեր երկրների միջև այսպիսի զգալի տարբերությունը բացատրվում է մի շարք գործոններով, ներառյալ ՀՆԱ-ն, ժառանգականությունը, ժողովրդավարությունը, ծնելիության, կրթության և հանցավորության մակարդակները և այլն։
Իհարկե, ցանկացած նմանատիպ վիճակագրություն ի սկզբանե հանդիսանում է կեղծ/ложной.
Օրինակ, նույն Մեծ Բրիտանիայում երկիրը կառավարում են բարձր և միջին խավերը, որոնք դաստիարակություն և կրթություն են ստացել անգլիական լավագույն դպրոցներում և համալսարաններում (այդ իսկ պատճառով բրիտականակ կառավարող դասակարգի IQ-ն էապես գերազանցում է երկրի կտրվածքով IQ-ի միջին վիճակագրական տվյալը, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի նման «ժողովրդի ծոցից ելած հասարակ մարդիկ», ով փորձում է կրթության և նույնիսկ պարզ բանականության բացակայությունը փոխլրացնել անպատկառությամբ, լպիրշությամբ ու ստորությամբ (մենք բոլորս տեսանք, թե ինչի հանգեցրեց նրա և հավասարապես նրա նախորդների` նույնպես «ժողովրդից ելածների», իսկ ավելի պարզ ասած` կատարյալ պլեբեյների կառավարումը), և ահա միայն հենց այս պատճառով էլ ցանկացած նմանատիպ, ներառյալ վիճակագրական, համեմատություններն առնվազն անտեղի են։
Օրինակ, եթե վերցնենք Իլհամ Ալիևին (ծագմամբ քուրդ) կամ Ռեջեփ Էրդողանին (ծագմամբ վրացի), ովքեր բոլոր ասպեկտներով` աշխարհաքաղաքականից մինչև ռազմա-դիվանագիտական աղետալի պարտության մատնեցին վիճակագրորեն ավելի խելացի ռուսներին և հայերին։
– Գաղտնիք չէ, որ հայերին այդպես էլ չի հաջողվում պատշաճ կերպով Հայաստանը ներկայացնել սփյուռքին, ինչն էլ իր հերթին երկրից մշտական արտագաղթի պատճառ է հանդիսանում։ Ինչպե՞ս եք Դուք տեսնում ժողովրդագրության կենսական խնդիրը։
Նույն հրեական համայնքը ստեղծվել է ավանդաբար իր բնակվելու վայր համարվող տարածքից հրեա ժողովրդի ներկայացուցիչներին դուրս մղելու արդյունքում, մինչդեռ ժամանակակից հայկական սփյուռքը գրեթե ամբողջությամբ բաղկացած է տնտեսական միգրանտներից, ովքեր լքել են իրենց երկիրն ավելի լավ բախտ որոնելիս։ Սրանք սկզբունքորեն տարբեր համայնքներ են։ Այո, «սփյուռք» եզրույթը նույնն է, բայց, ըստ էության, այն նշանակում է բացարձակապես տարբեր պատճառահետևանքային և պատմական կապեր։
Բանն, ըստ իս, հետևյալում է. կցանկանա՞ արդյոք Հայաստանը, որպեսզի բացի հայ – հայրենադարձներից, երկիր գան այլ ազգությունների առավել կրթված մարդիկ, ովքեր հանդիսանում են տարբեր մշակույթների կրողներ։ Սա առաջին հարցն է, որի դրական պատասխանի դեպքում երկրորդ հարցն է` ինչպե՞ս լավագույն ձևով դա անել։
– Եվ ինչպե՞ս:
Եկեք սկզբի համար հիշենք, որ տարբեր ազգությունների մարդկանց զանգվածային վերաբնակեցումներն այլ երկրներ և հաջորդաբար նրանց տարալուծումն ընդունող էթնոսում միանգամայն սովորական երևույթ է։
Օրինակ, երբ օսմանները իրանցիներից խլեցին Արևելյան Հայաստանի մի մասը, պարսկական շահ Աբասը, Պարսկաստանի տնտեսապես ակտիվ հայ ազգաբնակչությանը պահպանելու նպատակով 1599-1607թթ. բռնի կերպով դեպի երկրի խորքը՝ Սպահան վերաբնակեցրեց շուրջ 300.000 հայ` շնորհելով այդ վերաբնակիչներին զգալի տնտեսական արտոնություններ։
Մյուս կողմից, կան մշակութային, տնտեսական և տեխնիկական առումներով զարգացած բնակչության լիովին կամավոր վերաբնակեցման օրինակներ։ Դա մասնավորապես, Ռուսական կայսրության ընդարձակ փորձն է Պետրոս Առաջինի և Եկատերինա Երկրորդի օրոք։ Իր առջև խնդիր դնելով հաղթահարել տնտեսական հետամնացությունն ու տեխնոլոգիական ճեղքում իրականացնել, Ռուսական կայսրությունը զարգացման վիթխարի ազդակ ստացավ` մեծ թվով գերմանացիներ, անգլիացիներ, հոլանդացիներ, սկանդինավներ, իտալացիներ, ֆրանսիացիներ և այլ ծագման եվրոպացիներ երկիր ներգրավելու արդյունքում: Պետրոս Առաջինի կառավարման ժամանակաշրջանի ավարտին, 1725թ, օտարերկրացի սպաները, առևտրականները, գիտնականները, ճարտարապետները, բժիշկները և արհեստագործներն արդեն կազմում էին հասարակության ոչ քիչ մասը։ Ռուսաստանը, որ մինչ այդ կիսաարհամարաբար Եվրոպայում անվանվում էր ոչ այլ կերպ, քան «Մոսկովիա», դարձավ իրական, այլ միապետությունների կողմից ճանաչված կայսրություն միայն այն բանից հետո, երբ նրան հաջողվեց մեկ ամբողջության մեջ միավորել անհավանական ռուսական կրքոտությունը` եվրոպացիների կողմից ներմուծված հոգևոր, մտավոր, տեխնիկական, գիտական և ռազմական նվաճումների հետ։
Եկատերինա Երկրորդի (ծնված Անգալտ – Ցերբսկայա) կողմից ռուսական գահակալմամբ օտարերկրացիներին հրավիրելը նոր, ավելի հզոր մղում ստացավ։ Այսպես, 1763թ. այդ մեծ ռուս կայսրուհին և փայլուն Պետրոս Առաջինի գաղափարների շարունակողը, հրապարակեց արևմտյան վերաբնակիչներին նշանակալի ֆինանսական աջակցություն, յուրաքանչյուր վերաբնակեցվող ընտանիքին 30 հեկտար հող և վերաբնակիչների կողմից մինչև 30 տարեկան հասակը զորակոչից ու հարկումից ազատում նախատեսող հատուկ Մանիֆեստ։ Արդյունքում, երեք տարում, 1764 և 1767թթ. մոտավորապես 29 000 եվրոպացի վերաբնակվեց Ռուսական կայսրությունում։ XIX դարի 60-ական թվականներին, վերաբնակիչների թիվը կազմեց 200 000 մարդ։ 1913թ. դրությամբ Ռուսական կայսրությունում միայն գերմանական ծագմամբ շուրջ 2 400 000 մարդ էր բնակվում։
Ժամանած օտարերկրացիների մեծ մասը ռեկորդային կարճ ժամանակում մշտական բնակություն էր հաստատում իր իսկ կողմից կառուցված հազարավոր բնակավայրերում, և ամենից առաջ, կայսրության համար կարևոր Հյուսիսային Կովկասի, Մերձսևծովյան, Ղրիմի և Պովոլժյեի տարածաշրջաններում։
Ինչպես հայտնի է, իրենց ժամանակի բարձրագույն մշակույթի կրողները, այդ նոր ռուս օտարերկրացիներն անգնահատելի ներդրում կատարեցին ռուսական պետականության զարգացման գործում, ինչպես նաև գիտության, մշակույթի և կրթության մեջ։ Հնչեցնենք այդ մեծ ռուսաստանցիների առավել հայտնի որոշ անուններ. Բերինգ, Կրուզենշտեռն, Բելլինսհաուզեն, Վիտհենշտեյն, Ֆոնվիզին, Կլոդտ, Ռաստրելլի, Լերմոնտով, Դելվիգ, Նեսսելռոդե, Ֆելտեն, Մոնֆերրան, Լամպի, Բչյուլլով, Շլիման, Պլեվե, Լամսդորֆ, Վրանգել, Լիտկե, Լենց, Յակոբի, Ստրուվե, Վիտտե` ակնառու ռուս եվրոպացիների միայն մի փոքր մասի և նոր ռուսական հայրենիքի առջև նրանց վաստակի թվարկումը կարող էր խիտ տեքստով մի քանի հատոր զբաղեցնել։ Այդ իսկ պատճառով, պատահական չէ, որ Ռուսական կայսրությունում շատ գիտական հայտնագործություններ և հիմնական տարածքային ձեռքբերումները տեղի ունեցան միայն այն բանից հետո, երբ մեկնարկեց ռուսական մտավոր, հոգևոր, մշակութային, տնտեսական, կրթական և ռազմական բնագավառներ օտարերկրացիների ինտենսիվ ինտեգրացիայի գործընթացը։
– Ձեզ հեշտ է խոսել անծայրածիր Ռուսաստանի մասին։ Մեր երկիրը փոքր է` դրանից բխող մտավախությամբ, որ մեզ կուլ կտան օտարերկրացիները: Սրան ի՞նչ կասեք։
– Բերեմ մի զարմանալի օրինակ։ 1788թ. Ռուսաստանն ուժգնորեն պատրաստվում էր Օսմանյան կայսրության հետ պատերազմին։ Ընդ որում երկրին չէին բավականացնում հրամանատարական կազմեր, որոնք պետք է ղեկավարեին բանակային ստորաբաժանումները։ Այդ պատճառով որոշվեց ռուսական ծառայության վերցնել եվրոպական սպաներին։ Այդ առաքելությունը դրվեց ականավոր ռուս ռազմական և պետական գործիչ գեներալ Իվան Ալեքսանդրովիչ Զաբորոսվկու վրա, ով մեկնեց Իտալիա` սպա – կամավորականներին հավաքագրելու համար։ Ռուսական կայսերական բանակում ծառայության անցնելու նպատակով դիմորդների շարքում հայտնվեց նաև փարիզյան ռազմական ակադեմիայի շրջանավարտ, հրետանային լեյտենանտ Նապոլեոնե Բուոնապարտեն։ Սակայն, ցանկացողներն այնքան շատ էին, որ օտարերկրյա սպաներին ստիպված էին ռուսական զինվորական ծառայության վերցնել կոչման մեկ աստիճան նվազեցմամբ։ Երիտասարդ հավակնոտ լեյտենանտի համար դա անընդունելի էր, բայց ռուսական բանակում ծառայելու նրա մղումն այնքան մեծ էր, որ նրան հաջողվեց անձնական հանդիպում կորզել գեներալ Զաբորովսկու հետ, ով անձամբ կրկնեց Ֆրանսիայի ապագա կայսրին իր նախկին պատասխանը։ Նապոլեոնը զայրույթով դուրս վազեց գեներալի գրասենյակից, ասելով վերջինիս, որ այդ դեպքում կառաջարկի իր ծառայությունները Պրուսիայի արքային։ Եվ դեռ հայտնի չէ, թե ինչպես կդասավորվեր Եվրոպայի ու աշխարհի ճակատագիրը, եթե Ֆրանսիայի ապագա կայսրը անցներ ծառայության ռուսական բանակում։
Կարելի է բերել և այսպիսի օրինակ։ Մ.թ. առաջին դարաշրջանում Եվրասիայի ամբողջ արևմտյան մասը զբաղեցնում էր հզորագույն մի կայսրություն, որը սկիզբ էր առել մի փոքրիկ քաղաքից` Հռոմից (այն ժամանակ շատ ավելի փոքր իր չափսով, քան ժամանակակից Երևանի վարչական շրջաններից ցանկացածը), որը հիմնադրվել էր լատինացիների փոքրիկ ցեղի կողմից, որին այնուամենայնիվ հաջողվել էր իրենում տարալուծել բարձր քաղաքակրթությամբ օժտված շատ ժողովուրդների` ներառյալ մշակութային առումով իրենց գերազանցող հույներին։
Կամ ահա ևս մեկը. պետության ստեղծում այս անգամ հոգևոր, ամենատարբեր ժողովուրդների միասնության, այլ ոչ թե էթնիկ հիմքի վրա։ Նախանցյալ հազարամյակի սկզբում Պաղեստինում և Սիրիայում ծագեց փաստորեն մի նոր էթնոս, այսպես կոչված «էթնոսն ըստ Քրիստոսի»։ («Այժմ դուք ևս թոթափեցե՛ք այդ բոլորը` բարկություն, զայրույթ, չարություն, հայհոյություն և խեղկատակություն ձեր բերաններից, մի ստեք միմյանց. Հանեցեք ձեր վրայից հին մարդուն իր գործերով և հագեք նորը, այն, որ նորոգված է գիտությամբ, ըստ իր Արարչի պատկերի, այլևս չկա հրեա, ո՛չ էլ հեթանոս, թլփատություն և անթլփատություն, բարբարոս, սկյութացի, ծառա, ազատ, այլ` Քրիստոս, որ ամեն ինչ է ամեն բանի մեջ») –Պողոս Առաքյալի թուղթը կողոսացիներին։ Կամ. «Ուրեմն խտրություն չկա ո՛չ հրեայի և ո՛չ հեթանոսի, ո՛չ ծառայի և ո՛չ ազատի, ո՛չ արուի և ո՛չ էգի. որովհետև դուք ամենքդ մեկ եք ի Քրիստոս Հիսուս։ Իսկ եթե դուք Քիստոսինն եք, ուրեմն Աբրահամի սերունդն եք, ժառանգներ` ըստ խոստման։» – Պողոս Առաքյալի թուղթը գաղատացիներին)։ Չնայած հեթանոսների կողմից դաժան հետապնդումներին` նոր քրիստոնեական հավատքի կրողներին հաջողվեց ոչ միայն պահպանել, այլև դարձնել այն կազմալուծված Հռոմի մասերից մեկի գլխավոր գաղափարախոսությունը։ Այդպես առաջացավ նոր երկիր` Բյուզանդական կայսրությունը։
– Իսկ ի՞նչ կասեք հենց Հայաստանի մասին
Հայտնի է, որ Տիգրան II-րդը (Մեծ), իր կայսրության նոր ձևավորված քաղաքներում առևտրի ու արհեստների զարգացման համար, իր կողմից նվաճած երկրներից Հայաստան տեղափոխեց զգալի թվով օտարածին ազգաբնակչություն։ Չնայած նրան, որ Տիգրան II-ի կայսրությունը գոյատևեց հարաբերականորեն ոչ երկար, երկիրը զարգացնելու նրա կողմից դրված խնդիրն իրականացվեց։ Վերջին հաշվով, բերված օտարածին ազգաբնակչությունն ամբողջությամբ ձուլվեց հայերի կողմից։ Կամ օրինակ, եթե խոսենք դեպի Հայաստան հրեաների վերաբնակեցման մասին` դրան հաջորդող ձուլմամբ: Միդրաշ Էյխա Ռաբայում (Բանավոր Թորա) պատմվում է, որ բաբելոնյան Նաբուգոդոնոսր արքան, Առաջին Տաճարի ավերումից հետո, մ. թ. ա. V դարում հրեաների մի մասին քշեց Հայաստան, այնպես որ մ. թ. ա. IV դարում Արմավիր քաղաքն իրենից ներկայացնում էր մեծ հրեական բնակատեղի։ Իր ռազմարշավի ժամանակ Հայաստանի կայսր Տիրգրան Մեծը, գերեվարելով բազմաքանակ հրեաների, տանում է նրանց իր հարազատ վայրերը, ուր բնակեցնում է հրեաներին Արմավիր քաղաքում և Քասախ գետի ափին գտնվող Վարդգես բնակավայրում։ Մեկ այլ դեպքում հոր գործը շարունակեց Արտավազդ II, ով թագավորել է մթա 55 – 34թթ, միջամտելով գահի համար մղվող հրեաների ներքին երկպառակտական պատերազմին, և կողմերից մեկի կողմը բռնելով, մյուս կողմի աջակիցներին գերի է տանում և բնակեցնում Վան քաղաքում։ Տիգրանի կողմից վերաբնակեցրած հրեաների առաջին ալիքի մեծ մասը ժամանակի ընթացքում քրիստոնեություն ընդունեց, իսկ (Արտավազդի կողմից կազմակերպված) վերաբնակեցվածների երկրորդ ալիքը` վանեցի հրեաները, հետագայում ինչ որ մի ժամանակ շարունակեց հուդայականություն դավանել: Այսպես, հին հրեական պատմիչ և ռազմիկ Հովսեփ Ֆլավիուսը, գտնվելով հռոմեական կայսրուհու մոտ ընդունելության, հարցին թե ի՞նչ գիտի նա Հայաստանի մասին` պատասխանեց. «Հրեաները լավ են ապրում Հայաստանում»։
Ուշադրություն դարձրեք Տիգրան Մեծի կայսրության արձագանքներին, ուր նշանակություն չուներ, թե ինչ ազգության ես դու, եթե դու ծառայում ես Հայոց կայսրությանն ու դրա շահերին. առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը հոր կողմից պարթև էր, կաթողիկոս Սահակ Պարթևը նույնպես, և այլն։ Ավելին, հայ պատմիչ Մովսես Խորենացու համաձայն, Բագրատունյաց ցեղը, որ հետագայում տվեց երկու արքայական տոհմ` հայկական և վրացական, (Բագրատիոն) – սկիզբ է առել Իսրայելական թագավորությունը գրավելուց ու Հայաստանի կազմում ներառելուց հետո, գերեվարված ու վերաբնակեցված հրեաներից է սերվել։ Այսօր անհնար է պատկերացնել, որ Հայաստանի վարչապետ դառնա հրեան, մինչդեռ հին հայ հեղինակները այդ առիթով որևէ վրդովմունք, անհանգստություն կամ նույնիսկ զարմանք չեն արտահայտում։ Ավելի շուտ, հրեական ծագում ունեցող մարդիկ այնքան շատ էին Հայաստանում, որ հայ մատենագիրները որևէ արտասովոր բան չէին տեսնում հայկական արքայական տոհմի հրեական ծագման մեջ։
Հայաստանն այլ ազգությունների ներկայացուցիչների համար պատմականորեն հանդիսացել է հուժկու ձգողականության կենտրոն։ Այսպես, կարթագենացի ռազմապետ Հաննիբալը (մ. թ. ա. 247-183 թթ), ով Նապոլեոն Բոնապարտի հետ միասին հանդիսանում է աշխարհի երկու մեծագույն զորահրամանատարներից մեկը, հռոմեացիների հասցրած պարտությունից հետո Կրետեյով ուղևորվեց Հայաստան։ Մեծ Հայքի առաջին արքան, Արտաշես I-ը (մ. թ. ա. 230–160 թթ) Հաննիբալի խորհրդով հիմնեց Արտաքսատու (ներկայիս Արտաշատ) քաղաքը և նրան նույնիսկ հանձնարարեց քաղաքային ամրությունների շինարարության ղեկավարումը։
Կամ ահա մեկ այլ հանրահայտ և նույնիսկ առթնին օրինակ, կապված Հայաստանի կողմից քրիստոնեության ընդունման հետ. 301 թվականին, փրկվելով քրիստոնյաների դաժան հետապնդող, հռոմեացի կայսր Դիոկղետիանոսից (244-311 թթ), ոչ այլուր, քան հենց Հայաստան եկան 37 աղջիկ քրիստոնյաները, որոնցից մեկի` Հռիփսիմեի հետ նա նպատակադրվել էր ամուսնանալ։ Իմաստ չունի վերապատմել այդ ողջ պատմությունը, այն քաջ ծանոթ է մեր հայրենակիցներին։ Բանն այն է, որ ակնհայտ է, որ այն ժամանակվա Հայաստանը մի յուրօրինակ ապաստան էր իրենց հայրենիքում հալածվող մարդկանց համար` անկախ նրանց ազգային ծագումից. 2000 տարի անց մի այդպիսի համընդանուր ապաստան կդառնա ԱՄՆ-ն, իսկ այն ժամանակ դա Հայաստանն էր։
– Իսկ հայերի հայրենադարձության մասին ի՞նչ կասեք
Հայաստանն ունի հայրենադարձության հարաբերականորեն թարմ փորձ Մասնավորապես, 1917 թվականի բոլշևիկյան հեղաշրջումից կարճ ժամանակ անց, Սովետական Հայաստանի ղեկավարությունը կազմակերպեց հայերի նպատակադրված վերադարձ Հայաստան։ 1921 թվականին Իրաքից հայրենադարձվեց 3.000 հայ։ 1922 թվականին ևս 3.000 մարդ տեղափոխվեցին Հայաստան` մշտական բնակության: 1923 թվականին տեղի էր ունենում Վանից ու Իրանից վերաբնակեցումը։ 1924 թվականից սկսվեց մեր հայրենակիցների վերադարձը Հունաստանից, Սիրիայից, Թուրքիայից և Ֆրանսիայից։ Նույն 1924 թվականից հայրենադարձությունը դարձավ մասսայական երևույթ։ Ընդամենը 1921-1936թթ. Հայրենադարձվեց ավելի քան 42.000 մարդ։ Ավելին, տասնյակ հազարավոր հայեր հայրենադարձվեցին երկիր Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտից հետո։
Չնայած ծանր տնտեսական դրությանը, ԽՍՀՄ Կենտգործկոմի 1923թ. օգոստոսի 16-ի որոշմամբ, հայրենադարձները, ոչ պակաս քան երեք տարով, ազատվում էին բոլոր տեսակի հարկերից, ինչպես նաև ձեռք էին բերում իրենց բեռների անվճար անմաքս փոխադրման իրավունք։ Միևնույն ժամանակ տարվում էր գիտա-տեխնիկական և ստեղծագործ մտավորականության ներկայացուցիչներին (Սարյան, Իսահակյան, Շիրվանզադե, Աճառյան, Զարյան, Թամանյան և շատ ուրիշներ) Հայաստան հրավիրելու նպատակային աշխատանք։ Գրեթե 90 տոկոսանոց անգրագետ գյուղական ազգաբնակչություն և ցեղասպանությունից հրաշքով մազապուրծ զգալի թվով սովյալ փախստականներ ունեցող աղքատ երկրում մտավորականության նոր ժամանող ներկայացուցիչների կենսգործունեության համար ստեղծվեցին բավականին տանելի պայմաններ և նրանց փաստացի տրվեց մասնագիտական և ստեղծագործական աշխատանքի լիակատար ազատություն։
XIX դարի վերջում և XX դարի սկզբում ցեղասպանության արդյունքում մենք պրակտիկորեն կորցրինք մեր ողջ մտավորականությունը։ Արդեն Սովետական Հայաստում, ստալինյան զտումների, աքսորների և բոլշևիկների կողմից մեր ազգային հոգևոր, սպայական, մտավորական, գյուղացիական և ձեռնարկատիրական խավերի լավագույն ներկայացուցիչների նպատակադրված ոչնչացման ընթացքում մենք կորցրինք ավելի շատ։ Երկրորդ Համաշխարհային պատերազմում մենք կորցրեցինք մեր ժողովրդի ողջակիզման առավել հակված ներայացուցիչներին։ Ի լրումն դրա, անցած դարի 70-ական թվականներից և մինչ օրս մենք բախվում ենք մասսայական արտագաղթի հետ։ Սպիտակի երկրաշարժն ու Արցախյան պատերազմները նույնպես ունեցան իրենց սարսափեցնող «ներդրումը» մեր կորուստներում։ Մեր կողմից բերված այդ զոհողություններն էապես խարխլեցին մեր գենոֆոնդը։
Հնարավոր է, որ մենք երբեք չդառնանք Հարավային Կովկասի ամենամեծաքանակ երկիրը։ Սակայն մեզ մոտ պահպանվում է տարածաշրջանի ամենակրթված ազգաբնակչությունն ունեցող ամենազարգացած երկիրը դառնալու հնարավորությունը` այդպիսով հավասարակշռելով մեր փոքրաքանակությունը քաղաքացիների բարձրորակությամբ: Դրան կարելի է հասնել միայն ինչպես հայրենադարձությունը խթանելով (իհարկե), այնպես էլ առավել կրթված ոչ հայերին Հայաստան հրավիրելու միջոցով` այդ մարդկանց անհապաղ տրամադրելով հայկական քաղաքացիություն և շոշափելի հարկային արտոնություններ: Կարևոր է հիշել, որ մարդիկ և միայն մարդիկ են հանդիսանում ցանկացած երկրի գլխավոր կապիտալը. ոչ տարածքները, ոչ ածխաջրածնային և այլ կարգի հումքը, ոչ այլ ինչ, քան բարձրորակ մարդկային կապիտալը։ Կլինեն խելացի, գրագետ, երկրին նվիրված մարդիկ – այդժամ երկրում կհայտնվի ամբողջ մնացյալը։ Սակայն առանց այդպիսի մարդկանց պետականաշինության և տնտեսական զարգացման կմնան չհաջողված։
– Հայրենադարձներ և ներգաղթյալներ երկիր ներգրավելու ինչպիսի կառուցակարգեր են անձամբ Ձեզ առավել իրատեսական թվում:
Որպես օրինակ, եթե կարևոր չէ էթնիկ հայը կամ ոչ հայը ավարտել է աշխարհի լավագույն 250 միջնակարգ դպրոցներից կամ բուհերից մեկը (Կառավարության ընտրությամբ ցանկացած միջազգային ռեյտինգով), ապա Հայաստանի Հանրապետությունը կարող էր այդպիսի անձին քաղաքացիություն շնորհել երկիր ժամանելուն պես, բառացիորեն օդանավակայանում` ցմահ ազատելով նրան ինչպես ֆիզիկական անձի եկամտային հարկից (պայմանով, որ այդպիսի անձինք Հայաստանում պետք է գտնվեն տարեկան 180 օրից ոչ պակաս) այնպես էլ բանակային ծառայության պարտականությունից։ Ինչպես գիտեք, լավագույն դպրոցներ և համալսարաններ ընդունվելն ինքնին բավականին ծանր է, այնտեղ ում ասես չեն ընդունում։ Այդ իսկ պատճառով, հենց միայն այդպիսի ուսումնական հաստատություն ընդունված լինելու և հաջողությամբ ավարտելու փաստն ինքնին հանդիսանում է անձի բարձր մտավոր ունակությունների անվերապահ առհավատչյան։ Ընդ որում, կարևոր չի, թե ինչ աստիճան է ստացել այս կամ այն հայրենադարձվողը կամ ներգաղթյալը` բակալավրի, մագիստորսի թե դոկտորի։
Ոչ մի բյուրոկրատիա. Հայաստան ժամանող այդպիսի անձը կներկայացնի միայն երկու փաստաթուղթ` իր անձնագիրն ու լավագույն 250 ցանկից համապատասխան դպրոցի կամ համալսարանի ավարտական դիպլոմը. պետությունը չպետք է պահանջի որևէ այլ փաստաթուղթ այդպիսի անձից։ Ցանկացած այլընտրանք, այս կառուցակարգի «կատարելագործման» փորձեր և բյուրակրատական և վարչական այլևայլություններ կհանգեցնեն սույն նախաձեռնության զրոյացմանը, կապականեն այն և արդյունքում կունենան ճիշտ հակառակ ազդեցություն։ Եթե մարդը գիտակցաբար որոշել է իր և իր ընտանիքի կյանքը կապել աղքատ, պատերազմող երկրի հետ, որն ընդ որում գտնվում է պաշարման և շրջափակման մեջ, ապա դեպի Հայաստան հայրենադարձությանն ու ներգաղթին բյուրոկրատական պատնեշներ ստեղծելու միջոցով կամա թե ակամա խոչընդոտող ամեն մի չինովնիկի հարկն է անհետաձգելիորեն պաշտոնազրկել և ենթարկել քրեական հետապնդման։
Իհարկե, միաժամանակ, այդպիսի նպատակադրված ներգաղթի պայմանների բացատրման ու իրենց ակրեդիտացիայի երկրներում դրա խթանման նպատակով անհրաժեշտ է գործարկել Հայաստանի դեսպանությունները, իսկ ԱԳՆ-ն, իր հերթին, հարկ է գնահատել այս կամ այն դեսպանի գործունեությունն այդ թվում դեպի Հայաստան հայրենադարձության և ներգաղթի արդյունքներով։
Այո, նորեկները, Հայաստանում տարեկան 180 օրից ավելի բնակվելու դեպքում չեն վճարի ֆիզիկական անձի եկամտահարկ և չեն ծառայի բանակում, բացառությամբ, եթե իրենք անձամբ չցանկանան դա անել։ Սակայն նրանք ահռելի ներդրում կունենան Հայաստանի հոգևոր, մտավոր և տնտեսական զարգացման մեջ։ Նրանք կդասավանդեն դպրոցներում և համալսարաններում, նրանք կհիմնեն աշխատատեղեր ու կկառավարեն ընկերություններ, որոնց շահույթն ու շահաբաժինը կհարկվեն ընդհանուր հիմունքներով. նրանք կկառուցեն տներ, կուսուցանեն իրենց զավակներին, վերջապես Հայաստան կտեղափոխեն իրենց խնայողությունները։ Այլ կերպ ասած, Հայաստանում նրանց գործունեությունից անուղղակի օգուտները, իսկ այդպիսիք չափազանց շատ են առանց բացառության թվարկելու համար, անխուսափելիորեն կունենան վիթխարի ազդեցություն։
Վերջապես համաձայնեք, աշխարհում չկա քիչ թե շատ տնտեսապես հաջողակ որևէ տարածաշրջան, որը միևնույն ժամանակ մոնոազգային լինի. նայեք Սինգապուրին, Հոնկոնգին, Շանհային, Դուբային, Մոսկվային, Լոնդոնին, Փարիզին, ԲԵռլինին, Մայնի Ֆրանկֆուրտին, Նյու Յորքին, Սան Ֆրանցիսկոյին և այլն։
Այդ պատճառով էլ, ներեցեք շիտակության համար, ես կարծում եմ, որ այսօրվա Հայաստանին ընտրություն չի մնում. կա՛մ երկիրը բացվում է աշխարհին և կսկսի (այդ թվում, այսինքն հենց հայերից բացի) իր մոտ հրավիրել այլ ազգությունների առավել կրթված ներկայացուցիչներին՝ տրամադրելով նրանց հայկական քաղաքացիություն, ինչպես նաև հարկային և այլ արտոնություններ, կա՛մ այն վաղ թե ուշ պարզապես կվերանա աշխարհի քաղաքական քարտեզից։ Քանզի, կրկնեմ ևս մեկ անգամ, ցանկացած երկրի ամենագլխավոր ռեսուրսը դա մարդկային կապիտալի որակն է։ Եվ իհարկե, որքան բարձր է այդպիսի որակը, այնքան ավելի հաջողակ է երկիրը։












