Խորհրդային Հայաստանը՝ հիմնադրվող Խորհրդային Միության մաս կազմելու ճանապարհին. զրույց Ալեքսանդր Մյասնիկյանի հետ

1283

Այս հարցազրույցը ԱՆԻ-ին վերածել է ժամանակակից արևելահայ ուղղագրության: Հիշեցնենք, որ 1922 թվականի մարտի 12-ին խորհրդային երեք հանրապետությունների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի գործադիր մարմինների՝ Կենտգործկոմների լիազոր խորհրդաժողովը որոշում ընդունեց կազմավորել Անդրկովկասյան Սոցիալիստական խորհրդային Հանրապետությունների Դաշնային Միություն, որը ավելի հայտնի է Անդրֆեդերացիա անունով և Թիֆլիս կենտրոնով: 1922 թվականի դեկտեմբերի 30-ին Անդրֆեդերացիան որոշեց մաս կազմել ձևավորվող ԽՍՀՄ-ի, այդպիսով՝ դե-յուրե, Խորհրդային Հայաստանը կորցրեց իր անկախությունը:

ԱՆԻ կենտրոն

Զրույց Ընկեր Ալեքսանդր Մյասնիկյանի հետ

Օրերս Մոսկվայից վերադարձած և երեկ Թիֆլիս մեկնած ընկեր Մյասնակյանին մենք տվինք հետևյալ հարցերը

Ի՞նչ կարող եք ասել ծայրամասային հանրապետությունների (և մասնավորապես Անդրկովկասի) իրար միջև և Ռ. Ս. Ֆ. Խ. Հանրապետության հետ ավելի սերտ միանալու հարցի առթիվ:

– Մենք Մոսկվայում զբաղվել ենք և այդ հարցով: Պարզվեց, որ հանրապետությունները կանգնած են իրար միջև ավելի սերտ և մոտիկ հարաբերությւնները ստեղծելու տեսակետի վրա և Խորհրդային հանրապետություններից ամուր, կապակցված և եղբայրական միություն կազմելու են ձգտում: Մասնավորապես, Անդրկովկասյան հանրապետությունները գլուխ ունենալով իրենց ֆեդերացիան, գնում են այդ ճանապարհով և շուտով կհասնեն դրան՝ չնայելով այն աննշան խոչընդոտներին, որ այդ հարցում գործ կդրվի նացիոնալիստական ոգով տրամադրված ինտելիգենցիայի կողմից, որ ամեն տեղ տեսնում է միայն անկախության, ազատության անկում և չի կարողանում ըմբռնել Խորհրդային իշխանության էությունը, որ պատմության ամբողջ ընթացքում առաջին անգամն է, որ ժողովուրդներին իսկական ազատություն է բերում:

Ես կուզենայի ընդգծել, որ առաջին հերթին այդ միությունը կարևոր է տնտեսական ասպարեզում: Անդրկովկասի Ֆեդերացիան հետ է մնացել և սերտ միության կարիք է զգում ուրիշ խորհրդային հանրապետությունների և Ռուսական ֆեդերացիայի հետ, դրա մեջ ոչ մի կասկած չի կարող լինել և դրա մասին գեղեցիկ կերպով վկայում է Ուկրաինայի և Ռ. Ս. Ֆ. Խ. Հանրապետության տնտեսական դրության բարելավման փաստը: Պարզաբանելու համար կցանկանայի ցուցադրել Ռուսաստանի մի քանի քաղաքների, Ուկրաինայի, Հյուսիսային Կովկասի և Թիֆլիսի հացի գները: Ներկա մոմենտում ազատ շուկայում գները հետևյալ կերպ են. սպիտակ հացի 1 ֆունտն արժե

Մոսկվայում                                         13,000

Կուրսկում                                            10,000

Խարկովում                                          9,000

Ռոստովում                                          9,000

Կավկազսկայա կայարանում                4,000

Թերեքում                                            2-3,000

Պետրովսկում                                      5,600

Թիֆլիսում                                           15,000

Համեմատության համար թվերը մենք հաշվել ենք վրացական բոնաներով՝ ղեկավարվելով ռուսական և վրացական ռուբլու փոխհարաբերությամբ, որ 1:5 է արտահայտվում: Միևնույն ժամանակ ի նկատի ունեցեք, որ սպիտակ հացը հյուսիսում իր որակով, սննդատվությամբ և համով ավելի բարձր է, քան մեզ մոտ՝ Անդրկովկասում, ուր նա թխվում է կանադական դառն ալյուրի, եգիպտացորենի և այլն նյութերի խառնուրդից:

– Դուք տեսնվե՞լ եք արդյոք ընկեր Լենինի հետ:

– Այո, ես եղա ընկեր Լենինի մոտ, նրա հանգստության հենց վերջին օրերից մեկում, որից հետո նա, մոտավորապես հոկտեմբերի 1-ին, անցավ իր առօրյա աշխատանքներին:

Ընկեր Լենինը իրեն շատ լավ էր զգում, արտաքինով համարյա թե չի փոխվել, ընդհակառակն՝ նա ավելի լավ տեսք է ստացել, քան առաջ: Աշխույժ կերպով հետաքրքրվում է ամեն ինչով: Ծիծաղում է, սրախոսում: Նա հարցրեց մեր կովկասյան գործերից, ֆեդերացիայից. հարց բարձրացրեց ոռոգման, Մուղանի, բամբակի, ազգային հարաբերությունների, Թուրքիայի, ամերիկյան կոմիտեի գործունեության և բանակի մասին:

Խորհուրդ տվեց ամենալուրջ ուշադրություն դարձնել բամբակագործության վրա, խոստանալով լիակատար աջակցություն:

Միայն Մուղանի դաշտում բամբակ ցանելու և մշակելու համար խոստացավ հարց բարձրացնել հարյուրավոր տրակտորներ ուղարկելու: Նրա աջակցությամբ համապատասխան հանրապետությունների, քաղաքների և հիմնարկությունների ներկայացուցիչներին հաջողվեց Մուղանի բամբակատնտեսության համար որոշ սուբսիդիա ստանալ, ինչպես և Բաքվի տրամվայի և Թիֆլիսի (Ավչալայի) էլեկտրո-ջրակայանի համար:

Ընկեր Մռավյանը Հայաստանի համար նույնպես խոշորարժեք սուբսիդիա կստանա: Հարկավոր է հենց այստեղ ասել, որ Անդրկովկասյան Հանրապետությունները արդեն ստացել են Ռուսաստանից ձրի 1, 200,000 փութ հաց: Ընդհանրապես, բացի այս բոլորից, Ռուսաստանը խոստացել է Անդրկովկասին մանուֆակտուրայով, ոսկով, հացի մեծ և նոր պարտիաներով և ուրիշ իրերով օգնության գալ, որոնց մասին իր ժամանակին կհաղորդվի:

Ընդհանրապես, ընկեր Լենինը այժմ իրեն շատ լավ է զգում, անցել է աշխատանքների ինչպես կուսակցության Կենտրոնական Կոմիտեում, նույնպես և Ժողկոմների Խորհրդում, բայց արդեն ոչ թե ռ«ուսական» ձևով հարձակվելով աշխատանքի վրա, չիմանալով հանգստության և ոչ մի ժամ, այլ «գերմանական» ձևով, բաժանելով իր տրամադրության տակ եղած 24 ժամը նորմալ աշխատանքի. հանգստության և ճաշելու միջև:

Խորհրդային Հայաստան, թիւ 235, Չորեքշաբթի, 18 Հոկտեմբեր, 1922թ