Իրանը, ինչպես և Իսրայելը, կարևոր գործընկեր են Հայաստանի համար

4942

Հունիսի 9-ին մի քանի տասնյակ իրանցիներ Թեհրանում Հայաստանի դեսպանության դիմաց  բողոքել են Հայաստան-Իսրայել հարաբերությունների խորացման դեմ և Երևանից պահանջել թշնամական դիրքորոշում ընդունել Թել Ավիվի նկատմամբ: Ցուցարարները հրկիզել են Իսրայելի դրոշը, Հայաստանից պահանջել խզել դիվանագիտական հարաբերությունները այդ երկրի հետ:

Սա առաջին դեպքը չէ, երբ ցույց է կազմակերպվում Թեհրանում Հայաստանի դեսպանության առջև: Բայց առաջինն է, երբ այդ ցույցն ուղղված է հայ-իսրայելական հարաբերությունների խորացման և միմյանց մայրաքաղաքներում՝ Թել Ավիվում և Երևանում, դեսպանատներ բացելու դեմ:

1993 թվականի ապրիլին, երբ հայկական ուժերը մտան Քարվաճառ, Թեհրանի տարբեր համալսարանների ուսանողներ բողոքի ցույց կազմակերպեցին՝ «դատապարտելով հայկական ագրեսիան և պահանջելով անհապաղ հայկական ուժերի դուրսբերումն Ադրբեջանի տարածքից»: «Կորչի հայկական ֆաշիզմը», «Կորչեք օկուպանտներ» կոչերով ահռելի ամբոխը շարժվեց դեպի դեսպանություն: Իրանի կառավարությունը ամբոխը ցրելու համար հատուկ ուժեր կենտրոնացրեց:

Հայ-իրանական հարաբերություններում դա ամենասկանդալային դրվագներից էր: Արտգործնախարար Վահան Փափազյանը հրավիրեց Երևանում Իրանի գործերի հավատարմատար Ահմադ Սոբհանիին և միջադեպի կապակցությամբ բացատրություն պահանջեց: Թեհրանում Հայաստանի դեսպանը խորհրդատվության նպատակով կանչվեց Երևան, դեսպանատան վրայից իջեցվեց հայկական եռագույնը: Մեկ շաբաթ անց միջադեպը արդեն հարթված էր:

1993-ի հուլիսի վերջերին, երբ հայկական ուժերը մտել էին Աղդամ, կրոնապետ այաթոլլա Ալի Խամենեին Թավրիզ այցելության ընթացքում հայտարարեց, որ Իրանն անտարբեր չի մնա ադրբեջանական տարածքների հանդեպ հետագա ոտնձգությունների նկատմամբ: Իրանի կառավարության ճնշման տակ տեղի հայկական երեք թեմերը ստիպված եղան հայտարարությամբ դատապարտել Աղդամի գրավումը:

Այս փաստերը ներկայացնելով` որևէ կերպ չենք ուզում ստվեր նետել հայ-իրանական հարաբերությունների վրա, որոնք 1991-ից ի վեր, նաև 1918-1920 թվականներին, եղել են բարիդրացիական: Անկասկած, Իրանը Հայաստանի համար եղել է նեղ օրերի լավ բարեկամ, և դա մենք տեսել ենք նաև ղարաբաղյան պատերազմի տարիներին: Պատկերացնել կարելի է, թե ինչպիսի անելանելի վիճակում կհայտնվեր Հայաստանը, եթե Իրանը մի քանի շաբաթով փակեր սահմանը:

Չնայած ամերիկյան ճնշումներին, Հայաստանը երբեք չմիացավ Իրանի դեմ արևմտյան պետությունների կոշտ, թշնամական քաղաքականությանը, քանի որ Իրանի հետ համագործակցությունը երբեք պակաս կարևոր չի եղել Հայաստանի համար, քան եվրոպական ու ամերիկյան ուղղությունը:

Վիկիլիքսի տասնյակ փաստաթղթերից կարելի է պատկերացում կազմել, թե Հայաստանի հաջորդական կառավարությունները ինչպիսի բարդություններ են կրել հայ-իրանական հարաբերությունների համար:

Հայաստանը, այո, փոքր պետութուն է, բայց ունի ինքնիշխանություն և պետական շահ, որը թելադրում է երկկողմ հարաբերություններ հաստատել այլ երկրների, այդ թվում՝ տարածաշրջանում Իրանի թշնամի Իսրայելի հետ:

Հայաստան-Իսրայել հարաբերությունների խորացումը չպետք է ընկալվի քայլ ընդդեմ Իրանի, այնպես, ինչպես Հայաստանը իրավունք չունի Թեհրան-Բաքու հարաբերությունները դիտարկել քայլ ընդդեմ Հայաստանի: Բազմաթիվ են դեպքերը, երբ միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում Թեհրանը կողմ է քվեարկում բանաձևերի օգտին, որոնցում դատապարտվում է Հայաստանի քաղաքականությունը Արցախում և Ադրբեջանի հանդեպ: Հաշվի առնելով հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը, Հայաստանը միշտ զգայունություն է դրսևորել և հաճախ հրապարակային չտեսնելու տվել:

Հայաստանը Իսրայելի հետ հարաբերությունները խորացնում է, քանի որ դա բխում է մեր պետության շահերից: Ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանն է առաջնորդվում իր ազգային շահերով, երբ հարաբերությունները միաժամանակ խորացնում է և՛ Իրանի, և՛ Իսրայելի հետ: Տասնյակ տարիներ Ադրբեջանն ունի դեսպանություն Թել Ավիվում, իսկ Իսրայելը՝ Բաքվում:

Ի վերջո, Հայաստանը կարո՞ղ է մտածել, որ երբ Իրանը խորացնում է համագործակցությունը Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հետ, ապա դա ուղղված է Հայաստանի դեմ: Անշուշտ՝ոչ:

Հայաստանը, առանց աղմուկի, արդեն դեսպանություն է բացել Թել Ավիվում: Համավարակով պայմանավորված՝ հայ դիվանագետները չեն կարողանում ժամանել Իսրայել: Առաջիկայում Իսրայելը նույնպես դեսպանություն կբացի Երևանում:

Իրանից բացի, Հայաստանի բարեկամ այլ երկրներ ևս, որոնք Իսրայելը համարում են թշնամի պետություն, չեն ողջունում Երևանի քայլը: Սակայն յուրաքանչյուր պետություն, հաշվի առնելով իր ուժն ու կշիռը, ինքն է որոշում, թե որ երկրների հետ և ինչպես խորացնել համագործակցությունը:

1991-ից ի վեր Հայաստանի հաջորդական կառավարությունները զգայուն այս հարցում դրսևորել են առավելագույն զգուշություն և հարգանք Իրանի ու արաբական երկրների հանդեպ: Այսօր եկել է ժամանակը, որ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից երեք տասնամյակ շարունակ շրջափակման մեջ գտնվող Հայաստանը նոր որակ հաղորդի Իսրայելի հետ համագործակցությանը:

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ