Հայ եկեղեցու ունեցվածքը կալվածքների գրավման օրերին. 1905

1756

Եկեղեցիական կալվածքներու գրաւման օրերուն Հ. Յ. Դաշնակցութիւնը հետեւեալ յայտարարութիւնը հրապարակեց Կովկասի մէջ.

“Հ. Յ.Դ. Սրանով յայտարարում է բոլոր ոստիկաններին, ստրաժնիկներին, ոստիկանապետերին, գաւառապետերին, ժանտարմներին, որ այսուհետեւ նրանցից իւրաքանչիւրը անխնայ կերպով կոչնացուի, եթէ համարձակուի հայերի ձեռքից զէնք խլել, խուզարկութիւն կատարել կամ բանտարկել այդ նպատակով: Թող նրանցից իւրաքանչիւրը նախքան այդ տեսակ գործ սկսելը յիշէ Բագուի նահանգապետ Նակաշիցէին, Գանձակի փոխ-նահանգապետ Անդրէեւին, գավառապետներ՝ Բոգուսլաւսկուն, Շմերլինգին, Պաւլովին, ոստիկանապետ Սախարովին, պրիստաւներ՝ Նասչանսկուն, Ջավախովին, Շումակեւիչին, Տէր Սահակեանին, ոստիկան Սերգօին, դռնապան Շէկոյին եւ ուրիշ շատերին, որոնք Հ. Յ. Դ. վճռով մահուան պատիժին են արժանացնել: Փոխարքայի կողմից 25 րուպլի ընծայ կամ յեղափոխական գնդակ – ահա ինչ պէտք է ընտրել: Փոխարքան խոստանում է այդ ձեւով վնասուածների ընտանիքին ապահովացնել. նա թեթեւացնում է մեր գործը, որովհետեւ միայն անմեղ ընտանիքների անօգնական դրութիւնը կարող է դողացնել յեղափոխականի ձեռքը. այժմ վերացրած է այդ արգելքն էլ”:

Ծանօթութիւն.- Մօտ օրերս Թիֆլիսում մի ոստիկան մի հայ զինաթափ անելիս վիրաւորւում է. Փոխարքան այդ բանը լսելով 25 րուբլի ընծայ է տալիս:

Մեծ Քաղաք, 1905 Մայիս 18

 Հ. Յ. Դ. ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԷ

Կալուածքներու գրաւման նախընթաց տարին հայկական վանքերն ու եկեղեցիները ունէին հետեւեալ հողային սեփականութիւնը (վարելահող, արօտատեղի, անտառ, այգի). Էջմիածին՝ 45.000 դեսիադին, Պեսարապիոյ թեմի վանքեր՝ 4.418, Շամախի՝ 79, Ղարաբաղ՝ 58.698, Երեւան՝ 32.440, Վրաստան՝ 12.250, ընդհ. գումար՝ 153.000 դեսիադին: Ռուսաստանի միւս հայ եկեղեցիներու սեփականութիւնը 20.000 դեսիադինը չէր անցներ:

Այս հողերուն տարեկան եկամուտն էր, Էջմիածին՝ 51.000 րուպլի, Պեսարապիա՝ 13.085, Շամախի՝ 1.830, Ղարաբաղ՝ 6. 700, Երեւան՝ 17.190, Վրաստան՝ 3.500, ընդամէնը՝ 93.000 րուպլի: Պետական հողային տուրք կը վճարուէր 8.000 րուպլի, ուրեմն վանական հողերու եկամուտըկը հանսէր 85.000 րուպլի: Եկեղեցապատական հողերու եկամուտն էր 25.000 րուպլի: Այսպէս՝ Հայ. Եկեղեցիի հողային եկամուտը կը դառնար 110.000 րուպլի (տարեկան): Մնացած անշարժ կալուածներէն (տուն, ջրաղաց, խանութ) Էջմիածինը կը ստանար 51.301 րուպլի եկամուտ:

Եկեղեցական եւ վանական դրամագլուխներն էին, 1900 թ. տուեալներով. Երեւանի թեմի 643 եկեղեցիները միասին ունէին 239.283 րուպլի դրամագլուխ, 47 վանքերը՝. 4.546 րուպլի, Վրաստանի թեմի 356 եկեղեցիները՝ 287.067 րուպլի, 14 վանքերը՝ 38 րուպլի, Ղարաբաղի թեմի 208 եկեղեցիները՝ 45.285 րուպլի, 13 վանքերը՝ 379 րուպլի, Շամախիի թեմի 38 եկեղեցիները 100.211 րուպլի, Աստրախանի թեմի 39 եկեղեցիները՝ 500.456 րուպլի, Պեսարապիայի թեմի 43 եկեղեցիները՝ 350.209 րուպլի, 3 վանքերը՝ 779 րուպլի, բոլորը միասին (1327 եկեղեցի)՝ 1.522.513 րուպլի դրամագլուխ, 79 վանքերը՝ 5.746 րուպլի: Ասոնցմէ զատ Էջմիածնի Մայր Աթոռը 1902թ. Յունուար 1ին դրամագլուխ եւ աւանդ ունէր 465.723 րուպլի եւ 4.000 ֆրանք:

Գաբրիէլ Լազեան, “Հայաստան եւ Հայ դատը հայևռուս յարաբերութիւններու լոյսին տակ”, էջ 127-128