Ադրբեջանցիները խոցված են ու նեղացած. 2015-ի իմ կարճ գրությունը

2310

Պաշտոնական Բաքվի այսօրվա հայատյաց և ռազմատենչ քաղաքականությունը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնց շարքում, առաջնայինը, անկասկած, պետական մակարդակով տարվող այն քաղաքականությունն է, որ սկիզբ է առել 2003-ի սեպտեմբերին, երբ հոգևարքի մեջ գտնվող Հեյդար Ալիևը վարչապետ նշանակեց որդուն՝ Իլհամին։

Շատերը, այդ թվում միջազգային հանրությունը ակնկալում էր, որ որդին հորից ավելի լայնախոհ կլինի, քանի որ, ի տարբերություն Հեյդար Ալիևի, ով անցել էր խորհրդային, այդ թվում՝ ՊԱԿ-ի դպրոցը, Իլհամը պետք է որ ժողովրդավար, հանդուրժող, կառուցողական ու բաց լիներ։  Նա ուսանել էր Մոսկվայում, ռուսերենից բացի տիրապետում է անգլերենին ու ֆրանսերենին, ոտի տակ էր տվել աշխարհը։

Երբ վարչապետի պաշտոնում Իլհամ Ալիևը Ադրբեջանի հասարակական կազմակերպություններին հորդորեց չշփվել հայերի հետ և չայցելել Լեռնային Ղարաբաղ, դա հայատյացությունը և պատերազմական հռետորաբանությունը պետական քաղաքականության մակարդակի վրա դնելու առաջին ազդանշանն էր։

Ապա հետևեց Ռամիլ Սաֆարովի նողկալի արարքը, Բուդապեշտի բանտից նրա անօրինական հայրենադարձությունը և հերոսացումը Ադրբեջանում։ Յուրաքանչյուր առիթով Ալիևը խոսում է նոր պատերազմի մասին։

Սակայն արդյոք միայն Ալիևի և պետական քաղաքականության պատճառով է՞, որ Ադրբեջանում հայատյացությունը անցել է բոլոր «թույլատրելի» սահմանները։

Որպես լրագրող, իմ պրոֆեսիոնալ գործունեության 20 տարիների ընթացքում բազմաթիվ անգամ շփվել եմ ադրբեջանցիների հետ աշխարհի տարբեր մայրաքաղաքներում՝ սկսած ամենաբարձր պաշտոնյաներից։ Ես եղել եմ լրագրողների այն խմբի մեջ, ով 2001-ի ամռանը այցելել է Բաքու։

Վերջին երկու տարիներին, որպես փորձագետ և խորհրդատու, մասնակցում էի հայ-ադրբեջանական մի նախագծի, որի հանդիպումները տեղի էին ունենում Թբիլիսիում։ Նախագծի նպատակն էր երեք մասերից կազմված ֆիլմ նկարել Արցախյան հակամարտության մասին՝ 1988-ից մինչև մեր օրերը։

Նախագծի շրջանակներում վերջին եռօրյա հանդիպումը տեղի ունեցավ մայիսի կեսերին։ Տունդարձի ճանապարհին ես մտածում էի և ինձ հարց տալիս, թե ի՞նչ նոր բան սովորեցի և ի՞նչ տվեցին ինձ այդ հանդիպումները։

Ամենից ակնհայտը, որին ես ուշադրություն չէի դարձրել կամ չէի ընկալել նախկինում, հետևյալն էր՝ Արցախյան հակամարտությունը (շարժում, պատերազմ, նոր ստատուս քվո, փախստականներ և այլն) խոցել ու նեղացրել է ադրբեջանցիներին։ Նրանք համարում են, որ իրենց դեմ մեծ անարդարություն է տեղի ունեցել և այդ անարդարության կերտողները հայերն են, բոլոր հայերը, այդ թվում՝ նաև ես։ Արդար է՞ սա, թե ոչ, այլ հարց է, բայց իրողություն է, որ ադրբեջանցիները հե՛նց այդպես են մտածում։ Ընդ որում, այդպես են մտածում նաև այն ադրբեջանցիները (լրագրողներ և ոչ միայն), ովքեր հրապարակավ, մամուլում համարձակություն են ունեցել դատապարտել են Ռամիլ Սաֆարովի արարքը։

Այսօրվա Ադրբեջանում հայատյացության պատճառը ոչ միայն Իլհամ Ալիևի պարբերական ներարկումներն են, այլ նաև անարդարության այն զգացումը, որ ունեն շարքային, չափավոր, հանդուրժող ադրբեջանցիները։

Թաթուլ Հակոբյան

20 մայիս, 2015թ