Ահարոնյանի և Խատիսյանի առաջին շփումները Թալեաթ-Էնվեր-Ջեմալ ջարդարար եռյակի հետ. հունիս 22, 1918

4167

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է Աստվածատուր (Ասատուր) Խաչատրյանի օրագրությունը, որը վերաբերում է հայ ժողովրդի համար ճակատագրական Տրապիզոնի, Բաթումի և Պոլսի 1918 թ․ բանակցություններին։ Հեղինակը իր ծանոթագրության մեջ նշում է․ «1919 դեկտեմբերին ՀՀ վարչապետ Ա․ Խատիսեան ինծի պաշտօն յանձնեց ընտրել ու կարգի դնել Տրապիզոնի և Բաթումի հայ-թրքական դիւանագիտութեան վերաբերեալ բոլոր պաշտօնական գրութիւնները հրատարակութեան համար և գրել նախաբանը»։

——————————————————

Հայկական խաղարարար պատվիրակության օրագիր

13 հունիս-31 օգոստոս, 1918թ, Կ․ Պոլիս

Հայկական խաղարարար պատվիրակությունը ճանապարհ ընկավ Թիֆլիսից 1918թ․ հունիսի 13-ին, գիշերը ժամը 2-ին, հետևյալ կազմով․

նախագահ՝ Ավետիս Ահարոնյան

պատվիրակ՝ Ալեքսանդր Խատիսյան,

զինվորական խորհրդական՝ զորավար Գ․ Կորգանյան

քաղաքացիական և աշխարհագրական խնդիրների համար խորհրդական՝ Գևորգ Խատիսյան

առաջին քարտուղար՝ Հակոբ Քոչարյան,

երկրորդ քարտուղար՝ Տ․ Միրզոյան

քարտուղար և դիվանագիտական սուրհանդակ՝ Լ․ Լիսիցյան

թղթապահ՝ Ա․ Աղաբաբյան

սպասավոր՝ Արշակ Հարությունյան։

Փոթի հասանք ուրբաթ, հունիսի 14-ին, առավոտյան ժամը 12-ին։ Գերմանական հյուպատոս Անդերսը սիրալիր ընդունեց մեզ և հայտնեց, որ նա մեզ համար շոգենավում արդեն տեղերը պատրաստել է՝ հեռագիր ստացած լինելով կոմս Շուլենբերգից։

Նույն օրը ժամը 4-ին “General” շոգենավով ճանապարհ ընկանք․․․ Ցերեկը և գիշերը եղանակը հիանալի է․․․

Գիշերը գերմաներենով հեռագիր կազմեցինք Խալիլ բեյի անունով, Պոլիս, որով բացատրում ենք, թե ինչու մեկնեցինք Փոթիի վրայով․․․

Հունիսի 17-ի առավոտյան հասանք Կոստանցա․․․ Հունիսի 18-ի երեկոյան ժամը 7-ին ճանապարհ ընկանք դեպի Պոլիս։ Հունիսի 19-ի երեկոյան ժամը 4-ին հասանք Պոլիս։ Այստեղ՝ նավահանգստում, մեզ հանդիպեց Օսմանյան կառավարության կողմից նշանակված գատուկ ներկայացուցիչ Մուխտար բեյը՝ նախկին նախարարա։ Նրան հանձնարարված էր արտաքին գործերի նախարարության կողմից ընդունել հայկական, վրացական և ադրբեջանական պատվիրակություններին և նրանց համար անհրաժեշտ կարգադրություն և հոգատարություն անել։

Նա իր հետ բերած ավտոմոբիլով մեզ տարավ և տեղավորեց Թոքատլյան հյուրանոցում, որտեղ մեզ համար արդեն պատրաստված էր 8 սենյակ։

Մյուս օրը՝ հունիսի 20-ի առավոտյան, Մուխտար բեյը եկավ մեզ մոտ  և հայտնեց, որ կառավարության կողմից երկու զինվորական ավտոմոբիլներ են տրված հենց պատվիրակության տրամադրության տակ, նաև երկու երիտասարդ պաշտոնյաներ՝ Նուրի բեյը և Ռուհի բեյը, նշանակված են մեզ ամեն տեսակի աջակցություն ցույց տալու համար․․․

Մեր շոգենավում, մեզ հետ միասին Փոթիից մեկնել և Պոլիս էր եկել նաև վրաց պատվիրակությունը, որը իջել էր Վերա պալաս հյուրանոցում․․․

Հունիսի 21-ին Մուխթար բեյից իմացանք, որ Մեծ վեզիրը շաբաթ օրը, հունիսի 22-ին ժամը 1-ին ընդունելություն է նշանակել հայ, ժամը 2-ին՝ վրաց պատվիրակների համար։

Հունիս 22-ին ժամը 1-ին Մեծ վեզիրի մոտ եղան Ահարոնյանը, Խատիսյանը և զորավար Կորգանովը։ Ներկա էր Մուխտար բեյը։

Ընդունելության ժամանակ նախագահը [Ահարոնյան] դիմեց Մեծ վեզիրին հատուկ արտասանած ճառով, որին նա պատասխանեց։ Այդ ճառերը առանձին արձանագրված են։ Դրանից հետո նույն անձինք այցելության գնացին զինվորական նախարար Էնվեր փաշային, ապա արտգործնախարար Նեսսիմի բեյին, ծովային նախարար  Ջեմալ բեյին և արդարդատության նախարար Խալիլ բեյին, որը եղել է Բաթումի խորհրդաժողովի նախագահը, ով նույնպես լինելու է Կ․ Պոլսի առաջիկա խորհրդաժողովի նախագահ։

ՀԱԱ, ֆ․ 200, ց․ 1, գ․ 8, թ․ 1-31։ Բնագիր, ձեռագիր։ 

Աստվածատուր Խաչատրյան, «Արևելահայ և թուրք դիվանագիտական հարաբերությունները», Հայաստանի ազգային արխիվ և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, Երևան, 2010, էջ 204-207:

——————————————————————

Հ․ Գ․ Հունիսի 25-ին Պոլսում պետք է սկսվեր մի խորհրդաժողով, որին սպասվում էր Գերմանիայի, Ավստրիա-Հունգարիայի, Օսմանյան կայսրության և Բուլղարիայի մասնակցությունը: Հրավիրվել էին նաև անդրկովկասյան հանրապետությունները: Հայկական կողմը տպավորություն ուներ, թե Գերմանիան ուզում է վերանայել Բաթումի պայմանագիրը` համաձայն Բրեստ-Լիտովսկի պայմանների: Պոլիս մեկնած պատվիրակությանը հրահանգ էր տրվել ամեն ջանք թափել` ընդարձակելու Հայաստանի Հանրապետության սահմանները: Նրանք Պոլսում մնում են ավելի քան չորս ամիս` մինչև նոյեմբերի 1-ը, Խատիսյանի խոսքերով` փորձելով ցույց տալ ՙմեր անվիճելի իրավունքներն Ախալքալաքի, Լոռիի, Զանգեզուրի, Ղարաբաղի և Նախիջևանի վրա, որոնց նկատմամբ հավակնություններ ունեին մեր կովկասյան հարևանները՚:

Կարդալ նաև՝

https://www.aniarc.am/2017/01/23/first-meeting-with-talaat-june-1918-polis/