Ներքին Խնձորեսկ. Ադրբեջանը երեք ժամ է տվել, որ հայկական հենակետը հանվի ու հետ տարվի

3162

Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի մոտակայքում ադրբեջանցիների զինվորականները վրաններ են տեղադրել ու սպասում են, որ հայկական կողմն ազատի տեղանքը։ Ադրբեջանական կողմը երեք ժամ է տվել, որպեսզի հայկական հենակետը հանվի ու հետ տարվի, տեղեկացնում է Ազատությունը։

Մինչև այս պատերազմը Ներքին Խնձորեսկը ադրբեջանական սահմանից 130 կիլոմետրի վրա էր։ Լաչինն ու Կուբաթլուն հանձնելուց հետո գյուղը բառացիորեն ադրբեջանցիների բռի մեջ է։ Հենակետը անընդհատ հետ տեղափոխող պայմանագրայինններն ասում են՝ այն, ինչ վերջին օրերին են զիջում, հայկական հողեր են, Ներքին Խնձորեսկի ցորենի արտերն ու արոտավայրերն են։

Խնձորեսկում 460 ընտանիք է ապրում, իսկ Ներքին խնձորեսկում 36 տուն է։ Պատերազմից հետո այստեղ Արցախից տեղահանված մի քանի ընտանիքներ հաստատվեցին, նրանք մտադիր են այստեղ էլ մնալ, եթե պետությունը գոնե տան հարցը լուծի։

Խնձորեսկում այժմ շատերն են զրկվել եկամտի աղբյուրից․ անասուններին արոտավայր չեն կարող տանել, արտերը ադրբեջանական կողմի աչքի առաջ են։

«Կառավարությունից, պետությունից ա կախված։ Նայած ժողովրդին ոնց են տեր կանգնում, ոնց են աջակցում, մարդիկ ոնց են իրանց անվտանգ զգում», – ասում է Խնձորեսկ համայնքի ղեկավար Երվանդ Մալունցը։ – «Բայց երբ որ մարդը չկարա ինքը իրա եկամուտը ստեղծի, իրա էրեխեն պահի, իրա ուսանողի վարձը տա, ես ո՞ւմ կարամ ասեմ՝ չէ, դու մնա ստեղ, պըտի մնաս․․․ Ես չեմ կարա»։

Երվանդ Մալունցն ահազանգում է՝ սահմանապահ դարձած համայնքի համար ծրագրերը ուշանում են․ – «Ինչ անելու են, պիտի արագ անեն։ Հիմա Ներքին Խնձորեսկում 20-22 աշակերտ ա դպրոցում, մանկապարտեզը փակման եզրին, դպրոցը փակման եզրին․․․ դե արի գյուղ պահի»։

—-

Ներքին Խնձորեսկ-Ղուբաթլու ուղղություն, 4 նոյեմբեր, 2020
Այս տեսանյութը լրագրող Թաթուլ Հակոբյանը նկարել է 2020-ի նոյեմբերի 4-ի վաղ առավոտյան, Ներքին Խնձորեսկից դեպի Ղուբաթլու հատվածում:
Տեսանյութում երևացող գրեթե բոլոր տարածքները տրվել են Ադրբեջանին, իսկ որոշ հատվածներ, որոնք նախկին խորհրդային շրջանի սահմաններն են, այսօր են տրվում Ադրբեջանին… քանի որ GPS-ն այդպես է ցույց տալիս…