Հայ-վրաց դիվանագիտական «պատերազմը»՝ 1918թ դեկտեմբերի պատերազմի նախօրեին

4208

Հայ-վրացական կոնֆլիկտի շուրջը

Վրաստանի կառավարութեան նոտան Հայաստանի դիւանագիտական ներկայացուցչին

Արտաքին գործոց մինիստրին.

Հոկտեմբերի 19-ին ժամը 7-ին ստացայ Վրաստանի հանրապետական կառաւարութիւնից նոտա թիւ 4303 հետևեալ բովանդակութեամբ. «Վրաստանի հանրապետական կառավարութիւնը տեղեկացաւ, որ Թիֆլիսի նահանգի մի մասը, Կոբեր կիսակայանից մինչև սահմանային կամուրջը, նաև Սանահնի շրջակայքին կից վայրերը, հոկտեմբերի 18-ին գրաււած են հայկական կանոնաւոր զօրքերով, այսինքն Ա. և Դ. հրացանաձիգ գնդերով: Վրացական կառավարութիւնը միշտ պատրաստ է, այսինքն, փոխադարձ համաձայնութեան միջոցով հարթել սահմաններին վերաբերող հարցերը բարեկամ հայկական հանրապետութեան հետ. իր պարտքն է համարում յայտնել, որ այդպիսի համաձայնութիւն չի կայացել: Հայկական զօրամասերի մուտքը Թիֆլիսի նահանգի սահմանները, վրաց կառավարութեան կողմից կը նկատւի, որպէս Հայաստանի կողմից Վրաստանի վերաբերմամբ կատարւած մի գործողութիւն»:

Արտաքին գործոց մինիստրի պաշտօնակատար՝ Գվարժալաձէ:

Դիւանատան դիրեկտոր՝ Լորտկիպանիձէ:

Այս նոտան ուղարկում եմ Դիլիջան, այնտեղից ձեզ հասցնելու համար. սպասում եմ ձեր հրահանգներին:

                                                                                              Ջամալեան

Թիֆլիս, 22 հոկտ.

Հայաստանի կառաւարութեան պատասխանը վրաց կառավարութեան նոտային

                                                                                    24 հոկտեմբերի

Ջամալեանին.

Կառավարութիւնը մտադրութիւն չունի զէնքի ուժով վճռելու սահմանների վէճը: Կառավարութիւնը կանգնած է այն տեսակէտի վրայ, որ ոչ միայն թուրքերի դատարկած վայրը, այլև Բորչալու գաւառի ամբողջ հայկական մասը (ձեզ յայտնի սահմաններում) պատկանելու են Հայաստանին և ոչ Վրաստանին: Բայց Հայաստանը իր իրաւունքները ցանկանում է պաշտպանել ոչ պատերազմով, այլ բանակցութիւնների և համաձայնութիւնների ճանապարհով: Միւս կողմից, Հայաստանի կառաւարութիւնը ոչ մի դէպքում չի կարող ընդունել Վրաստանի պահանջը՝ նախ՝ թողնել վրացիներին գրաւել զորքերով ամբողջ Բորչալու գաւառը և ապա սկսել բանակցութիւններ: Մեր կառավարութիւնը կարծում է, որ տալիս է ամենամեծ ապացոյց իր խաղաղասիրութեան, չպահանջելով որ վրացիք անմիջապէս դատարկեն արդէն գրաււած տերիտորիան և պատրաստ է բանակցութիւնների նիւթ դարձնել: Եթէ մենք համաձայնում ենք, որ վրաց զորքերը ժամանակաւորապէս, մինչև բանակցութիւնների հետևանքը, մնան Սանահին ու Վորոնցովկա, կարծում ենք, որ իրաւունք ունենք պահանջելու, որ գոնէ այդ սահմանից նրանք առաջ չանցնեն: Իսկ եթէ վրացիները ուրիշ տեսակէտի վրայ են, եթէ նրանց տիրապետական ակնկալութիւնները մղւում են իրանց մեր երկրի խորքը և եթէ նրանք մտադրութիւն ունեն դնել մեզ կատարւած իրողութեան առաջ, այն ժամանակ մեզ այլևս ուրիշ բան չի մնայ, քան ցաւ ի սիրտ, զէնքով պաշտպանել մեր իրաւունքները և մեր պատիւը:

Ահա մեր պատասխանը վրաց կառավարութեան նոտային:

Մենք չենք ուզում պատերազմ: Մենք ուզում ենք ամեն կերպ պահպանել սերտ բարեկամական յարաբերութիւններ Վրաստանի հետ: Աւելի ևս, մենք ուզում ենք, որ բարեկամական յարաբերութիւնները վերածւին ամենամօտ ապագայում դաշնակցական կապերի: Բայց ուզում ենք, որ նոյն խաղաղասէր ու բարեցկամ ընթացքը բռնի և Վրաստանը, ուզում ենք, որ նա ճանաչի ու յարգի մեր իրաւունքները և ցոյց տայ այդ ոչ միայն յայտարարութիւններով, այլև գործով: Ներկայ դէպքում մենք պահանջում ենք, որ Վրաստանը չանցնի այն գիծը, ուր կանգնած է եղել թուրքերը… Մենք ևս մեր կողմից պարտաւորւում ենք կանգնել այդ գծի առաջ և չանցնել այն: Ապա պահանջում ենք, որ ամենակարճ ժամանակամիջոցում հրաւիրւի կոնֆերանս կամ ընտրւի արբիտրաժ հայ-վրացական սահմանների վէճը խաղաղութեամբ լուծելու համար: Պատրաստ ենք այսօրւանից մտնել վրացիների հետ բանակցութեան մէջ, այդ կոնֆերանսը կամ արբիտրաժը հրաւիրելու համար:

Մինիստր նախագահ՝ Քաջազնունի

Վրաց կառավարարութեան պատասխանը մինիստր նախագահ Քաջազնունուն

Ձեր հեռագրին պատասխանում եմ հետևեալը.

Սանահին օտրիադի նաչալնիկին հրամայել եմ, որ ձեր զինւած ուժերի Թիֆլիսի նահանգի մի մասը գրաւելուն որպէս պատասխան, պատերազմական գործողութիւններ չսկսել: Հայաստանի զինւած ուժերի յետագայ առաջխաղացման դէպքում, ես ձեռք կառնեմ համապատասխան միջոցներ:

Հոկտեմբերի 19-ին ձեզ ուղարկած յուշագրում, Վրաստանի կառավարութիւնը ինքն է առաջարկել խաղաղ ճանապարհով լուծել սահմանների հարցը: Սրանով անհրաժեշտ եմ համարում անմիջապէս անցնել ձեզ առաջարկած ու ձեր կողմից ընդունւած առաջարկութեան գործնական իրականացման:

Ի. Տ. տեղապահի նախագահի, զինւորական մինիստր՝ Գէորգաձէ:

Տաճիկների հեռանալու շուրջը

Հայաստանի կառավարութեան հեռագիրը Հայաստանի պատւիրակութեանը Պոլսում, արտաքին գործոց մինիստրութեան միջոցով.

Մինչև հիմա մեզ պաշտօնապէս չի հաղորդւած օսմանեան զօրքերի մինչև Բրեստում որոշւած սահմանները ետ տարւելու մասին. չգիտենք նաև, թէ ի՞նչ կարգով պիտի կատարւի այդ գործողութիւնը և երբ պիտի վերջանայ: Գաղթականութիւնը մեծ յուզմունքի մէջ է, կուտակւել է սահմանի վրայ, պահանջում է օր առաջ վերադառնալ տեղերը, որովհետև ցանքի ժամանակը անցնում է: Խնդրում եմ միջամտէք, որ գործողութիւնները կատաւեն արագ և որ մեզ պաշտօնապէս հաղորդւի, թէ ե՞րբ և ի՞նչ կարգով դատարկւելիք գաւառների փախստական հայ ազգաբնակութիւնը կարողանալու է վերադառնալ տեղերը:

Մինիստր նախագահ՝ Քաջազնունի 

ԶԱՆԳ, թիվ 66, հինգշաբթի, 31 հոկտեմբեր, 1918

http://tert.nla.am/archive/NLA%20TERT/Zang-1917/1918/1918(66).pdf