Թաթուլ Հակոբյանի պատասխանները ԱՆԻ կենտրոնի հարցերին
Հարց 1 – Ինչպե՞ս կգնահատեք Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի արդյունքները:
Պատասխան – Հայրենական այս պատերազմում եղել են քաջագործության, նվիրումի ու հերոսության բազմաթիվ դեպքեր՝ 18 տարեկան զինվորից մինչև պահեստազոր ու սպայականկազմ, սակայն, որպես վերջին արդյունք, հայկական կողմը պարտվել է: 44 օրերի ընթացքում՝ 2020թ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը, հայկական կողմը տարածքային առումով կորցրել է Ֆիզուլին, Ջեբրայիլը, Զանգելանը, Ղուբաթլուն, Լաչինի մի մասը, ինչպես նաև՝ Հադրութն ու Շուշին նախկին ԼՂԻՄ տարածքում։ Եվս երեք շրջան՝ Աղդամը, Քարվաճառը և Լաչինը,Ադրբեջանը ստանալու է առաջիկա օրերին՝ համաձայն Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի ստորագրած փաստաթղթի: Իսկ մարդկային կորուստներն անչափելի են: Այլ բան, քան ազգային ողբերգություն, ես չեմ կարող համարել: Ավելին, սա վերջին 100 տարիների մեր երկրորդ ամենամեծ պարտությունն է և ազգային ողբերգությունը Կարսի 1920 թվականի կորստից հետո: Այն ժամանակ ՀՀ-ն, որտեղ իշխանության էր ՀՅԴ-ն, կորցրեց Հայրենիքի տարածքից մոտ 30 հազար քառակուսի կիլոմետր: Կարճ ժամանակ անց ՀՀ-ն նաև խորհրդայնացվեց և կորցրեց անկախությունը: Այսօր Արցախն ու Հայաստանը, որտեղ իշխանության է Իմ քայլը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, կորցրեց շուրջ 8 հազար քառակուսի կիլոմետր հող, որը հայ ժողովուրդը 1991-1994-ին նվաճել էր՝ պատերազմի 1000 օրերի ընթացքում՝ տալով 6000 զոհ:
Հարց 2 – Ո՞վ է մեր այս պարտության և ազգային ողբերգության պատասխանատուն:
Պատասխան – Բոլորս: Բոլոր նրանք, որոնք Հայաստանն ու Արցախը համարում են իրենց տունը, հայրենիքը: Բայց պատերազմում հաղթում է պետությունը և պարտվում է պետությունը: 1991-1994թթ Արցախյան պատերազմում հաղթել է պետությունը նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Արցախի այն ժամանակվա ռազմա-քաղաքական ուժերի գլխավորությամբ, իսկ 2020-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ի պարտադրված պատերազմում պարտվել է պետությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի ռազմա-քաղաքական էլիտայի գլխավորությամբ: Սա է դառը, դաժան իրականությունը, որից որևէ մեկը չի կարող խուսափել:
Հարց 3 – Կարո՞ղ էր այս պատերազմը ավելի մեծ կորուստներով ավարտվել:
Պատասխան – Այո, կարող էր: Մենք պարտվել ենք, բայց կարողացել ենք գոնե պահել նվազագույնը՝ նախկին ԼՂԻՄ-ից երեք շրջան գրեթե ամբողջությամբ՝ Մարտակերտ, Ասկերան, Մարտունի և Շուշիի շրջանը՝ մասամբ, առանց բերդաքաղաքի, ինչպես նաև պահել ենք մայրաքաղաք Ստեփանակերտը: Այս տարածքը շուրջ 3 հազար քառակուսի կիլոմետր է, մոտավորապես եմ ասում, դեռ պետք է հասկանալ մեզ պարտադրված քարտեզը: Բայց կարող էինք այս փոքր հողակտորը, որի կարգավիճակը ևս պետք է հասկանալ, ևս կորցնել: Մենք կորցրեցինք ահավոր շատ բան, բայց կարողացանք պահել նաև մի կտորը:
Հարց 4–Ինչո՞ւ այս պատերազմում հայկական կողմը պարտվեց։
Պատասխան – Պարտվեց, որովհետև ուժերը անհավասար էին։ Ադրբեջանը Թուրքիայի, վարձկան ահաբեկիչների և իսրայելական դրոնների օգնությամբ կարողացավ հարձակման հենց առաջին օրերից հասնել առավելության և այն պահպանեց մինչև այն պահը, երբ Ռուսաստանի միջնորդությամբ ռազմական գործողությունները դադարեցվեցին։ Սա է հիմնական պատճառը՝ մենք զինուժով, մարդուժով, ղեկավարության պատրաստվածությամբ ու պատասխանատվությամբ զիջեցինք Ադրբեջանին: Սա է դառը ճշմարտությունը, թեև արդեն տարբեր շրջանակներ սկսել են քաղցր ստեր տարածել, մեղավորներ ու դավաճաններ փնտրել: Կռվից հետո բռունցքներ չեն թափահարում, այլ լուռ ընդունում են պարտությունը, վերլուծում և փորձում դասեր քաղել:
Հարց 5 – Խոսվում է դավադրության և դավաճանության մասին։
Պատասխան – Չեմ կարող ասել, որովհետև ես չունեմ պետական տեղեկատվության համապատասխան բազա: Ես լրագրող եմ, որը Արցախում և Հայաստանի հարավում հետևում էր ռազմական գործողություններին,տեղեկատվական հոսքերին: Բայց եթե անգամ դավադրությունն ու դավաճանությունը տեղ են ունեցել, ապա չէին կարող ազդել վերջնարդյունքի վրա։ Մենք պարտվել ենք ռազմի դաշտում: Սա ցավալի, գուցե ամոթալի է հնչում, բայց դա է դառը իրականությունը:
Հարց 6 – Հնարավո՞ր էր խուսափել այս պատերազմից։
Պատասխան – Հնարավոր էր, եթե 1997-ի աշնանը մենք գնային փուլային լուծման, որի դեպքում մենք ունենալու էին ԼՂԻՄ-ը և Լաչինի ամբողջ շրջանը, այսինքն՝ ավելի քան 6000 քառակուսի կիլոմետր տարածքով Արցախ՝ ձայնի ու վետոյի իրավունքով։ Այսինքն՝ կրկնակին, քան ունենք այսօր: Մենք էինք այն ժամանակ տոն տվողն ու հաղթողը, իսկ այսօր մենք ընդամենը գլխիկոր ստորագրել ենք մեր առջև դրված փաստաթուղթը և ընդունել Ադրբեջանի բոլոր կամ գրեթե բոլոր պայմանները: Հնարավոր էր, եթե 1998-ին Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու Սամվել Բաբայանը չիրականացնեին պալատական հեղաշրջում և Արցախը փրկելու անվան տակ չտիրանային Հայաստանի իշխանությանը: Հնարավոր էր, եթե Նիկոլ Փաշինյանը և ՀՀ դիվանագիտությունը, ռազմա-քաղաքական ղեկավարությունը ճիշտ գնահատեին սեփական ուժերը: Բայց այս մասին առավել մանրամասն կխոսեմ ռազմական դրության ռեժիմի վերացումից հետո միայն:
Հարց 7 – Ո՞վ կամ ովքե՞ր էին այս պատերազմում մեր հակառակորդները:
Պատասխան – Երևացողներին գիտենք բոլորս՝ Ադրբեջան, Թուրքիա, ջիհադիստ-ահաբեկիչներ, իսրայելական ու թուրքական դրոններ՝ անօդաչու թռչող սարքեր, որոնք պատերազմի առաջին իսկ օրերից ջարդեցինք մեր մեջքը: Բայց կար ևս մեկ հակառակորդ՝ դա հայկական ինֆանտիլ մաքսիմալիզմն է: Երբ դու ճիշտ չես գնահատում ուժերդ, ավելի ճիշտ՝ թերագնահատում ես հակառակորդիդ և գերագնահատում քո ուժերը: 1920-ին հայ պետական միտքը Սևրի փաստաթուղթ էր թափահարում՝ ճիշտ չգնահատելով սեփական կարողությունները և միջազգային իրադրությունը: Այս ամռանը ևս մենք ամենբարձր մակարդակով թափահարում էինք Սևրը, պարծենում Տավուշի հուլիսյան դեպքերով, պետականորեն նվաստացնում Ալիևին, չէինք խնայում և ճիշտ գնահատում հայ-ռուսական հարաբերությունները: Սրա մասին էլ պետք է խոսել, բայց ռազմական դրության ռեժիմի ավարտից հետո միայն:
Հարց 8 – Ինչո՞ւ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա:
Պատասխան – Հիմնական պատճառն այն էր, որ Ադրբեջանը համոզված էր, որ կարող է հաղթել: 2016-ի ապրիլին ստուգեց մեր, բայց նաև իր ուժերը: Քառօրյան ստուգողական էր:
Հարց 9 – Ի՞նչ պետք է անել այս ցավալի պարտությունից և ազգային ողբերգությունից հետո:
Պատասխան – Նախ և առաջ պետք է փոխել պատերազմի և խաղաղության մեր ընկալումը: Պետք է անցյալը գնահատել, գտնել սխալները և առաջ նայել: Այսօր, առավել քան երբեք, երբ Արցախն ու նրան սնուցող մայրը՝ Հայաստանը, վիրավոր են ֆիզիկապես, հոգեբանորեն, տվել են հազարավոր զոհեր ու վիրավորներ, կարիք ունեն սփոփանքի և օգնության: Այսօր է առավել քան կարևոր համայն հայության օգնությունը:
Հարց 10 – Հայաստանը ինչպիսի՞ն կլիներ, եթե 1997-ին լուծում լիներ:
Պատասխան – Պատմությունը եթե-ներ չի սիրում: Իսկ ինչպիսի՞ն կլիներ Հայաստանը, եթե իրականություն դառնար 1998-ի Ընդհանուր պետության գաղափարը կամ 2001-ի Քի Վեսթը: Կամ, ինչպիսի՞ն կլիներ, եթե 2007-ի Մադրիդյանը, 2011-ի Կազանը կյանքի կոչվեր: Չգիտեմ: Բայց վստահ եմ, որ կունենայինք ավելին, քան ունենք այսօր: Սրանում համոզված եմ: Կարծում եմ նաև, որ եթե 1997-ին կամ հետագայում կարողացած լինեինք Ադրբեջանի հետ գտնել modus vivendi, ապա չէինք կորցնի մեր հազարավոր տղաների, որոնք ընկան շփման գծում վերջին 44-օրյա պատերազմում և վերջին 25 տարիներին: Նրանք ամուսանացած կլինեին, կունենային ընտանիք, սիրելի կին ու երեխաներ: Մենք կունենայինք ավելի երջանիկ Հայաստան, հայ ընտանիք, հայ մարդ: Արտագաղթը չէր ունենա այնպիսի ծավալներ, ինչպես ունեացավ վերջին 25 տարիներին: Հայաստանը դուրս եկած կլիներ այս շրջափակումից:
Բայց հիմա էլ ուշ չէ նայելու առաջ և մտածելու արժանապատիվ խաղաղության, երջանիկ Հայաստանի և ավելի անվտանգ հարևանություն ունենալու հեռանկարի մասին: Կոտրված մեջքով, կոտրված սրտով, բայց նաև հավատով եմ նայում Հայաստանի և Արցախի ապագային:
12 նոյեմբեր, 2020թ












