Սամվել Բաբայանը հրաժարվում է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից և Արցախի հերոս կոչումից

1331

Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում․

«Հարգելի’ հայրենակիցներ,

Արցախը հայոց պետականության կենտրոնն է, հայկականության խորհրդանիշը և մենք պարտավոր էինք պահել հայի արժանապատվությունը։ Այս գիտակցությամբ մենք ապրել ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բոլոր փուլերում, հանուն հողի և այդ հողում արժանապատիվ ապրելու իրավունքի զոհել հազարավոր կյանքեր, կրել զրկանքներ։

Այսօր, երբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ղեկավարները միանձնյա դավադիր որոշմամբ և գրչի մեկ հարվածով կասկածի տակ են դրել հայկականության գոյությունը, մեր փոխարեն որոշել մեր լինել-չլինելը և ապա մերկապարանոց ստեր են ճառում արձանագրված իրողությունների մասին, հարց է ծագում` ո՞վ է ձեզ լիազորել ժողովրդավարական երկրում առանց ժողովրդի համաձայնության, առանց նրա կողմից ընտրված մարմինների հետ խորհրդակցելու հանձնել մեզ։

Ի պատասխան և ի բողոքումն այս հանցավոր գործողությունների` հայտարարում եմ՝

հրաժարվում եմ «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից,

դադարեցնում եմ իմ՝ որպես Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի լիազորությունները»։