Սիրելի ընթերցողներ, ֆեյսբուքում ինձ հետևողներ:
Ռազմական դրությունը, ինչպես նաև մեկ այլ խոչընդոտ, ինձ թույլ չեն տալիս կատարել հանրության առաջ լրագրողի իմ պարտականությունը այնպես, ինչպես ես եմ պատկերացրել և կարող էի:
Ադրբեջանի և նրա դաշնակիցների կողմից հրահրված այս լայնածավալ պատերազմի առաջին իսկ օրերից, ինչպես իմ շատ հայ գործընկեր լրագրողներ, փորձել եմ, հնարավորության սահմաններում, տալ տեղեկատվություն, որը կարող էր լինել այլընտրանքային և ավելին, քան պաշտոնականն է: Հաճախ աշխատել ենք տողատակերով:
Միշտ չէ, սակայն, որ այդ տեղեկատվությունը և տողատակը օգտակար է: Մեր հանրության, ժողովրդի մի հատված սրերով է ընդունում և մեզ՝ անկախ լրագրողներիս դարձնում քննադատության թիրախ՝ մեղադրելով պարտվողականության մեջ, մեղմ ասած:
Հայ ժողովրդի համար այս ծանր օրերին սրա մասին խոսելու ժամանակը չէ բոլորովին. և ոչ էլ՝ արդարանալու: Պատերազմի ավարտից հետո, երբ չի լինի ռազմական դրություն, չեն լինի խոչընդոտող այլ իրողություններ, այդ թվում՝ մարդկային, մենք կներկայացնենք մեր օրագրերը, մեր չպատմած պատմությունները: Գուցե դա այն արժեքը չի ունենա, բայց սա է իրականությունը:
Երեկ, նոյեմբերի 7-ին, շաբաթ օրը եղել եմ Ասկերան-Վանք-Դրմբոն-Քարվաճառ հատվածում: Գիշերը վերադարձել եմ Վարդենիս և այս տողերը գրելուց հետո կրկին վերադառնում եմ Արցախ և այս կիրակին անց եմ կացնելու այնտեղ:
Իմ ընթերցողներից և ֆեյսբուքում հետևողներից ներողություն եմ հայցում, որ երեկ չեմ պատասխանել հեռախոսազանգերին և սոցիալական ցանցերով ինձ ուղղված գրառումներին: Նույնը անելու եմ նաև այսօր:
Երկուշաբթի, երբ վերադառնամ աշխատանքի, մի բան կգրեմ՝ հուսով եմ:
Թաթուլ Հակոբյան
8 նոյեմբեր, 2020












