Կաշխատենք թուրք գործընկերների հետ, որպեսզի դադարեցնենք Ղարաբաղում ռազմական սցենարի հետագա ծավալումը․ Լավրով

970

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրոը հարցազրույց է տվել «Կոմերսանտ» թերթին, ի շարս տարբեր հարցերի՝ անդրադարձել է Լեռնային  Ղարաբաղի խնդրին։ Հարցազրույցից հատված թարգմանաբար ներկայացված է ստորև։

– Արդեն մեկ ամսից ավելի է՝ ղարաբաղյան հակամարտության գոտում մարդիկ են զոհվում։ Երկու կողմից զոհերի թիվը հազարների է հասնում։ Ամբողջ աշխարհը, այդ թվում՝ Ռուսաստանը, սպասում է, թե երբ կողմերը կհանգեն խաղաղ բանակցությունների։ Մարդասիրական կողմից բացի՝ այս հակամարտությունը Ռուսաստանի համար բազմաթիվ այլ սպառնալիքներ է ստեղծում՝ սպառնալիք ազգամիջյան հարաբերություններին՝ հաշվի առնելով, որ մեզ մոտ բնակվում են և՛ հայեր, և՛ ադրբեջանցիներ; ահաբեկչության սպառնալիք՝ հաշվի առնելով, որ տարածաշրջանում հայտնվել են գրոհայիններ Մերձավոր Արևելքից, և այլն։ Որքա՞ն կարելի է սպասել, և արդյոք չկա՞ կողմերին խաղաղություն պարտադրելու ճանապարհ։ Իրավունք ունի՞ արդյոք Ռուսաստանը տարածաշրջանում ցուցաբերել խնդիրների լուծման անկարողություն։

– Անդրկովկասին պատուհասած ողբերգությունը մեր ընդհանուր ցավն է։ Մենք բոլորովին էլ անտարբեր չենք, որ Ռուսաստանի ավանդական երկու բարեկամ ժողովուրդների միջև մարտական գործողություններ են ծավալվել մի խնդրի պատճառով, որը, մեր խորին համոզմամբ, վաղուց պետք էր լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի և Հայաստանի հետ Ռուսաստանին կապում է ընդհանուր պատմությունը, մշակույթը, առաջադեմ հումանիտար և տնտեսական կապերը, դիկտատի, հարկադրանքի դրսևորումը, մեր կողմից շահեկան ճանապարհի օգտագործումը առավել քան անտեղի է։

Ռուսաստանի՝ որպես հիմնական միջնորդի խնդիրն է օգնել Հայաստանին և Ադրբեջանին դուրս գալ թեժ փուլից և գտնել սրված հակասությունների լուծման խաղաղ միջոց։

Աշխատում ենք այդ ուղղությամբ բոլոր մակարդակներում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գրեթե ամենօրյա ռեժիմով միջնորդական ջանքեր է գործադրում ստեղծված իրավիճակի կարգավորմանն ուղղությամբ: Նրա նախաձեռնությամբ հումանիտար զինադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել հոկտեմբերի առաջին տասնօրյակի վերջում։ Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, այդ թվում ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործընկեր ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ, որպեսզի այդ պայմանավորվածությունը լիարժեք աշխատի։ Զուգահեռաբար առաջարկում ենք քաղաքական կարգավորման հնարավոր տարբերակներ։ Հույս ունենք, որ ի վերջո Բաքվում և Երևանում կգերակշռի կառուցողական մոտեցումը, մարտական գործողությունները կդադարեն, և ղարաբաղյան գործընթացը կվերադառնա քաղաքական հուն։

Իհարկե, Ռուսաստանի իշխանությունները կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկել ՌԴ  տարածքում ադրբեջանական և հայկական ծագմամբ մեր քաղաքացիների միջև բախումները թույլ չտալու համար։

Մեզ, իհարկե, մտահոգում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջազգայնացումը և Մերձավոր Արևելքից գրոհայինների ներգրավումը։ Մենք բազմիցս կոչ ենք արել արտաքին խաղացողներին իրենց հնարավորություններն օգտագործել վարձկանների տեղափոխումը կանխելու համար, որոնց թիվը հակամարտության գոտում, ըստ առկա տվյալների, արդեն մոտենում է երկու հազարի: Այս թեման, մասնավորապես, հոկտեմբերի 27-ին շոշափվել է Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի ժամանակ, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ կանոնավոր շփումների ժամանակ: Համառորեն շարունակում ենք տարբեր խողովակներով առաջ տանել մեր դիրքորոշումը։

— Հոկտեմբերի կեսերին դուք ասում էիք, որ այժմ գլխավորը զինվորականների գծով անմիջապես հանդիպումների սկսումն է և կրակի դադարեցման վերահսկողության մեխանիզմը համաձայնեցնելը: Հաջողվե՞լ է արդյոք առաջընթաց գրանցել այդ ուղղությամբ։ Ինչպիսի՞ն կարող է լինել այդ մեխանիզմը։ Ե՞րբ է այն ստեղծվելու։ Ի՞նչ դեր է խաղալու Ռուսաստանը։

– Համոզված ենք, որ կայուն հրադադարի դժվար է հասնել առանց վերահսկողության գործուն միջոցների մասին պայմանավորվածությունների:

Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, կրակի դադարեցման խոստումները, որոնք չեն ամրապնդվում հսկիչ մեխանիզմներով, միշտ չէ, որ կատարվում են:

Հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարության մեջ ասվում է, որ հրադադարի պահպանման կոնկրետ չափորոշիչները կհամաձայնեցվեն լրացուցիչ: Դա բավականին բարդ աշխատանք է։ Այս հարցի լուծման տարբեր մոտեցումներ կան։ Կան վերահսկողության տարբեր էլեկտրոնային միջոցների, Երևանի և Բաքվի միջև թեժ գծի, ԵԱՀԿ հովանու ներքո դիտորդների գործարկման, ռազմական կոնտինգենտների մասնակցությամբ գործողությունների անցկացման տարբերակներ: Բոլոր չափորոշիչների շուրջ համաձայնության գալ առայժմ չի հաջողվել։ Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։ Կարևորը՝ ցանկացած մեխանիզմ պետք է ընդունելի լինի կողմերի համար և ենթադրի շուտափույթ գործարկման հնարավորություն։

– Ինչպե՞ս է Մոսկվան վերաբերվում նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի Ղարաբաղյան կարգավորման նոր ձևաչափ ստեղծելու առաջարկին, ըստ էության` «2×2», որտեղ առանցքային արտաքին խաղացողները կլինեն Ռուսաստանն ու Թուրքիան: Կարո՞ղ է դա այլընտրանք դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբին։

– Բանակցային ձևաչափի վերաբերյալ բազմաթիվ առաջարկներ կան, այդ թվում՝ դրա ընդլայնման, փոփոխության և այլն: Այս թեման, մասնավորապես, վերջերս քննարկվել է Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը։

Չենք թաքցնում, որ չենք պաշտպանում այդ խնդրի ռազմական լուծման և դրա թույլատրելիության մասին դիրքորոշումը։ Դիտարկելով երկու՝ և՛ հայ, և՛ ադրբեջանցի ժողովուրդներին որպես բարեկամ և եղբայր ժողովուրդներ, մենք չենք կարող կիսել նման ձգտումները։

Այդ կապակցությամբ Մոսկվայում ադրբեջանցի և հայ գործընկերները հոկտեմբերի 10-ին կայացած հանդիպման արդյունքում ընդունված համատեղ հայտարարության մեջ հաստատել են բանակցային ձևաչափի անփոփոխելիությունը:

Խնդրի՝ բացառապես քաղաքական կարգավորման օգտին հստակ արտահայտվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները։ Հենց համանախագահների եռյակն է միջնորդության համընդհանուր ճանաչված ձևաչափը՝ վաղեմի այդ հակամարտությունը հաղթահարելու նպատակով։

Այնուամենայնիվ, մենք հանդես ենք հօգուտ բոլոր գործընկերների, այդ թվում՝ կողմերի հարևանների հետ աշխատելու, որոնք հնարավորություն ունեն ազդելու պրոտագոնիստների վրա, որպեսզի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով պայմաններ ստեղծեն հանգուցալուծման հասնելու կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա, որոնք եռանախագահներն առաջ են քաշում Բաքվի և Երևանի հետ շփումներում:

– Արդյոք Ռուսաստանը չափից ավելի կախված չի՞ դառել Թուրքիայից տարածաշրջանային հակամարտությունների լուծման հարցում՝ Սիրիայից և Լիբիայից մինչև Ղարաբաղ: Ինչո՞ւ են ռուս պաշտոնյաները՝ դուք, նախագահը և մյուսները, այնքան զուսպ, նույնիսկ բարյացակամ մեկնաբանում Անկարայի քաղաքականությունը՝ իմանալով, թե ինչ դեր է նա խաղում Լեռնային Ղարաբաղի և այլ տարածաշրջանների շուրջ հակամարտություններում։

– Մոսկվան և Անկարան սերտ գործընկերներ են, որոնք ունակ են ճկուն, պրագմատիկ մոտեցում ցուցաբերել և փոխադարձ հարաբերություններում առաջնորդվել ռազմավարական տեսլականով:

Ռուսաստանն ու Թուրքիան ակտիվ աշխատում են ամենատարբեր տարածաշրջաններում ճգնաժամերի կարգավորման ուղղությամբ։ Ռուս և թուրք դիվանագետների, զինվորականների և հատուկ ծառայությունների գործնական, առարկայական համագործակցության ակնառու արդյունքը, որը հիմնված է շահերի փոխադարձ հաշվառման վրա, մնում է Սիրիայի շուրջ մեր փոխգործակցությունը: Իրանի հետ համատեղ մեզ հաջողվեց ստեղծել կարգավորման առավել կենսունակ մեխանիզմ՝ Աստանայի ձևաչափը։ Խնդրահարույց գոտիներում, ինչպիսիք են Իդլիբը և Անդրեփրատյան տարածքը, ստեղծվել է ռուս-թուրքական համատեղ պարեկություն, աշխատանքներ են տարվում ահաբեկչական խմբավորումների չեզոքացման ուղղությամբ, անհրաժեշտ պայմաններ են ստեղծվում սիրիացի փախստականներին հայրենիք վերադարձնելու համար:

Օգտագործելով Տրիպոլիի, Թոբրուկի և Լիբիայում ուժի այլ կենտրոնների վրա ազդելու առկա լծակները՝ մեր երկու երկրները նպաստում են ձգձգված սուր ճգնաժամի հաղթահարման և ՄԱԿ-ի հովանու ներքո համապարփակ միջլիբիական երկխոսության հաստատմանը։

Լեռնային Ղարաբաղի դեպքում իրավիճակը սկզբունքորեն տարբերվում է, ինչի մասին ես մասամբ ասել եմ նախորդ հարցերի պատասխաններում։ Կրկնում եմ՝ երբեք չենք թաքցրել ու չենք թաքցնում, որ չենք պաշտպանում ճգնաժամի կարգավորման ուժային ուղին, ձգտում ենք մարտական գործողությունների շուտափույթ դադարեցմանը։ Ինչպես կողմերին, այնպես էլ նրանց բոլոր արտաքին գործընկերներին կարևոր է անշեղորեն հարգել կրակի դադարեցման, վերահսկողական մեխանիզմի ստեղծման և կոնկրետ ժամանակացույցով բովանդակային բանակցային գործընթացի վերսկսման վերաբերյալ պայմանավորվածությունները։ Եվ չնայած կայուն հրադադարի միանգամից հասնել չի հաջողվել, մենք կշարունակենք օգտագործել մեր ունեցած ամբողջ ազդեցությունը տարածաշրջանում, կաշխատենք թուրք գործընկերների հետ, որպեսզի դադարեցնենք ռազմական սցենարի հետագա ծավալումը, կողմերի միջև երկխոսություն հաստատենք և Բաքվին ու Երևանին համոզենք նստել բանակցությունների սեղանի շուրջ։

Թարգմանությունը՝ Կարեն Հարությունյանի

Սիվիլնեթ