Հայաստա՛նը պետք է լինի նախաձեռնողը հարևանների հետ հարաբերություններում

1128

Հարևանների հետ հարաբերություններում նախաձեռնողը պետք է լինենք մենք, այլ ոչ թե երրորդ պետությունները

Մեր նախորդ հոդվածում անդրադարձել էինք ցավալի մի իրողության, երբ անգամ անչափելի կորուստներից, ցավից ու ողբերգությունից հետո մենք չկարողացանք հասնել ԼՂ հակամարտության կարգավորմանը։ Փոփոխվեց ստատուս քվոն, ուժերի հաշվեկշիռն ու դասավորությունը, կողմերից մեկը պատերազմից հետո նվաճեց շատ ավելին, քան ծրագրում, անգամ երազում էր պատերազմից առաջ, ստորագրվեց մեծավ մասամբ միակողմանի, Ադրբեջանի շահերից բխող փաստաթուղթ, սակայն ԼՂ հակամարտությունը տակավին կարգավորված չէ։ Կողմերը շարունակում են իրարամերժ մոտեցումներ հնչեցնել այն հարցերի շուրջ, որոնք էլ հե՛նց հակամարտության բուն պատճառն էին հանդիսանում՝ ԼՂ կարգավիճակ, Հայաստանի մասնակցություն ԼՂ անվտանգության հարցերին։

Նոյեմբերի 10-ի Հայտարարությունը ստորագրած երեք կողմերից մեկն ասում է, որ կարգավիճակի հարցը միտումնավոր բաց է թողնվել այն հաշվարկով, որ այդ համաձայնությունը, ի վերջո, կայանա։ Լավրովի պլանն էլ հենց նույն տրամաբանությունը ուներ ՝ 5 տարածքի վերադարձ, կարգավիճակի խնդրի անորոշ (տևական, գուցե՝ հավերժ) փոխկապակցում Քելբաջարի ու Լաչինի տարածաշրջանների վերադարձի հետ։ Այն նաև նախատեսում էր Լեռնային Ղարաբաղի համար միջանկյալ կարգավիճակ, որն, ի տարբերություն այսօրվա իրողությունների, կհստակեցներ իրավիճակը․ կողմերի միջև այս հարցում ձեռք բերվելիք համաձայնությունը լիցքաթափող վճռորոշ գործոն կլիներ, դուռ բացելով տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության համար։ Այդ թվում, Թուրքիայի ներգրավվմամբ։

Ներկայում ստեղծված իրավիճակից դժգոհ են թե՛ Երևանում, և թե՛ Բաքվում։ Երկուսն էլ բախվում են ներքին ճնշումներին՝ ԼՂ կարգավիճակի հարցում, տարածաշրջանի ապաշրջափակման, տնտեսական կապերի վերականգնման, նորերի ստեղծման հարցերում։ Ադրբեջանի հասարակությունը պահանջում է Ի․ Ալիևից խոսել հաղթողի դիրքերից, առաջ քաշել նորանոր պահանջներ Հայաստանի առջև, մեր ժողովուրդն էլ տակավին թերահավատ է Հայաստան-Ադրբեջան դիվանագիտական հարաբերությունների ստեղծման, Թուրքիայի հետ սահմանների բացման, ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերում։ Կարծես, դրանից է՞լ բնական բան՝ բարիդրացիական հարաբերությունները նախ անվտանգության ապա տնտեսական զարգացման հիմնական նախապայմաններն ու միջոցներն են, սակայն հաշվի առնելով այն, որ հասարակության հետ աշխատանք չի տարվել և չի տարվում այս ուղղությամբ, վախերը, շատ հաճախ, գերիշխող են։

Ի՞նչ է տեսնում հասարակությունը․ Հայաստանն ու Ադրբեջանը ի վիճակի չեն ուղիղ բանակցել միմյանց հետ, և այդ կենսական անհրաժեշտության գործն արվում է երրորդ պետության միջնորդությամբ։ Եթե հապաղենք՝ նույնն էլ տեղի կունենա Թուրքիայի հարցում։ Երկու պետություններն էլ մեր հարևաններն են, մենք ապրում և հավերժ ապրելու ենք այս տարածաշրջանում, այս միջավայրում։ Հետևաբար պետք է մեր մեջ ուժ գտնենք և ուղիղ երկխոսություն նախաձեռնենք Թուրքիայի հետ։ Մենք չպետք է սպասենք, որ մեր փոխարեն դա նախաձեռնեն ուրիշները։ Ինքնիշխանության դրսևորումը հենց դա՛ է պահանջում՝ նստել և խոսել՝ հասկանալ բոլոր խնդիրներն ու խոչընտոտները, գնահատել դրանք և գործել այնպես, ինչպես թելադրում է պետական շահը։

ԱԺ-ում ՀՀ ԱԳ նախարարը հայտարարեց, որ պետության անվտանգության ապահովումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն հարցն է։ Արտաքին քաղաքական մինչ օրս տարվող գիծը չապահովեց պետության անվտանգությունը։ Խոսքը ոչ թե ռազմական բաղադրիչի մասին է, որի մասին շատ է խոսվում, իսկ ավելի շատ՝ խոսվելու է, այլ հենց դիվանագիտական։ Այն պետք է շտկել (այդ մասին էլ էր խոսում ԱԳ նախարարը)՝ երկրի անվտանգությունը ամրապնդելու համար։ Հարևանների հետ բնականոն, բարիդրացիական հարաբերությունների հաստատումը անգամներ ավելի կավելացնի անվտանգությունը, քան հարյուրավոր Սմերչերն ու տարբեր մոդիֆիկացիաների «Սու» ինքնաթիռները։

Որքան էլ մենք շատ հրթիռ ու ԱԹՍ ունենանք, միևնույն է՝ Թուրքիան, հաշվի առնելով բյուջեի ծավալներն ու միջազգային դերակատարումը, կունենա դրա տասնապատիկը։ Այս հարցում մենք չենք կարող մրցել Անկարայի հետ։ Դրան հակառակ` նորմալ, բնականոն հարաբերությունները, դիվանագիտական կանոնավոր  շփումներն ու փոխադարձ այցելություններն ու առևտուրը կտրուկ կբարձրացնեն փոխվստահության մակարդակը, հատկապես հաշվի առնելով դրա այսօրվա բացակայությունը։ Անվտանգության մակարդակի բարձրացմանը կնպաստեն նաև տարածաշրջանային ծրագրերում բոլոր պետությունների ներգրավվումը, հատկապես եթե դրանք փոխլրացվեն թե՛ ռուսական և թե՛ ԵՄ նախաձեռնություններով։ Հայաստանը այսօր պետք է ուժ գտնի անկեղծ խոսելու մեր առաջնայնությունների՝ անվտանգության ապահովման մեր նոր մոտեցումների մասին, գուցե, մշակի նոր տեսլական։ Ու այդ մոտեցումը դատարկ ու հիմնազուրկ խոսք չպետք է պարունակի։ Նախկին ռազմավարությունը այլևս չկա։ Չկա, որովհետև այն չի ապահովել մեր և ԼՂ անվտանգությունը։ Հետևաբար պետք է մշակել նորը և անել ժողովուրդի հետ երկխոսելով։

Խմբագրի խոսք

New Armenia