Ջիհադիստների տեղափոխումը կարող է հանգեցնել Անդրկովկասում ահաբեկչական անկլավի առաջացման․ Զախարովա

773

Մոսկվան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և տարածաշրջանում իրավիճակը գործնականում տանել ապասկալացման: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կողմերին կոչ ենք անում ցուցաբերել ծայրահեղ զսպվածություն, խուսափել քաղաքացիական բնակչությանը հարվածներից, թույլ չտալ արտաքին ուժերի միջամտությունը։ Անհրաժեշտ է գործնականում խնդիր դնել կրակի դադարեցման, լարվածության թուլացման և բանակցությունների վերսկսման ուղղությամբ՝ հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման հասնելու նպատակով»,- ասել է նա:

Դիվանագետը հիշեցրել է, որ նոյեմբերի 1-2-ը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ինտենսիվ մտքերի փոխանակում է վարել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ:

«Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը շոշափել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և արտաքին գործերի փոխնախարարը օտարերկրյա գործընկերների հետ զրույցներում։ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված դրամատիկ իրավիճակից շուտափույթ ելք գտնելու միջազգային հանրության հերթական փորձը հոկտեմբերի 30-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումն էր Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ»,- հավելել է նա:

Զախարովան նաև հայտարարել է, որ Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղ ջիհադիստների տեղափոխումը կարող է հանգեցնել Անդրկովկասում ահաբեկչական անկլավի առաջացմանը:

«Ըստ ստացվող տեղեկությունների՝ ներկայում Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի իրականացվում է միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անդամների տեղափոխում, որոնց ձեռքերը, ինչպես արդեն ասել ենք, մինչև արմունկներն արյունոտ են»,- ասել է նա:

«Խոսքը ծայրահեղ տրամադրված վարձկանների մասին է։ Նրանք դավանում են ջիհադիզմի գաղափարախոսությունը։ Այս ամենը չի կարող մեզ մոտ լուրջ մտահոգություններ չառաջացնել, քանի որ հեռանկարում իրավիճակի նման զարգացումը հղի է նոր ահաբեկչական անկլավի առաջացմամբ այժմ արդեն Անդրկովկասում»։

Ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Մերձավոր Արևելքից վարձկանների թիվը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մոտենում է երկու հազարի:

Սիվիլնեթ